Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 18/05/2022 19:52
Տեղի է ունեցել ԱԽ նիստ | Ոստիկանները քաշքշելով փորձում էին բերման ենթարկել պատգամավոր Արծվիկ Մինասյանին | Բերման ենթարկվելիս քաղաքացիներից մեկը վնասվածք ստացավ աչքի հավածում․ Տեսանյութ | Ականի պայթյունից զինվոր է վիրավորվել | Ձերբակալվել է Իգոր Խաչատուրովը | «3+3»-ի շրջանակում նպաստավոր պայմաններ են ստեղծվում Երեւանի եւ Բաքվի, Երեւանի եւ Անկարայի երկխոսության համար. ՌԴ ԱԳՆ | Խաբել՝պոռնիկների փողը չեն տվել. քրեական գործ է հարուցվել | ԱՄՆ-ն վերացնում է Կուբայի համար վիզային եւ ֆինանսական սահմանափակումների մի մասը |

Life

Երեխաները համացանցում տեսել են՝ ինչպես են կտրում հոր ականջները, իսկ պատերազմ մեկնած եղբորից լուր չունեն
Երեխաները համացանցում տեսել են՝ ինչպես են կտրում հոր ականջները, իսկ պատերազմ մեկնած եղբորից լուր չունեն
18/01/2022 11:14

2020 թվականի հոկտեմբերից առ այսօր Սաքանյանների հայրն ու տղան համարվում են անհետ կորածներ:  Ընտանիքը մեկ տարուց ավելի է՝ նրանց մասին որևէ ճշգրիտ տեղեկություն չունի: Սաքանյաններն Արցախի Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղից են, որն արդեն անցել է թշնամու վերահսկողության տակ: Սաքանյանները 20 տարի առաջ վերաբնակեցման ծրագրով էին տեղափոխվել Իշխանաձոր:  2020 թվականի հոկտեմբերին Ադրբեջանական Զինուժը ինտենսիվորեն սկսել է գնդակոծել բնակավայրը: Խաղաղ բնակիչներն՝ այդ թվում Սաքանյանները, ստիպված են եղել հեռանալ գյուղից:  Ընտանիքի հայրը՝ Սերյոժա Սաքանյանը, հրաժարվել է լքել իր տունը: «Նա մնացել է Իշխանաձորում, ասեց՝ ես իմ տանից դուրս չեմ գալու, մնում եմ իմ տանը: Սկեսուրս և տալս գնացել են, որ բերեն, բայց չի եկել: Ինքը չէր ուզում տանից դուրս գալ»,- նշում է հարսը՝ Լաուրա Զախարյանը: Հարազատների խոսքով՝ Արցախյան առաջին պատերազմի մասնակից Սերյոժա Սաքանյանը հույս է ունեցել, որ հայկական կողմը 90-ականների նման հաղթելու է, ուստի հեռանալու կարիք չկա:

 

Ընտանիքի անդամները Իշխանաձորից հեռանալուց հետո մշտական կապի մեջ են եղել հոր հետ: Վերջին անգամ հետը հեռախոսով խոսել են հոկտեմբերի 20-ին, վերստին համոզել են միանալ իրենց, սակայն, մերժում են ստացել: 2020 թվականի հոկտեմբերի 20-ից հետո ընտանիքը հոր հետ կապը վերջնականապես կորցրել է: Այժմ գտնվելու վայրի մասին տեղեկություններ չունեն: 

Պատերազմի ավարտից հետո Սերյոժա Սաքանյանի երեխաները համացանցի ադրբեջանական տիրույթում մի տեսանյութ են ֆիքսել, թե ինչպես են ադրբեջանցի ավտոմատավորները խոշտանգում մի տարեց տղամարդու: Սաքանյանները կարծում են, որ տեսանյութում իրենց հայրն է:

«Մի հատ վիդեո ենք տեսել, թե ինչպես են զինվորական հագուստով ադրբեջանցիները ձեռքերն ու ոտքերը կապած մի մարդու ծեծում, հետո  կտրում են ականջները, ձայնից հասկանում ենք, որ հայրս է, դեմքը չի երևում: Չենք հասկանում, թե որտեղ են ականջները կտրում»,- ասում է  Սերյոժա Սաքանյանի որդին՝ Արմենակ Սաքանյանը:

Հոր կորստի ցավից զատ Սաքանյաններին տանջում է նաև որդու՝ Արարատ Սաքանյանի անհետ կորած լինելու փաստը: Վերջինս պայմանագրային զինծառայող է, 2020-ի հեկտեմբերին, ըստ եղբոր՝ Արմենակի, մեկնել է Ջեբրայիլ, ինչից հետո նրա հետ կապը ևս կորել է:

