Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 14/10/2019 04:42
Հայաստանի առաջին կին անտառապետը | Ահա թե ինչ է փոխվել Հայաստանում. Նիկոլ Փաշինյանը հիացած է, լուսանկարներ է հրապարակել | Քիմ Քարդաշյանի քույրը պարում է Նիկոլ Փաշինյանի «Դուխով» երգի տակ, տեսանյութ | Հայկական արտադրության պաղպաղակները դուր է եկել փոքրիկ Քարդաշյաններին | ՄԱՐԻԱՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԼՈՒՔԸ | Ջոնսոնը կոչ է արել էրդողանին դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում | «Ալավերդցի Վահագի» գործով նիստին կրքերը բորբոքվեցին իրավապաշտպանը սպառնում էր սպանվածի կնոջը | Բալիի հյուրանոցներից մեկում դելֆիններին պահել են սարսափելի պայմաններում, նրանցից մեկը կուրացել է (տեսանյութ) |

Բիզնես հայուհիներ

«Ինձ ասում են՝ եթե քո պելեմենիներն ընտրությունների մասնակցեն, ռեյտինգայինով կհաղթեն». Տարվա լավագույն գործարար Լուսինե Բարաթյան
«Ինձ ասում են՝ եթե քո պելեմենիներն ընտրությունների մասնակցեն, ռեյտինգայինով կհաղթեն». Տարվա լավագույն գործարար Լուսինե Բարաթյան
10/05/2019 17:47

www.debate.am լրատվական կայքը ներկայացնում է նոր շարք «Բիզնես հայուհիներ»՝ չափազանց ինքնուրույն ու համարձակ, համակրելի ու հաջողակ կանանց մասին: Նրանք ներկայացնում են իրենց կյանքի ուղին ու այն խնդիրները, որոնք հաղթահարել են, պատմում հաջողության իրենց պատմությունը, որ կերտում են ամեն օր:


0-ից՝ հարկատու և «Տարվա լավագույն կին գործարար»
Յուրաքանչյուր սեզոնին համահունչ և կանացի նրբաճաշակ ձևավորմամբ է առանձնանում Վանաձորի կենտրոնական փողոցներից մեկում տեղակայված արտադրամասը՝ կից ֆիրմային խանութով, որտեղ ներկայացված է 40 տեսակի մսային և խմորային կիսաֆաբրիկատ: Լուսինե Բարաթյանին ու նրա «Լուսիա Ֆուդ»-ը Լոռու մարզում բոլորը գիտեն: Նրա ընկերությունը 2017-ի «Տարվա լավագույն արտադրող»-ն է, ինքը՝ ընկերության հիմնադիրը՝ 2019-ի «Տարվա լավագույն կին գործարար»-ը:

 

Ամեն ինչ սկսվեց իշլի քյուֆթայից
2002-ից կյանքի բերումով ստիպված էր մենակ մեծացնել երկու երեխաների, սկսեց տանը կիսաֆաբրիկատներ պատրաստել: Մտերիմ մի կին սովորեցրեց իշլի քյուֆթա պատրաստել, ինչը հիմա էլ ամենալավն է ստացվում: Աստիճանաբար հաճախորդները շատացան:

«… որ ծերանամ, էլ պետք չեմ լինի, քանի ուժ ունեմ, իմը ստեղծեմ»
Մեծ ռեստորանում չորս տարի տնօրեն եմ աշխատել, բայց մի օր մտածեցի, որ ծերանամ, էլ պետք չեմ լինի, քանի ուժ ունեմ, իմը ստեղծեմ:  Անբավարարվածության զգացում կար, ուզում էի իմը ունենալ իմ երեխաների ապագայի համար: Գործից դուրս եկա…

      Պատահաբար իմացա ամերիկյան մի կազմակերպության մասին, որը օգնում էր գործարար կանանց: Մասնակցեցի ֆուրշետ կազմակերպելու դասընթացների ու դրանից հետո ամեն ինչ ստացվեց: Նորաստեղծ բիզնեսում բարդությունները շատ էին. Լոռվա մարզում դժվար էր փոքրիկ պատառներ մատուցել ու ասել, որ սա ճիշտ է, բայց աստիճանաբար եկանք այդ կուլտուրային, որ դա սեղանից օգտվելու ավելի ճիշտ ձև է: Մոտ 3-4 տարի մրցակից չունեի, հետո բիզնեսը մարզում սկսեց զարգանալ: Հետո մեկ այլ դասընթացի մասնակցեցի «Կանանց կարողությունների հզորացման ծրագրի» շրջանակում և փոքր դրամաշնորհով՝ ընդամենը 1 մլն դրամով, երկու սարք ձեռք բերեցի: Ընտանեկան տարածքը վերանորոգեցինք, վարկ վերցրի ու սկսվեց կիսաֆաբրիկատների բիզնեսը»:

