ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հակամարտությունն ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկին մեկ օրում 34 միլիարդ դոլար է արժեցել։ Այս մասին են վկայում Bloomberg Billionaire Index-ի թարմացված տվյալները։
Գործարարը շարունակում է զբաղեցնել առաջին տեղն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում, սակայն նրա կարողությունը նվազել է 33.9 միլիարդ դոլարով և հասել 334.5 միլիարդ դոլարի։ Նախորդ օրը այս թիվը կազմել է 368.4 միլիարդ դոլար։ Ընդհանուր առմամբ, 2025 թվականի սկզբից ձեռնարկատերը կորցրել է 97.9 միլիարդ դոլար։
Հունիսի 5-ին Մասկը և Թրամփը փոխանակվել են մի շարք կոշտ մեկնաբանություններով։ Գործարարը հայտարարել է, որ առանց իր աջակցության Թրամփը չէր հաղթի 2024 թվականի նոյեմբերին ԱՄՆ ընտրություններում, հավանություն է տվել Թրամփի իմպիչմենտի գաղափարին, քննադատել է նախագահի կողմից սահմանված ներմուծման մաքսատուրքերը և կանխատեսել է ամերիկյան տնտեսության անկում 2025 թվականի երկրորդ կեսին։ Թրամփն, իր հերթին, ասել է, որ Մասկը դադարել է արդյունավետորեն կատարել իր պարտականությունները, երբ վերահսկում էր Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը և խելագարվել է։ Պետության ղեկավարը սպառնացել է խզել Մասկի ընկերությունների հետ կնքված պետական պայմանագրերը և չեղարկել բոլոր սուբսիդիաները։