«Եղբայրս պայմանագրային ծառայող էր, վերջին անգամ, որ խոսեցի ասաց՝ Խաչիկի պոստերից իջացրել են, տանում են Ղարաբաղ, հոկտեմբերի կեսերին ենք խոսել հետս: Հետո իր հետ ծառայողներից ենք իմացել, որ Ջեբրայիլի ուղղությամբ են գնացել: Մեկն ասում է, որ ախպորս խփել են, մնացել է թշնամու տարածքում, չեն կարողացել հանել, մեկն ասում է, որ իրեն չենք տեսել»,- ասում է Արմենակը և նշում, երբ եղբայրն իրեն այցելության է եկել՝ հորդորել է այդ ուղղությամբ չգնալ, քանի որ այն արդեն թշնամու կողմից գրավված է եղել:

Հարազատների խոսքով՝ Արարատի անհետ կորելու վերաբերյալ նրա ծառայակիցները իրարամերժ տեղեկություններ են փոխանցում: Սաքանյաններին Արարատի հետ գտնվողներերը հետևյալն են պատմել. 

«Արարատը վեց հոգանոց խմբով՝ մեքենայով, գնացել են ինչ-որ տեղանքում դիտարկում անելու, այդ պահին հակառակորդը թիրախավորել է մեքենան՝ կրակ են բացել, բոլորն իջել են մեքենայից և թաքնվել են մոտակա ձորում: Հետո, երբ շրջափակումից դուրս են եկել, տեսեն, որ Արարատը իրենց հետ չէ: Այդ խմբից մեկ այլ անձ էլ հայտնել է, որ Արարատին մեքենայից իջնելուց չի տեսել»,- նշում են հարազատները:

Արարատ Սաքանյանին ընտանիքը փորձել է  ԴՆԹ-ով գտնել, բայց ոչ մի նմուշ չի համընկել: Արմենակը եղբորը նաև փորձել է փնտրել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, երբ ռուս խաղաղապահների միջնորդությամբ հնարավորություն է եղել անցնել այդ տարածքներ, սակայն, Արմենակը վստահեցնում է՝ իրեն թույլ չեն տվել:  

Արմենակ Սաքանյանը ևս պատերազմի մասնակից է: 30-ամյա Արմենակը  2020 թվականի սեպտեմբերի 27-ից կամավոր մեկնել է պատերազմ, մարտական գործողությունների է մասնակցել Ջեբրայիլում: Ոտքից և ձեռքից վիրավորվելուց հետո տեղափոխվել է Հայաստան:

«Ջեբրայիլից 47 կմ վիրավոր քայլել եմ դեպի Արա լեռ, քանի որ շրջափակման մեջ էինք հայտնվել: Ոտքիցս և ձեռքիցս վիրավոր եմ, հոկտեմբերի 3-ին եմ վիրավորվել: Մինչև հիմա էլ ասկոլկեն ոտքիս մեջ է, չեն հանում, քանի որ հնարավոր է՝ էլ չքայլեմ»,- ասում է նա:

Արմենակը կնոջ և երեք անչափահաս երեխաների հետ այժմ բնակվում է Խարբերդում: Ընտանիքը սոցալական ծանր խնդիրների մեջ է: Արմենակն աշխատանք չունի, բնակարանի 100 հազար դրամ վարձն անհատ բարերարներն են փոխանցում: Արմենակին, աշխատանքի անցնելու համար անհրաժեշ է անձնագիր, որը չի կարողանում ստանալ Հայաստանի Հանրապետությունից:

«Անձնագիր չունեմ, սա մեծ խնդիր է: Եթե կարողանամ անձնագիր հանել, կկարողանամ մտնել աշխատանքի: Ես անձնագիր ընդհանրապես չեմ ունեցել, իսկ ծննդականս կորցրել եմ, որ կարողանամ դրա հիման վրա անձնագիր հանել: Դիմել եմ անձնագրային վարչություն, ասում են՝ գնա Արցախին դիմի, բայց արխիվում չկա ծննդականս: Փաստաբանը 150 հազար դրամ է ուզում իրավաբանական օգնության համար, որը չունեմ»:

Արմենակի վեց ամյա դուստրը զրկված է դպրոցական կրթություն ստանալու իրավունքից: Նա ունի առողջական խնիրներ՝ դեմքը պատված է մեծ վերքերով: Ծնողները նշում են, որ մեկ տարի առաջ մոծակի խայթոցի հետևանքով է առաջացել, դպրոցում նշել են՝ դասերին չհաճախի, մինչև խնդրի լուծում ստանալը: Աղքատության մեջ գտնվող ընտանիքը երեխայի բուժման ծախսերը հոգալու միջոցներ չունի:

Նարեկ Կիրակոսյան