 

Մասնագիտությանը մոտ և հեռու
«Քիմիկոս եմ, փոքր ժամանակ երազում էի դեղատան տնօրեն դառնալու մասին: Ինձ միշտ դուր էր գալիս երկու բան իրար խառնելը ու մի երրորդ՝ նոր բան ստանալը: Ճիշտ է՝ քիմիկոս լինելով դեղատան տնօրեն չդարձա, բայց հիմա սնունդն եմ իրար խառնում ու նոր համեր ստանում, նոր ուտեստներ ստեղծում»:

 

Նոր բաղադրատոմսեր, նոր համեր
«Ինձ ասում են՝ եթե քո պելեմենիները ընտրությունների մասնակցեն, ռեյտինգայինով կհաղթեն: Անընդհատ նորություններ ենք մտածում, նոր բաղադրիչներ ավելացնում, որ չհոգնեցնենք ու դիմանանք մրցակցությանը՝ տեսականիով և որակով:
Այս տարի Պահքի շրջանում 10 տեսակ պելեմենի էինք առաջարկում՝ ոլոռով, սիսեռով, ոսպով, սպանախով, կարտոֆիլով, սնկով, գազարով, կաղամբով և այլն»:

 

Ցանկանալ աշխատել և սիրել աշխատանքը
«Ամենակարևորը աշխատելու ցանկությունն է, աշխատելու ցանկություն ունեցողը կգտնի աշխատանք, նրա համար միշտ էլ գործ կա: Երկրորդը՝ սիրված աշխատանքն է, հակառակ դեպքում էլի խուսափելու պատճառներ կգտնվեն: Եվ եթե ինքուրույն լինելու ձգտում էլ լինի, միանշանակ կստացվի: Ֆինանսապես կինը պետք է անկախ լինի՝ նաև ամուսնուց անկախ: Կինը պիտի աշխատի, աշխատելով ավելի լավ կհասկանա ամուսնուն»:

 

Կանանց ակտիվությունը՝ արտագաղթի հետևանք
«Ինձ թվում է՝ կանայք մարզերում առավել ակտիվ են, նախաձեռնող, քանի որ շատ ընտանիքներ են փլուզվել արտագաղթի հետևանքով, և կինը ստիպված մտածում է իր և իր երեխաների մասին, կյանքի բերումով է այդպես ստացվել»:

 

Աշխատանքային խնդիրներ, խոչընդոտներ, դժվարություններ
«Սեմինարներին հաճախ են ասում՝ Հայաստանում կան գենդերային խնդիրներ, կանայք ավելի քիչ են վարձատրվում և նման այլ բաներ: Ես ասում եմ՝ ո՛չ, չկան խնդիրներ, ընդամենը ցանկություն է պետք: Այսօր փոխվել են ժամանակները՝ աշխատող և ստեղծող կնոջն ավելի են գնահատում: Գուցե մայրաքաղաքի համեմատ մարզերում դեռ կան գենդերային խնդիրներ, բայց իմ շրջապատում բոլորը ձգտում են սեփական բիզնես ունենալ: Հարկային դաշտում կանայք առավելություն չունեն, իսկ օրենսդրությունը ճիշտ է թեև շատ նպաստավոր չէ, բայց շատ խանգարող էլ չէ: Ամենամեծ խնդիրն այն է, որ խոշորները չեն աշխատում փոքր բիզնեսի հետ, որովհետև իրենց մոտ հարկատեսակի խնդիր է առաջանում, ստիպված կլինեն 20 տոկոս հարկ մուծել մեր փոխարեն, բնականաբար չեն ցանկանում: Մեզ առաջարկում են ԱԱՀ-ով հարկվել, բայց մեր ապրանքն ամբողջը գյուղմթերք է, այդ դեպքում մեր ապրանքը կթանկանա, գնորդը կպակասի, հատկապես Լոռվա մարզում սոցիալական լուրջ խնդիր կա: Այդ խնդիրն էլ է մեզ խանգարում ընդլայնման համար: Այս հարցով դիմել եմ նաև ՀՀ վարչապետին: Պետական մակարդակով լուծելու հարց է, այդ հարցի պատճառով շատ են տուժում փոքր ՓՄՁ-ները»:

