Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 04/07/2022 00:23
Սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | Արցախի դեմ պատերազմից մեկուկես տարի անց Ադրբեջանում ինքնասպան է եղել պատերազմի 33 մասնակից: | «Հրապարակ». Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել, որ Թագուհի Թովմասյանը միանա ընդդիմադիրներին, սակայն նա մերժել է | «Հրապարակ». Սկանդալային ձայնագրությունն արվել է «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում | «Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երեւանի կենտրոնից լուսանկար է հրապարակել | Երևանի հաջորդ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ այս պահին որոշում չեմ կայացրել. Հայկ Մարության | Վիեննայում մեկնարկեց Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը: | Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից |

Հայաստան

Ինչու է Էրեբունիում, Մալաթիա-Սեբաստիայում խմելու ջուրը դարձել տաք ու անհամ
Ինչու է Էրեբունիում, Մալաթիա-Սեբաստիայում խմելու ջուրը դարձել տաք ու անհամ
23/06/2022 17:08

Երևանի մի քանի վարչական շրջանների բնակիչները բողոքում են՝ ծորակից եկող ջուրը տաքացել է, համը՝ վատացել։ Ջրի համի փոփոխությամբ են շատերը պայմանավորում երեխայի կամ էլ ընտանիքի մեկ այլ անդամի փորլուծությունը, փսխումը։ «Խմելու ջուրն Էրեբունիում չխմելու է դարձել. ես եռացնում եմ կամ սառույց սարքում ու հետո օգտագործում, ճար չկա»,-ասում է քաղաքացիներից մեկը։ «Մեր տանն էլ են այդ ջուրը խմում, մի քանի օր առաջ, որ լրիվ անցան խորքային ջրի, երեխեքի մոտ աղիքային խնդիրներ եղան։ Հիմա ջուրը սառցախցիկում սառեցնում ենք, հալեցնելուց հետո խմում, նույն եռացման էֆեկտն է, այլ ելք չկա դեռ»,-խնդրի լուծման սեփական տարբերակը ներկայացնում է մեկ այլ էրեբունիաբնակ։



«Մենակ Էրեբունին չի, Մալաթիա-Սեբաստիայի ջրերն էլ զգալին փոխվել են դեպի վատը»,-հայտնում է Երևանի մյուս ծայրամասում ապրող քաղաքացին։

Panorama.am-ը գնացել է երևանցիների բողոքների  հետքերով՝ պարզելու, թե ինչո՞ւ է փոխվել ջրի համը, ի՞նչ հնարավոր հետևանքերի կարող է հանգեցնել փոփոխությունը։

«Վեոլա ջուր» ընկերությունում ընդունում են՝ Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա  վարչական շրջանների, Շենգավիթի Արին Բերդ փողոցի, ինչպես նաև Արարատի մարզի Մասիսի շրջանի մի քանի գյուղերի բնակիչները, որոնք սովոր են  Արզականի, Գառնու ջրամբարների փափուկ ու սառը ջրին, բողոքելու իրավունք ունեն։

Ընկերության հանրային կապերի պատասխանատու Մուրադ Սարգսյանն ասում է՝ ամռան ամիսներին, երբ վայրկյանում ջրի սպառումն ավելանում է ավելի քան  5 հզ լիտրով, ստիպված են ընտրություն կատարել. կամ պետք է բնակիչները մնային առանց խմելու ջրի, լինեին ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ, կամ էլ ստիպված են այդ երկու ջրամբարների ջրին խառնել Արարատի մարզի խորքային արտեզյան հորերի ջուրը։

«Մենք դիլեմայի առջև ենք կանգնած։ Արտեզյան ջուրը խառնում ենք Գառնիի, Արզականի ջրին։ Արտեզյան ջուրը համապատասխանում է ներկայացվող պահանջներին, չափանիշներին, սակայն իր որակով, բաղադրությամբ զիջում է լեռներից եկող ջրին»,-նշում է ընկերության ներկայացուցիչը։

Նրա խոսքով, որ այս որոշումն այնքան էլ իրենց սրտով չի, նախ ուզում են, որ բողոքներ չլինեն, ապա հզոր պոմպերն աշխատելու հետևանքով մեծանում է էլեկտրաէներգիայի ծախսը։



«Այնպես որ, առաջինը մենք ենք շահագրգիռ, որ խորքային արտեզյան հորերի ջուրը քաղաքացիներին չտանք։ Բայց շոգերն ընկելուն պես մենք ստիպված ենք նման քայլի գնալ։ Ամռանը սպառած ջրի 25 տոկոսը ծախսվում է  ոռոգման նպատակով, մարդիկ բակերում ծառ, ծաղիկ են ջրում։ Ահա այստեղից է գալիս խնդիրը։ Եվս 25 տոկոս ջուր հայթայթել մենք կարողանում ենք միայն, ցավոք, Արարատյան  խորքային հորերն աշխատեցնելով»,-նշեց նա՝ հիշեցնելով, որ 2000 թ. Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի, Շենգավիթ վարչական շրջաններում ջրի 90 տոկոսը ստացվում էր այդ հորերից։

Մուրադ  Սարգսյանի խոսքով, եթե այսօր անձրև գա, ընկերության ոչ մի պոմպ չի աշխատի,  բնակիչներն էլ կստանան Գառնիի, Արզականի մաքուր ջուր։

