Իսպանացի հանրահայտ մարզիչ Խինես Մելենդեսը հունվարի 1-ից կստանձնի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը, հայտնում են ՀՖՖ-ից։ Նա համակարգելու է ինչպես Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների աշխատանքը, այնպես էլ մշակելու է մանկապատանեկան ֆուտբոլի, կանանց ֆուտբոլի և ֆուտզալի զարգացման ծրագրային քաղաքականությունը: Խինես Մելենդեսը ծնվել է 1950 թ. մարտի 22-ին: Մարզչական կարիերան սկսել է «Ալբասետե» ակումբում՝ հետագայում զբաղեցնելով տարբեր պաշտոններ ակումբի համակարգում: 2008 թվականից ՈՒԵՖԱ-ի, 2011 թվականից ՖԻՖԱ-ի տեխնիկական հրահանգիչ է: 2011-2018 թթ. զբաղեցրել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի և ազգային հավաքականների համակարգողի պաշտոնը: Խինես Մելենդեսն Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականներում մարզել է այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Չավի Էռնանդեսը, Անդրես Ինիեստան, Իկեր Կասիլյասը, Դավիդ Վիլյան, Սեսկ Ֆաբրեգասը, Խուան Մատան, Ժեռար Պիկեն, Իսկոն և այլոք: