Հարավային Կովկասում Ռուսաստանի եւ Արեւմուտքի առճակատումը ռիսկեր է պարունակում Հայաստանի համար։ Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում ասաց Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը։ Նա պարզաբանեց, որ երկար տարիներ աշխարհն ապրել է սառը պատերազմից հետո անցումային շրջանում։ «Այսօր մենք թեւակոխել ենք աշխարհակարգի վերաձեւակերպման շրջան։ Գործընթացները դեռ նոր են սկսվել, եւ նախապես արված եզրակացությունները կարող են վտանգավոր լինել, քանի որ կարող են տանել սխալ ուղղությամբ։ Ուստի վաղաժամ եմ համարում արտաքին քաղաքական մտքի քարոզը, որը սահմանափակվում է համաշխարհային խաղաղության մասին թեզերով»,- ասաց Միրզոյանը։
Այսօր աշխարհում փոփոխությունները դրսեւորվում են Ուկրաինայում, ինչպես նաեւ նրա շուրջը տեղի ունեցող գործընթացներում, եւ այս պայմաններում Հայաստանին, ըստ նախկին նախարարի, կարող են ստիպել միանշանակ բռնել այս կամ այն կողմը։
«Մենք պետք է պատրաստ լինենք դրան, պետք է ամեն ինչ հաշվարկված լինի, պետք է ձեռքի տակ իրադարձությունների զարգացման սցենարներ ունենալ, բանակ ունենալ, ամուր անվտանգության համակարգ, զարգացած տնտեսություն։ Կարեւոր է նաեւ կոնսոլիդացված հասարակության առկայությունը, այլ ոչ թե մի հասարակության, որին պառակտում ու պիտակավորում ես»,- հավելեց Միրզոյանը։
Նա հիշեցրեց արեւմտյան պաշտոնյաների անկեղծ հայտարարությունները Ռուսաստանին հարավկովկասյան տարածաշրջանից դուրս մղելու մտադրության մասին՝ միաժամանակ կոչ անելով տարբերակել հռետորաբանությունը եւ երկրի վրա տեղի ունեցողը։
«Քաղաքականության մեջ միայն երկրի շահերի ու նպատակների ղեկավարում է պետք։ Մեզ պետք է վերցնել այլ երկրների պրակտիկան, որոնք այս կամ այն քայլերի են դիմում հանուն ազգային շահերի, այլ ոչ թե դատարկ գաղափարների»,- եզրափակեց Արցախի ԱԳ նախկին ղեկավարը։