Մայիսի 5-ին Հյուսիսային համալսարանում տեղի ունեցավ «Գիտական Արցախ» պարբերականի 2022 թվականի առաջին համարի (12-րդ) շնորհանդեսը։ Միջոցառումն անցկացվեց հանդիպում-քննարկում ձևաչափով, որին, պարբերականի գլխավոր խմբագիր Ավետիք Հարությունյանի հրավերով, մասնակցում էին պարբերականի վերջին համարի հոդվածագիրները։
Ներկաներին նախ ողջունեց Հյուսիսային համալսարանի ռեկտորը, շնորհավորեց պարբերականի նոր համարի լույսընծայման կապակցությամբ և հանդես եկավ գիտակրթական համագործակցության առաջարկով։ Այնուհետ Ավետիք Հարությունյանը ներկայացրեց համարը՝ մեկական օրինակ նվիրելով։
Հեղինակները կիսվեցին հոդվածների մշակման փուլում պարբերականի և գլխավոր խմբագրի հետ ձևավորված արդյունավետ համագործակցության իրենց պատմությամբ։ Ներկաները փաստեցին, որ ինչպես պարբերականի նախորդ, այնպես էլ այս համարն առանձնանում է հեղինակների յուրօրինակ մոտեցմամբ, ընտրված թեմաների ինքնատիպությամբ, գիտական խորքայնությամբ՝ երջանկության տնտեսագիտությունից մինչև արցախցի դիվանագետի գործունեության ուսումնասիրությունը Ճապոնիայում, մամուլում արցախյան հակամարտության լուսաբանման առանձնահատկություններից մինչև Արցախի սահմանադրության պատմությունը և այլն։
Հեղինակներից ոմանք առաջին անգամ էին տպագրում իրենց հոդվածները «Գիտական Արցախում» և իրենց խոսքում ցանկություն հայտնեցին շարունակել պարբերականի հետ համագործալկցությունը, քանի որ «Գիտական Արցախ»-ը գիտական ուրույն նշաձող է սահմանել համանման պարբերականների շարքում։
Ավետիք Հարությունյանի խոսքով՝ պարբերականը, իր փոքրաթիվ խմբագրակազմով, փորձում է ամեն ինչ անել գիտական հարթակներում հաջողություններ գրանցելու համար՝ հանուն Արցախի հանրահչռակման։ «Սա էլ պայքարի մեր խրամատն է՝ հանուն Արցախի»,-նշեց գլխավոր խմբագիրը։
«Գիտական Արցախ» պարբերականը ՀՀ ԲՈԿ-ի նախագահի 2022թ. փետրվարի 1-ի թիվ 09Ա հրամանով ընդգրկվել է Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից 2022 թվականին ընդունելի գիտական հրատարակությունների ցուցակում։ «Գիտական Արցախ»-ը տպագրվում է Web of Science և Scopus գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված գիտական պարբերականներին առաջադրվող պահանջներին համապատասխան: