ՀՀ կենտրոնական բանկը հորդորել է առևտրային բանկերին սառեցնել այն բոլոր վարկային պարտավորությունները, որոնք առաջացել են զեղծարարների պատճառով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նա անդրադարձավ վերջին շրջանում առավել ակտիվացած խնդրին, ըստ որի` զեղծարարները խարդախությամբ կարողանում են կորզել քաղաքացիների անձնական տվյալները և նրանց անունով ձևակերպել առցանց վարկեր։
Հիշեցնենք, որ տուժած քաղաքացիները շուրջ մեկ տարի է` բողոքի ակցիաներ են անցկացնում բանկերի դիմաց` պահանջելով չեղարկել այդ վարկերը և ազատել իրենց տույժ-տուգանքներից։
«Մենք հորդորել ենք բանկերին` գտնել լուծման ճանապարհ ու այս պահի դրությամբ լուծման ճանապարհն այն է, որ սառեցվում են այն բոլոր վարկային պարտավորությունները, որոնք ձևավորվել են այդ տիպի քեյսերի համար: Հարցի շուրջ բանկերի հետ քննարկումները շարունակվում են: Այդ հարցը տրիվյալ հարց չէ, մենք հանձնառություն ենք վերցրել` նայելու ՀՀ-ում տեղի ունեցած բոլոր այս տիպի էպիզոդները, որը բավականին մեծ ռեսուրս է պահանջում մեզնից, քանի որ ամեն քեյս յուրահատուկ է, ու դրանք բոլորը հատ առ հատ նայելու ենք։ Այդ մասին մենք տեղեկացրել ենք բոլոր տուժած քաղաքացիներին»,- ասել է ԿԲ նախագահը։