Երևան 09/05/2025 15:28
Մամուլով առաջնորդվեմ, սաղիդ պիտի լցնեմ ԱԱԾ-ի պադվալը. ձայներդ կտրեք, ներվերս էլ չուտեք. Փաշինյանը հունից դուրս եկավ | Արցախից բռնի տեղահանված Կարոլինա Ամբարձումյանը` Եվրոպայի չեմպիոն | Հակակոռուպցիոն կոմիտեն Գյումրիում բժիշկ է ձերբակալել | Բաքուն Երևանին կրակոցների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել․ վարչապետի աշխատակազմ. Factor.am | Այո, մասնակցելու եմ Մոսկվայում Մայիսի 9-ի միջոցառումներին. Ճիշտ չէր լինի նման առիթը բաց թողնել. Նիկոլ Փաշինյան | Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի տարանջատումն սկսվել է 2008-ից հետո. «Հայաստան» դաշինքի պատգամավոր | Կոլապս Մոսկվայի օդանավակայաններում․ ԱԹՍ-ների հարձակման պատճառով տասնյակ չվերթներ չեղարկվել կամ հետաձգվել են․ՏԵՍԱՆՅՈՒԹ | Երևանում ԱՄՆ դեսպանատունն անցնում է հարցազրույցի նշանակման և փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգի |

Իրավունք

«Կանանց դերը արդարադատությունում». Հայաստանում 236 դատավորներից 57-ը կանայք են
«Կանանց դերը արդարադատությունում». Հայաստանում 236 դատավորներից 57-ը կանայք են
11/12/2018 16:54

Դեկտեմբերի 11-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկեց համաժողով՝ նվիրված «Կանանց դերը արդարադատությունում» թեմային: 4-օրյա համաժողովը կազմակերպվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի հետ համատեղ: Մասնակցում են դատաիրավական համակարգի ներկայացուցիչներ` Հայաստանից և Միացյալ Նահանգներից: Բացման խոսքով հանդես եկան Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը: Սերգեյ Առաքելյանը ողջունեց ներկաներին Ակադեմիայի՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ իրականացված ծրագրի շրջանակում նորոգված ու կահավորված լսարանում՝ նշելով, որ առաջին միջոցառումն է անցկացվում այստեղ: «Կնոջ դերը ժամանակակից աշխարհում թերագնահատելը միամտություն է, բայց դեռևս որոշ կարծրատիպեր կան ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Կանայք ապացուցել են, որ ոչ պակաս, քան տղամարդիկ, այլ հաճախ նաև ավելի դրական արդյունքներ են արձանագրում»,-նշեց ռեկտորը՝ հիշեցնելով՝ հայ կանայք լուրջ դերակատարում են ունեցել և ունեն համաշխարհային պատմության զարգացման մեջ. առաջին կին դեսպանը հայուհի Դիանա Աբգարն (Աբգարյան) էր, առաջին կին օվկիանոսագետը՝ Անիտա Կոնտին (Կարագոշյան), Նոր Զելանդիայի գերագույն դատարանի առաջին կին նախագահը ևս հայուհի էր՝ Սիան (Սրբուհի) Էլիասը: ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն իր խոսքում ներկայացրեց, թե ինչպես են կանայք կարողացել հաղթահարել ոչ միայն մշակութային, այլև համակարգային մարտահրավերները առաջատար պաշտոնների հասնելու ճանապարհին. «Կանայք ներկայացված են ամբողջ աշխարհի դատական իշխանությունում, դատախազությունում, ոստիկանությունում՝ չնայած համաշխարհային վիճակագրությունն այդ առումով հուսադրող չէ: Հուսով եմ՝ համաժողովին կգտնեք լուծումներ խթանելու կանանց ավելի լայն ներկայությունը հայաստանյան արդարադատության ոլորտում»,-նշեց Ռաֆիկ Մանսուրը: Ներկայացնելով համաժողովի նպատակն ու բովանդակությունը՝ ԹՊԻՀ երևանյան գրասենյակի տնօրեն Մայքլ Շուլմանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին և ԱՄՆ-ից ժամանած փորձագետներին, որոնք արդարադատության ոլորտում լուրջ ձեռքբերումներ և դրական փորձ ունեցող կանայք են: ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանն իր հերթին խոսեց հայ հասարակությունում կնոջ դերի, պատասխանատու աշխատանք իրականացնելու, արդարադատության ոլորտում կանանց ներգրավվածության մասին: Համաժողովի ընթացքում նախատեսվում է ձևավորել աշխատանքային առանձին խմբեր՝ քննարկելու կանանց համար կրթության, արդարադատության ոլորտում աշխատելու հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր: