Նախորդ շաբաթ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որով հայտնում էր, որ հազարավոր ՀՀ քաղաքացիներ բրիտանական քողարկմամբ իրանական «Onyxum» ընկերության ֆինանսական բուրգի զոհ են դարձել: Պարզաբանելով «Onyxum» ընկերության գործունեության նախապատմությունն ու այլ մանրամասներ՝ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել ՀՀ տարածքում այս ընկերության գործունեությունը համակարգող 11 անդամի: Սույն հաղորդագրությունից հետո «Onyxum» ընկերությունն անդրադարձել է ՔԿ-ի հրապարակմանը՝ նշելով, որ հիշյալ հայտարարությունն ապատեղեկատվություն է, որը խախտում է անմեղության կանխավարկածը:
Հերքելով իրենց հասցեագրված մեղադրանքները՝ ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ «Onyxum» ընկերությունը որեւէ կապ չունի «Vodanet British LTD», «VODA», «voda.net», «vodanet.io» անունների տակ գործունեության եւ գործող խմբերի հետ: Նաեւ նշել են, որ «Onyxum»-ը Կանադայում գրանցված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է ու գործունեություն է ծավալում աշխարհի տարբեր երկրներում:
Ընկերությունից նաև մանրամասնել են, որ «Onyxum» ընկերությունը զբաղվում է հյուրանոցային փաթեթների վաճառքով, որոնք պայմանագրերի հիման վրա տրամադրվում են հաճախորդներին:
«ՀՀ քննչական կոմիտեն մերկապարանոց ապատեղեկատվություն է տարածում: «Onyxum» ընկերությունը չի հավաքագրում անդամներ և ներդրումներ: Ընկերության եկամուտը բաղկացած է բացառապես հյուրանոցային փաթեթների վաճառքներից, և այդ միջոցներն ուղղվում են հյուրանոցային փաթեթների համար վճարումներին և կազմակերպության գործունեության համար անհրաժեշտ այլ ծախսերին: ՀՀ քննչական կոմիտեի կողմից նման հայտարարության նպատակը ոչ այլ ինչ է, քան «Onyxum» ընկերության բարի համբավը վնասելը և դժգոհության ալիք խթանելն է, որի արդյունքում հնարավոր կլինի նոր թափ հաղորդել իրեն բոլոր իմաստներով սպառած քրեական հետապնդմանը»,- մասնավորապես ասված է ընկերության հայտարարության մեջ:
«Հայկական ժամանակ»-ը ՀՀ քննչական կոմիտեից հետաքրքրվեց, թե «Onyxum» ընկերությունից արդյոք դիմե՞լ են իրենց հերքման կամ պարզաբանման խնդրանքով: Մեր հարցին ի պատասխան՝ ՔԿ-ից բացասական պատասխան տվեցին:
Անդրադառնալով «Onyxum»-ի տարածած հաղորդագրությանը՝ նշեցին, որ ՔԿ-ն, գործի շահերից ելնելով, ներկայումս ձեռնպահ է մնում այլ տեղեկատվություն տրամադրելուց եւ հրապարակային բանավեճից՝ հավելելով, որ քրեական վարույթի շրջանակներում կատարված գործողությունները, դրանց առնչությամբ անհամաձայնության դեպքում, ենթակա են բողոքարկման միայն քրեադատավարական ընթացակարգերով:
Վերահաստատելով ընկերության վերաբերյալ՝ ավելի վաղը արված հայտարարությունը՝ Քննչական կոմիտեից նշեցին. «Քրեական գործի հետագա ընթացքի վերաբերյալ Կոմիտեն հանդես կգա պաշտոնական հրապարակմամբ»: