Լոնդոնի ոստիկանության տվյալներով, հինգ տղամարդ է ձերբակալվել ահաբեկչական հանցագործություններ կատարելու կասկածանքով՝ «կոնկրետ օբյեկտի վրա հարձակվելու» ենթադրյալ դավադրության հետաքննության շրջանակներում, հայտնում է BBC News-ը։
Իրանի չորս քաղաքացի՝ երկուսը 29, մեկը՝ 40, մյուսը՝ 46 տարեկան, ձերբակալվել են շաբաթ օրը Անգլիայի տարբեր վայրերում՝ «նախապես պլանավորված հակաահաբեկչական գործողության» շրջանակներում, հայտնել է Լոնդոնի ոստիկանությունը։
Հաղորդագրության համաձայն, հինգերորդ տղամարդու ազգությունն ու տարիքը դեռ պարզվում է։ Գերատեսչությունում հայտնել են, որ ոստիկանության աշխատակիցներն աշխատում են «ցանկացած հնարավոր դրդապատճառ պարզելու և որոշելու համար, թե արդյոք հանրության համար կարող է հետագա վտանգ լինել»։
Ոստիկանությունից հավելել են, որ «թիրախավորված օբյեկտը» տեղյակ է պահվել, և ոստիկանությունն նրան աջակցություն է ցուցաբերում։ Ներկայումս գերատեսչությունը չի կարող լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել՝ օպերատիվ նկատառումներից ելնելով։
Հետաքննության շրջանակներում ոստիկանության աշխատակիցները խուզարկություններ են իրականացնում Մեծ Մանչեսթերի, Լոնդոնի և Սուինդոնի շրջանների մի շարք հասցեներում։ Հետաքննությունը ղեկավարում է Լոնդոնի ոստիկանության հակաահաբեկչական հրամանատարությունը՝ Մեծ Մանչեսթերի և Ուիլթշիրի ոստիկանության, ինչպես նաև ամբողջ երկրի հակաահաբեկչական պայքարի աշխատակիցների աջակցությամբ։
«Հետաքննությունը դեռ վաղ փուլում է, և մենք ուսումնասիրում ենք հետաքննության տարբեր ուղղություններ՝ ցանկացած հնարավոր դրդապատճառ պարզելու, ինչպես նաև որոշելու համար, թե արդյոք այս գործի հետ կապված հանրության համար կարող է հետագա վտանգ լինել», - ասել է Լոնդոնի ոստիկանության հակաահաբեկչական հրամանատարության ղեկավար, տեսուչ Դոմինիկ Մերֆին։