Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 02/10/2022 15:58
Հայտնվել է հայ ռազմագերինին մահապատժի ենթարկելու նոր տեսանյութ. Տոյվո Կլաար | Մարտական դիրքում հայտնաբերվել է 19-ամյա շարքային Հրաչյա Քարամյանի դին. ՊՆ | Կրեմլում նշում են 4 նոր շրջանների միացումը Ռուսաստանին | ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի, Բելառուսի եւ Հայաստանի ընկերությունների դեմ՝ Ռուսաստանին աջակցելու համար | Կաթողիկոսը և Լևոն Տեր-Պետրոսյանը 40 տարվա գործընկերներ են. նրանց հանդիպումները զարմանք չպետք է հարուցեն. Մուսինյան | Քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների օգտագործման հնարավորությունը՝ նպաստելու Ղարաբաղում հակամարտության կարգավորման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը. Լավրով | Google Map-ում և Google Earth-ում Սյունիքի մի շարք համայնքներ նշված են ադրբեջանական տեղանուններով. «Թաթոյան» հիմնադրամ | Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն հոկտեմբերի 2-ին, Ժնեւում. ԱԳՆ |

Հայաստան

Վայքի ՔՊ-ական համայնքապետը 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջ ընկերության հետ․ Hetq.am
Վայքի ՔՊ-ական համայնքապետը 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջ ընկերության հետ․ Hetq.am
11/08/2022 17:18

Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանն ընդհանուր 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջը պատկանող ընկերության հետ, ընդ որում՝ մինչև 2022 թվականը այդ ընկերությունը ղեկավարել է հենց ինքը՝ Մխիթար Մաթևոսյանը, սակայն համայնքի ղեկավար ընտրվելուց հետո ընկերության իր բաժնեմասն ու կառավարումը հանձնել է կնոջը՝ Մերի Մարգարյանին։ Այս մասին գրում է Hetq.am-ը։ Պետական գնումների armeps.am համակարգի տվյալներով՝ 2022 թվականի ընթացքում Վայքի համայնքապետարանը՝ ի դեմս Մխիթար Մաթևոսյանի, 4 պայմանագիր է կնքել «Մավշին» ՍՊԸ-ի հետ։ Հունիսի 1-ի պայմանագրով՝ ընկերությունը 6,5 միլիոն դրամի դիմաց Վայք քաղաքի բազմաբնակարան շենքերի տարածքներում փոսալցումներ է կատարել։ Հունիսի 2-ի պայմանագրով «Մավշին» ՍՊԸ-ն 57 միլիոն դրամի դիմաց կատարել է Վայք քաղաքի Մայիսյան և Շինարարների փողոցի հիմնանորոգման աշխատանքները։ Հունիսի 6-ին կնքված պայմանագրով ընկերությունը ստացել է 67 միլիոն դրամ և պարտավորվել Զառիթափ գյուղում ոռոգման ցանց կառուցել։ Իսկ ամենախոշոր պայամանագիրը Վայքի համայնքապետարանի և «Մավշին» ՍՊԸ-ի միջև կնքվել է մեկ շաբաթ առաջ՝ օգոստոսի 4-ին։ Համայնքապետի կնոջ ընկերությունը համայնքային բյուջեից մոտ 405 միլիոն դրամ կստանա Վայք քաղաքի Շահումյան փողոցն ասֆալտապատելու համար։ Իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով՝ «Մավշին» ՍՊԸ-ն 2013 թվականի հունվարի 16-ին հիմնադրել է Մխիթար Մաթևոսյանը` հայրենի Զառիթափ գյուղում։ Մինչև 2022 թվականի փետրվարի 16-ը ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանել է Մաթևոսյանին, սակայն դրանից հետո թե՛ իր բաժնեմասը, թե՛ տնօրենի պաշտոնը փոխանցել է կնոջը՝ Մերի Մարգարյանին։

 

2021 թվականի հոկտեմբերի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մխիթար Մաթևոսյանը նշանակվել է Վայք համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ 2021թ․ դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին Վայքում գլխավորել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը, և արդյունքում՝ ընտրվել համայնքի ղեկավար։

Armeps.am համակարգի տվյալներով՝ մինչև Վայք համայնքի ղեկավար դառնալն էլ Մխիթար Մաթևոսյանի «Մավշին» ՍՊԸ-ն մասնակցել է պետական գնումների գործընթացին և պետական տարբեր մարմինների հետ կնքել 15 պայմանագիր, հիմնականում՝ Վայոց ձորի մարզպետարանի, Վայքի, Ջերմուկի, Եղեգնաձորի համայնքապետերանների հետ։ Նշված 15 պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է 345 միլիոն դրամ։

Մխիթար Մաթևոսյանը մեղադրվել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար

Մխիթար Մաթևոսյանն ու «Մավշին» ՍՊԸ-ն անմասն չեն մնացել նաև քրեական գործից։ Քննչական կոմիտեի 2019թ․ օգոստոսի 27-ի հաղորդագրությունում ասվում է, որ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել «Մավշին» ՍՊԸ-ի տնօրենին, որն այդ ժամանակ եղել է հենց Մաթևոսյանը։

Մասնավորապես, ըստ Քննչական կոմիտեի՝ Վայքի համայնքային մարզադաշտի շենքի վերանորոգման և համայնքային նշանակության այգու բարեկարգման աշխատանքներ կատարելու համար քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթում «Մավշին» ՍՊ ընկերությունը ճանաչվել է հաղթող: Նշված աշխատանքների կատարման համար, ՀՀ Կառավարության որոշմամբ, Վայոց Ձորի մարզպետարանին հատկացվել է  120 միլիոն դրամ սուբվենցիա:

Պարզվել է, որ 2016թ. մարտի 21-ից սեպտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում,  պետությունից խաբեությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու դիտավորությամբ, Մխիթար Մաթևոսյանը շինարարական աշխատանքների կատարման ընթացքում ծավալաթերթ-նախահաշվով նախատեսված աշխատանքներ մասնակի կատարելու և չիրականացված աշխատանքները կատարողական թերթերում ներառելով, պետության միջոցներից ավել է ստացել ընդհանուր 4 մլն 55 հազար դրամ գումարը` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

2021թ․ հոկտեմբերին Քննչական կոմիտեից «Փաստերի ստուգման հարթակի» գրավոր հարցին ի պատասխան՝ տեղեկացրել են, որ 2021-ի հուլիսին քրեական գործի վարույթը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ պետբյուջե վերականգնում չի եղել, քանի որ առերևույթ պատճառված վնասը նախաքննությամբ չի հիմնավորվել։