«Մեր կարգավարական կետում առաջին մոնիտորը ցույց է տալիս եղանակի մասին կանխատեսումները։ Եթե այդ օրն անձրև է գալիս, մենք ջրի պրոբլեմ չունենք, քանի որ մարդիկ չեն ոռոգում։ Դրա համար օր կա մեզ մոտ մեկ պոմպ է աշխատում, օր կա՝ երկու պոմպ, օր էլ կա, ընդհանրապես անջատում ենք։ Մենք խառնում ենք այդ ջուրը, որպեսզի ճնշում ապահովենք»,-մանրամասնեց ընկերության ներկայացուցիչը։

Արտեզյան հորից դուրս գալու պահին ջուրն ունի 13 աստիճան տաքություն, տեղափոխման ընթացքում ևս մի քանի աստիճանով տաքանում է, խողովակներում էլի տաքանում է։ Սարգսյանի խոսքով, նաև դրանով է պայմանավորված վատ համը։



«Ամեն ջրի մեջ էլ կա մագնիում, մագնեզիում, կալցիում և այլն։ Տաքի պարագայում հատկապես քիմքը դրանք ընկալում  է։ Ջրի կոշտությունը  ցույց է տալիս, թե  1 դմ խմ ջրում քանի մգ նյութեր են տարրալուծված։ Իսկ լեռներից եկող ջրում, որը կոչվում է թավշյա, այդ տարրերը քիչ են, ջուրը սառն է՝ 8-9 աստիճան, բացի այդ էլ դրանում միկրոէլեմենտներ չկան։ Գառնիի, Կաթնաղբյուրի ջրից հետո, իհարկե, մարդիկ բողոքելու են։ Մենք ամենօրյա մոնիտորինգ ենք անում, ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկա»,-ասաց նա։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, երեկ են ստացել Էրեբունիի տարբեր հասցեներից նմուշառված ջրի վերջին լաբորատոր քիմիական փորձաքննության արդյունքները։ Դրանց համաձայն, որևէ շեղում սահմանված նորմերից չկա։

Մանրէաբանական հետազոտության արդյունքները կլինեն մի քանի օրից։ Կենտրոնը  պարբերաբար երևանցիներին մատակարարվող ջուրը փորձաքննության է ենթարկում։

«Բնակիչների մեծ մասի բողոքներն այս պահին վերաբերում են համին, ժողովրդի լեզվով ասած, ջուրը չի կշտացնում։ Սա  գալիս է կոշտությունից, ինչն էլ պայմանավորված է կալի- և մագնի աղերի առկայությամբ։ ԱՀԿ տվյալների համաձայն, դրանք օրգանիզմի վրա ազդեցություն չեն ունենում, ինչպես ներմուծվում են օրգանիզմ, այնպես էլ դուրս են գալիս։ Բայց քիմքի համար այն համային խնդիր է առաջացնում, սակայն վտանգավոր չեն առողջության տեսանկյունից»,-ասաց նա։

ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ-համաճարակաբան Ներսես Գրիգորյանը Panorama.am-ին հայտնեց՝ ջրի հետևանքով բռնկումներ չկան։

2022-ի ընթացքում այսօրվա՝ հունիսի 23-ի դրությամբ արձանագրվել է աղիքային սուր վարակիչ հիվանդությունների յոթ բռնկում, որից երեքը եղել են ջրային ծագման, չորսը՝ սննդային։ Երևանում գրանցվել է երկու բռնկում, երկուսն էլ սննդային ծագման։

«Ջրով պայմանավորված բռնկումներ ունեցել ենք Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքում այս տարվա հունվարին, տուժել է 18 մարդ, Արագածոտնի մարզի Փարպի գյուղում՝ ապրիլին 10 հիվանդ, Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքում մայիսին տուժել է 23 մարդ»,-վիճակագրությունը ներկայացրեց Գրիգորյանը։

Փորլուծությունը, փսխումը ջրի հետ կապով քաղաքացիներին բժիշկ-համաճարակաբանը հիշեցնում է, եթե պատճառը ջուրը լիներ, ապա թունավորման առանձին դեպքեր չէին լինի, դրանից կտուժեին կամ ամբողջ շենքի, բակի, թաղամասի բնակիչները։

«Առանձին դեպքերը ջրի հետ կապելը մի քիչ ավելի դժվար է»,-ասաց Գրիգորյանը։

Ջրով պայմանավորված աղիքային սուր վարակիչ հիվանդություններից խուսափելու համար բժիշկը խորհուրդ է տալիս ջուր խմելուց առաջ ծորակը մի քիչ բաց թողնել, որ հոսի, մաքրվի, Էքսկուրսիաների ժամանակ պետք է խուսափել բնական աղբյուրներից ջուր խմել, քանի որ դրանց կեղտոտվելու հավանականությունը մեծ է, պետք է խուսափել անծանոթ, անկազմակերպ վայրերում  կուտակված ջրում, ջրականգերում լողալուց։

«Երբ զգում են ջրի համի, հոտի, գույնի փոփոխություն, ջրում տեսնում են ինչ-որ մնացորդներ, պետք է խուսափեն այդ ջուրը խմելուց, դրանով խորհուրդ չենք տալիս  նույնիսկ ափսեներ, բանջարեղեն լվալ, լվացվել, քանի որ հնարավոր է՝ վթար է եղել ինչ-որ տեղ։ Նման կանխարգելման միջոցներով կարելի է խուսափել մեծ բռնկումներից»,-հորդորեց բժիշկը։

«Վեոլա ջուր» ընկերությունից հայտնում են՝ Գառնիի, Արզականի ջրին արտեզյան ջրեր ստիպված են խառնել մինչև սեպտեմբերի կեսերը։


Լուսանկարները (հեղ. Լիլիան Գալստյան) արվել են այսօր՝ հունիսի 23-ին, Էրեբունի վարչական շրջանում։

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան