Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 04/07/2022 00:49
Սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | Արցախի դեմ պատերազմից մեկուկես տարի անց Ադրբեջանում ինքնասպան է եղել պատերազմի 33 մասնակից: | «Հրապարակ». Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել, որ Թագուհի Թովմասյանը միանա ընդդիմադիրներին, սակայն նա մերժել է | «Հրապարակ». Սկանդալային ձայնագրությունն արվել է «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում | «Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երեւանի կենտրոնից լուսանկար է հրապարակել | Երևանի հաջորդ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ այս պահին որոշում չեմ կայացրել. Հայկ Մարության | Վիեննայում մեկնարկեց Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը: | Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից |

Սպորտ

Գարիկ Կարապետյան․ Հաղթանակս նվիրում եմ Հայաստանին, ամբողջ հայ ազգին
Գարիկ Կարապետյան․ Հաղթանակս նվիրում եմ Հայաստանին, ամբողջ հայ ազգին
10/05/2022 11:16

Հաղթանակս նվիրում եմ Հայաստանին, ամբողջ հայ ազգին եւ այս խորհրդանշական՝ հաղթանակի օրվան: Սա բոլորիս հաղթանակն է՝ հավաքականինը, մարզիչներինը, բոլոր այն մարդկանցն է, որոնք ուրախացել են ինձ հետ միասին, ամբողջ հայ ազգինն ու Հայաստանինը: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հունաստանից ասաց ծանրամարտի երիտասարդների կրկնակի աշխարհի չեմպիոն Գարիկ Կարապետյանը: Հունաստանի Հերակլիոն քաղաքում անցկացված ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում 96 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Կարապետյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Երկամարտում Կարապետյանը գրանցեց 370 կգ արդյունք (170+200), 15 կգ-ով ավելի նախորդ տարվա արդյունքից: Գարիկ, երկրորդ տարին անընդմեջ նվաճում ես երիտասարդների աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ի՞նչ տպավորություններ ունես: Հաղթանակդ սպասվա՞ծ էր:

 

 

 Շատ ուրախ եմ այս հաղթանակի համար: Սպասված էր: Բոլորն էլ սպասում էին, որ կրկնեմ նախորդ տարվա հաջողությունս: Զգացողություններս բառերով կդժվարանամ փոխանցել: Ինձ հատկապես շատ ոգեւորեց այն, որ հաղթանակովս ոչ միայն ես եմ ուրախացել, այլ նաեւ ամբողջ ազգը ինձ հետ միասին: Քանի որ հաղթանակի օրն եմ դարձել չեմպիոն, նվիրում եմ Հայաստանին, ամբողջ հայ ազգին եւ բոլորիս համար կարեւոր՝ հաղթանակի օրվան:

Երբ նախորդ տարի դարձա աշխարհի չեմպիոն, ուրախությունս շատ ավելի մեծ էր, կրկնապատիկ էր: Այս անգամ մի փոքր այլ էր: Հույզերի առումով համեմատաբար հանգիստ էի, ասես՝ սովորած լինեի: Զգացողություններս կրկնապատկվեցին, երբ տեսա, թե ինչպես է իմ ազգն ուրախացել իմ հաղթանակով:

Պոկում վարժությունում 170 կգ արդյունք գրանցեցիր, հրումում՝ 200 կգ: Սա այն էր, ինչ կարո՞ղ էիր այդ պահին, թե՞ կարող էիր ավելին:

Կարծում եմ՝ երկու վարժություններում էլ 5 կգ ավելի կարող էի բարձրացնել, եթե եւս մեկական մոտեցման հնարավորություն ունենայինք: Մարզումներին այս քաշերից ավել չէի արել, բայց այս պահին, այս մրցահարթակում պատրաստ էի նաեւ ավելին անել:

Ինչպե՞ս ընտրեցիր ծանրամարտը կյանքի ուղի: Ե՞րբ եւ որտե՞ղ ես արել առաջին քայլերդ:

Ես Գյումրիից եմ, 19 տարեկան: Ծանրամարտով զբաղվում եմ 10 տարեկանից: Հայրս նախկին ծանրորդ է՝ Ալեքսան Կարապետյան: Նրա խորհրդով որոշեցի շարունակել այդ ճանապարհը: Առաջին անգամ նրա հետ եմ հաճախել մարզման եւ ինքն էլ եղել է իմ առաջին մարզիչը: Մարզվում եմ Գյումրիի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում:

Ի՞նչն է գրավում ծանրամարտում:

Ամեն ինչ ինձ դուր է գալիս այս մարզաձեւում՝ ծանրաձողի հետ կռվելը, մրցակիցների հետ պայքարը, ուժը, ծանրությունը հաղթահարելը:

Ո՞րն է մեծ երազանքդ մեծ սպորտում:

Դեռ 19 տարեկան եմ: Եվս երկու տարի հանդես կգամ երիտասարդական հավաքականում: Երազանքս օլիմպիական ոսկե մեդալակիր դառնալն է, մեծահասակներում աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնի կոչումները նվաճելը: Երբ տեղափոխվեմ մեծահասակներ, քաշս կփոխեմ 102 կգ եւ կպայքարեմ օլիմպիական վարկանիշների համար: Չեմ կարծում, որ կհասցնեմ պայքարել 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի համար, բայց 2028-ին վստահ արդեն կլինեմ պայքարում:

Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի ուժեղագույններից է: Ո՞ւմ հետքերով կցանկանայիր գնալ:

Մեծերի հավաքականից բոլորն ինձ հոգեհարազատ են. իմ ընկերներն են:  Յուրաքանչյուրի հաղթանակով շատ եմ ուրախանում: Ինձ բոլորը ոգեշնչում են: Նրանցից յուրաքանչյուրի հաղթանակով ուրախանում եմ, հպարտանում:

Ինչպես յուրաքանչյուրի հաղթանակ, իմ այս հաղթանակն էլ բոլորինս է. միայն իմը չէ, մեր հավաքականինն է, մարզիչներինը, բոլոր այն մարդկանցն է, որոնք ուրախացել են ինձ հետ միասին, ամբողջ հայ ազգին է եւ Հայաստանինը:

Լուսինե Շահբազյան