 

Բիզնեսը նաև Երևան է գալու
«Ուզում եմ ունենալ շրջիկ խանութ՝ անիվների վրա, որ տարբեր թաղամասերով շրջի, և մարդիկ սովորեն, որ այս օրը՝ այս ժամին մեքենան գալու է, դրա պահանջարկը կա: Լինում են օրեր, երբ պահանջարկը շատ է լինում, լինում են օրեր, չենք հասցնում, բայց աշխատում ենք ինչքան ուժ ունենք, բայց ընդլյանվելու խնդիր ունենք և՛ տեխնիկայի առումով, և՛ աշխատուժի: Այժմ ընտանեկան բիզնես է՝ որդիս, դուստրս, եղբայրս, քույրս աշխատում են ինձ հետ, ևս երեք աշխատող ունեմ: Դժվարությունները չափից ավելի շատ են, բայց չպետք է հուսահատվել:
Մեծ ցանկություն ունեմ Երևանում ունենալ «Լոռվա բարիքներ» անունով խանութ: Մարզում շատ բարիքներ ունենք՝ թարմ ու անարատ սունկ, խոտաբույսեր, հատապտուղ…»:

 

Վարկեր, վարկեր
«Ամեն ինչ վարկերով եմ անում, աջակցության կարիք ունեմ: Դժվար է վարկեր փակելը, բայց գիտեմ՝ պարտավորություն ունեմ, ավելի ձիգ եմ ինձ պահում, որ կարողանամ դրա տակից դուրս գալ: Հաստատ գիտեմ, որ հաջողելու եմ: Մտածում եմ՝ Հայաստանում ճանաչված դառնամ, հետո նաև կարտահանենք»:

 

Նվիրական երազանքը
«Որդուս երազանքն իրականացնելու երազանք ունեմ՝ բարեգործական ճաշարան եմ բացելու Վանաձորում: Որդիս 20 տարեկան է, առողջական լուրջ խնդիրներ ունի, բայց միշտ մտածում է բարեգործ դառնալու մասին, սիրում է բարի գործեր անել շրջապատի համար»:   
Լուսինեն՝ որդու և դստեր հետ


«Մի քիչ էլ գլուխ գովեմ»
«Իմ շրջապատում հպարտանում են, որ վանաձորցին ամբողջ Հայաստանում ճանաչելի է, մրցանակներ ունի: Ինձ ճանաչում են, բոլոր պատասխանատու պատվերները 2005-ից սկսած ինձ են վստահում՝ և՛ կառավարական մակարդակում, և՛ միջազգային կառույցների միջոցառումների համար ինձ են դիմում»:


Մրցակիցներ կան ու չկան
«Թեև մրցակից արտադրող ունենք, բայց չեմ համարում լուրջ մրցակից, որովհետև նրանք ցածր գին են առաջարկում, բայց ինքն իր գնորդն ունի, ես՝ իմը: Այս պահին հաշվում եմ լուրջ մրցակից չունեմ, որակով առավելություն ունենք, մեր ձեռքի աշխատանքը շատ է, մեծ ֆիրմաները ձեռքով կաղամբով տոլմա չեն պատրաստում, մեզ նման կուպատի՝ վրացական բաղադրատոմսով, չունեն»:
Ելույթ բիզնես-ֆորումում

 

«Ես ժամանակ չունեմ ծերանալու»
«Տարբեր միջոցառումների եմ մասնակցում, իմ փորձը ներկայացնում երիտասարդներին: Այս պահին Երևանում՝ Բաղրամյան պողոտայում իմ նկարներն են փակցված՝ որպես հաջողակ կին գործարար:
Կյանքը ինձ շատ դժվարություններ է տվել, ես ուրախ եմ, որ ուժեղ գտնվեցի: Իմ ինքնուրույնությունը ոչ միայն ինձ օգնեց, այլև աշխատատեղ ստեղծեց ուրիշների համար: Չեմ սիրում չաշխատող, ծույլ մարդկանց: Որ ասում են՝ աշխատանքը գեղեցկացնում է մարդուն, ես հարյուրապատիկ համաձայն եմ: Իմ համադասարանցիներն ինձ ասում են՝ ինչի չես ծերանում, ասում եմ՝ ես ծերանալու ժամանակ չունեմ»:

 

Աննա Մկրտչյան

Նաիրի Մուրադյան