Պարոն Մխիթարյան, դուք մի հայտարարություն եք արել, որի մասին մենք խոսել ենք առանձին, բայց ես ուզում եմ այս տարանջատումներն էլ որոշակիորեն հստակեցնել: Այս մասին, այսօր՝ մայիսի 5-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ դիմելով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանին, հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպին:
«Այս սենյակում նստած բոլոր մարդիկ գործադիր մարմնի անդամներ են, Երևանի քաղաքապետարանը կուսակցական կառույց չի, Երևանի քաղաքապետարանը, այո, քաղաքական պաշտոններում ունի կուսակցականներ, որոնք որ ելնում են իրենց կուսակցության քաղաքական գաղափարախոսությունից, բայց այնուամենայնիվ հարգելիներս ուզում եմ կրկին անգամ բոլորիդ հիշեցնել նամանավանդ ձախ կողմում նստած բոլոր իմ հարգելի գործընկերներին, դուք բոլորդ Երևանի քաղաքապետի ներկայացուցիչներն եք ձեր վարչական շրջաններում, իմ ներկայացուցիչներն եք ձեր վարչական շրջաններում:
Եվ համապատասխանաբար ես պետք է ձեզանից խնդրեմ և պահանջեմ ձեր հայտարարություններում առաջին հերթին ելնեք դրանից, որովհետև մենք կուսակցական կարող ենք լինել շատ երկար ժամանակ, բայց ձեր պաշտոնները այս պահի դրությամբ, այո, կուսակցական հենքը հաշվի առնելով, գաղափարական հենքը հաշվի առնելով, ձեր այսօրվա պաշտոնը ծառայություն է Երևան քաղաքին և երևանցիներին, ձեր վարչական շրջանում։
Առաջին հերթին ձեր ծառայությունը պետք է լինի ձեր համար գերակա։ Եվ հետևապես ասում եմ, ձեր հայտարարություններում մաքսիմալ զգուշություն ձեզանից պահանջեմ և խնդրում եմ, պարոն Մխիթարյան ջան, մենք խոսել ենք սրա մասին, ձեր հայտարարությունը սխալ հայտարարություն էր:
Որովհետև Երևանի քաղաքապետը ամենայն հարգանքով, հարգելիներս, չի կարող զուտ միայն կուսակցական տրամաբանությունից ելնի կամ գործընկերային, կամ մեկին սիրում է, կամ մեկին չի սիրում։ Տարբեր պատճառներով որևէ մեկը կարող է դուրս գալ աշխատանքից և մեկ այլ մեկը ընդունվել աշխատանքի։ Ես հուսով եմ մենք իրար հասկացանք»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպիդ հետո իր հարցազրույցում Ռոմիկ Մխիթարյանը հայտարարել էր, որ եթե քաղաքապետը այդ դեպքից հետո աշխատանքից ազատի Նոր Նորքի թաղապետին, ապա «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները վայր կդնեն իրենց բոլոր լիազորությունները:
Հիշեցնենք, որ օրեր առաջ առավոտյան թաղապետարանի շենքում ծեծկռտուք է տեղի ունեցել: Թաղապետարանի աշխատակիցները՝ թաղապետի մասնակցությամբ ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին: Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել միայն Չախոյանին: Ոստիկանությունից հայտնել են, որ նա հրավիրվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ հաղորդում ներկայացնելու:
Երևանի քաղաքապետարանից, անդրադառնալով տեղի ունեցածին, նշել են, որ բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է, ընդ որում բռնությունը միայն ֆիզիկականը չէ:
Միջադեպից հետո Արթուր Չախոյանի աչքի տակ կապտուկ կար և արյան զեղման նշաններ:
Հիշեցնենք, որ նախօրեին Արթուր Չախոյանն ու Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը հայհոյախառն և անվայելուչ արտահայտություններով ակցիա էին իրականացրել թաղապետարանում: Նրանք հայտարարել էին, որ սա պատասխանն է նրա, որ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հեռախոսով հայհոյել է իրենց:
Ավելի ուշ Տիգրան Տեր-Մարգարյանը, ով «Հանրապետություն» կուսակցության անդամ է, նշել էր, որ լավ է արել, որ հայհոյել է:
Միջադեպի առթիվ երկու քրեական գործ է հարուցվել՝ մեկը խուլիգանության հոդվածքով՝ Չախոյանի եւ Մանուկյանի նկատմամբ, մյուսը՝ «ֆիզիկական ներգործության» հոդվածով՝ տեղի ունեցած ծեծի մասով, այդ թվում մեղադրանք է առաջադրվել նաև թաղապետի նկատմամբ: