Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 04/07/2022 01:38
Սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | Արցախի դեմ պատերազմից մեկուկես տարի անց Ադրբեջանում ինքնասպան է եղել պատերազմի 33 մասնակից: | «Հրապարակ». Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել, որ Թագուհի Թովմասյանը միանա ընդդիմադիրներին, սակայն նա մերժել է | «Հրապարակ». Սկանդալային ձայնագրությունն արվել է «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում | «Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երեւանի կենտրոնից լուսանկար է հրապարակել | Երևանի հաջորդ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ այս պահին որոշում չեմ կայացրել. Հայկ Մարության | Վիեննայում մեկնարկեց Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը: | Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից |

Աշխարհ

Ադրբեջանը հայկական մշակութային ժառանգության հանդեպ իրականացնում է համակարգային վանդալիզմ. Գիտաժողով՝ Վիեննայում
Ադրբեջանը հայկական մշակութային ժառանգության հանդեպ իրականացնում է համակարգային վանդալիզմ. Գիտաժողով՝ Վիեննայում
16/05/2022 11:54

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հարցերով գրասենյակի Ավստրիայի կոմիտեն Վիեննայի պատմական արվեստների թանգարանում մայիսի 13-14-ին նախաձեռնել է «Մշակույթը հակամարտության մեջ․ Հարավային Կովկասն այսօր» խորագրով միջազգային գիտաժողով-քննարկումը, որի առանցքում Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանը և պահպանման հիմնախնդիրներին առնչվող հարցերն էին։ Գիտաժողովը բացվել է Մայր Աթոռի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հարցերով գրասենյակի Ավստրիայի կոմիտեի ղեկավար դոկտոր Յասմին Դում-Թրագուտի խոսքով։  Նորին Սրբության օրհնության և ողջույնի խոսքը ընթերցել է Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական Պատվիրակ  Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը։

 

Մասնակիցներին իր ողջույնի խոսքը հղել է նաև Ավտրիաայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան տիար Արմեն Պապիկյանը։

Այնուհետև զեկույցներով հանդես  են եկել ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Արցախի թեմի առաջնորդ  Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Մայր Աթոռի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։

Միջազգային և հայ բանախոսներն ընդգծել են, որ 44-օրյա պատերազմի ընթացքում և նոյեմբերի 9-ից ի վեր Արցախի գրավյալ շրջաններում Ադրբեջանի կողմից հայ քրիստոնեական մշակույթի ոչնչացման և աղճատման բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, որոնք վկայում են հայկական հոգևոր ժառանգության հետքի վերացման ադրբեջանական պետական քաղաքականության մասին։ Ադրբեջանական պետության այս հանցավոր քաղաքականության վկայությունները ներկայացվել են փաստագրական նյութերի տեսքով՝ արբանյակային լուսանկարներ, տեսագրություններ և այլն։ Այս ամենն անհերքելի հիմք է տալիս պնդելու, որ հայկական մշակութային ժառանգության հանդեպ իրականացվում է համակարգային վանդալիզմ և միջազգայնորեն պահանջելու այս հանցագործությունների դատապարտումն ու կանխարգելումը՝ ի պաշտպանություն Արցախում համաշխարհային մշակույթի քրիստոնեական ժառանգության։

Բանախոսները ներկայացրել են միջազգային իրավունքի գործիքակազմերի գործարկման միջոցով մշակութային ժառանգության պաշտպանության տարբեր նախաձեռնություններ, որոնք կարող են օրինակելի լինել Արցախի պարագայում։ Մանրամասն անդրադարձ է կատարվել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ 2021թ․ դեկտեմբերին կայացրած վճռին, համաձայն որի, Ադրբեջանը պարտավորվում է հրաժարվել Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման իր քաղաքականությունից։

Բանախոսները ներկայացրել են նաև հոգևոր ժառանգության պահպանմանն ու խնդիրների վեր հանմանն ուղղված միջազգային և հայկական նախաձեռնություններ։ «Միջազգային Կապույտ վահանի» հիմնադիր նախագահ Կառլ Հաբսբուրգը, որպես միջոցառման համակազմակերպիչ,  անթաքույց քննադատական գնահատական է տվել ադրբեջանական գործողություններին՝ կարևորելով հայ մշակութային գործիչների, ինչպես նաև բանակի ներկայացուցիչների շրջանում մշակութային ժառանգության պահպանման հմտությունների և միջազգային փորձի փոխանցումն ու կիրառումը։ Վերջինս արձանագրել է, որ ընթացքի մեջ է Հայաստանում «Կապույտ վահանի» ազգային կոմիտեի կազմավորումն ու պաշտոնական գրանցումը, ինչը հնարավորություն կընձեռի միջազգային կառույցին ռազմական գործողությունների և աղետների պայմաններում վտանգված մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված գործունեություն ծավալել տարածաշրջանում։

Բանախոսների թվում էին նաև Հայաստանից ժամանած չորս մասնակից՝ «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի» փոխտնօրեն, ճարտարագետ Րաֆֆի Քորթոշյանը, «Մշակութային ժառանգության զարգացման հիմնադրամի» գործադիր տնօրեն Անի Ավագյանը, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջազգային կապերի ավագ մասնագետ Սոնա Բալոյանը և  վավերագրող ռեժիսոր Սեդա Գրիգորյանը, ով հանդես եկավ «Մշակութային հակամարտություն» վավերագրական ֆիլմի ներկայացմամբ:

Գիտաժողովի շրջանակներում կազմակերպվել է նաև Վիեննայի Մխիթարյան Միաբանության գրադարանում պահվող՝ Արցախում տարբեր ժամանակներում ստեղծված ձեռագիր ու տպագիր մատյանների և ուշագրավ այլ նյութերի ցուցահանդես։