www.debate.am լրատվական կայքը շարունակում է ներկայացնել «Բիզնես հայուհիներ» շարքը՝ չափազանց ինքնուրույն ու համարձակ, համակրելի ու հաջողակ կանանց մասին: Նրանք ներկայացնում են իրենց կյանքի ուղին և այն խնդիրները, որոնք հաղթահարել են, պատմում հաջողության իրենց պատմությունը, որ կերտում են ամեն օր:
Ո՞վ է Անժելան:
Անժելան մասնագիտությամբ կոմպոզիտոր է, ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիան՝ Արամ Սաթյանի դասարանը, դասավանդել է Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցում, բայց կարողացել է իր հոբբին՝ ձեռագործությունը, դարձնել փոքր բիզնես՝ «Դայան» (DAYAN):
Ի՞նչ է «Դայան»-ը:
«Դայան» բրենդն իրենից ներկայացնում է ձեռագործ իրերի ապրանքանիշ՝ հետաքրքիր ու չկրկնվող պայուսակներ, գոտիներ, լողազգեստներ, գլխարկներ և շատ այլ սիրուն իրեր և՛ կանանց, և՛ տղամարդկանց համար: Անժելայի խոսքով՝ իր աշխատանքը ոչ թե արհեստ է, այլ արվեստ:
Ե՞րբ և ինչպե՞ս ծնվեց «Դայան»-ը:
«Ամեն ինչ սկսվեց 2019 թվականի փետրվարից: Սա ավելի շատ հոբբի է՝ չնայած արտադրանքի իրացումն արդեն իսկ բիզնես է: Անհամեստություն չթվա ասածս, բայց ես շա՜տ գոհ եմ, զգում եմ, որ ամեն օր ավելի եմ կատարելագործվում: Նայում եմ իմ աշխատանքներին և օրեցօր զգում եմ տարբերությունը, թե՛ որակի, թե՛ աշխատանքի արագության, թե՛ նոր գաղափարների իրականացման առումներով»:
Երևակայություն և աշխատանք
«Ամեն ինչ մենակ եմ անում, երբեմն միայն մայրիկս է օգնում, աստառներն ինքն է կարում, ես չեմ սիրում այդ գործը, ես գործում եմ: Գործել ինձ ոչ ոք չի սովորեցրել, ինքնուրույն եմ սովորել, տարբեր վիդեոներ եմ նայել:
Խանդով եմ մոտենում իմ գործին և չեմ ուզում, որ ինձ օգնեն: Ինձ ասում են, գալու է մի պահ, որ ֆիզիկապես չես հասցնելու, բայց ես առայժմ «Դայան» բրենդով չեմ պատկերացնում ուրիշի ձեռքով պատրաստված իր»:
Մրցակցություն, խանդ
«Հիմա իմ ոճի նման էլի պայուսակներ պատրաստողներ կան, բայց կարծում եմ՝ «Դայանը» տարբերվում է. ինձ համար կարևոր է յուրաքանչյուր դետալ: Կաշին, փայտը համադրում եմ գործվածքի հետ:
Խանգարող չունեմ, մրցակիցներ էլ չունեմ, ամեն մեկն իր տեսակի մեջ է»:
Օնլայն վաճառք՝ օնլայն խանութ ունենալու երազանքով
«Ամենակարևորն ինձ համար այն է, որ իմ պայուսակները հաճույքով կրեն, որ քայլելիս ասեն՝ նայիր «Դայան» պայուսակ է: Հիմա սոցիալական ցանցերում եմ տարածում իմ արտադրանքը՝ իրականացնելով օնլայն վաճառք: Դրսից էլ պատվերներ ունեմ՝ իմ պայուսակները կրում են Գերմանիայում, Ֆրանսիայում, Ճապոնիայում և այլուր, պատրաստում և ուղարկում եմ: Երազանքս բուտիկ ունենալն է, բայց դրա համար ֆինանս է պետք»:
Պատրաստված է ձեռքով կամ վաճառվում է, չի սակարկվում
«Ես բիզնես մտածելակերպ այնքան էլ չունեմ: Չեմ սիրում, որ իմ պատրաստածի գինը սակարկում են: Ես բավական շատ նյութեր եմ ծախսում, պատրաստում եմ ձեռքով, յուրաքանչյուրը եզակի է իր տեսակի և ձևի մեջ: Բոլորը լավն են, մի քանի մոդել կա, որ չեմ սիրում»: (Ժպտում է ու ցույց տալիս, որ ինքն էլ է կրում «Դայան»):
Աննա Մկրտչյան
Նաիրի Մուրադյան