Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 18/01/2022 17:00
Նազարբաևը Ղազախստանում անկարգությունների մեկնարկից ի վեր առաջին անգամ դիմել է ժողովրդին (տեսանյութ) | Հայաստանի 6 օլիմպիական կմասնակցի Պեկին-2022-ին | Եվրախորհրդարանը նոր նախագահ ունի | Դատարանը թույլ չտվեց Արմեն Գևորգյանին ներկա գտնվել ԵԽԽՎ նստաշրջանին | ՄԻԵԴ-ը ճանաչել է 2008-ի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի իրավունքների խախտումը | Ծովագյուղի համայնքապետարանում պարալիզացված է աշխատանքը, Սեմյոնովկայում էլ պատրաստ են ճանապարհ փակել. դեմ են խոշորացմանը | Դավիթ Տոնոյանը պահանջելու է դռնբաց դատական նիստեր. Փաստաբանական խմբի հայտարարությունը | Երեխաները համացանցում տեսել են՝ ինչպես են կտրում հոր ականջները, իսկ պատերազմ մեկնած եղբորից լուր չունեն |

Սպորտ

Կարեն Խաչանով․ Հաճելիորեն զարմացած եմ Երեւանում այսպիսի ջերմ ընդունելության արժանանալու համար (ֆոտո)
Կարեն Խաչանով․ Հաճելիորեն զարմացած եմ Երեւանում այսպիսի ջերմ ընդունելության արժանանալու համար (ֆոտո)
15/11/2021 11:32

Ես ինձ չեմ գերագնահատում, բարձր չեմ դասում, փորձում եմ մնալ հողի վրա ամուր կանգնած, լինել՝ ինչպես բոլորը: Հաճելիորեն զարմացած եմ Երեւանում այսպիսի ջերմ ընդունելության արժանանալու համար: Եկել եմ Հայաստան` շրջելու կնոջս հետ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց աշխարհի 31-րդ ռակետ, Տոկիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ռուսաստանցի Կարեն Խաչանովը, որն այս օրերին Հայաստանում է:

Նոյեմբերի 14-ին Հայաստանի թենիսի ֆեդերացիայի եւ թենիսի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վահե Ավետիսյանի նախաձեռնությամբ Կարեն Խաչանովը Երեւանի «In Court» թենիսի ակումբում հանդիպում ունեցավ հայ թենիսիստների հետ, նաեւ մեկ ժամ վարպետության դաս անցկացրեց պատանի թենիսիտների եւ Հայաստանի հավաքականի անդամների հետ:


Կարեն Խաչանովին անձամբ տեսնելու, նրա հետ թենիս խաղալու եւ լուսանկարվելու էին եկել մեծ թվով պատանի թենիսիստներ, թենիսի սիրահարներ, պրոֆեսիոնալ խաղացողներ: Նախքան վարպետության դաս անցկացնելը, աշխարհի 31-րդ ռակետը ֆեդերացիայում ավելի քան 100 ինքնագիր դրեց իր լուսանկարով պոստերների, թենիսի գնդակների վրա, որոնք պետք է նվիրեր  դրսում իրեն սպասող երեխաներին:

Այդ ընթացքում Տոկիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնը ներկաներին պատմեց իր հայկական ծագման մասին:

«Վերջերս հանդիպեցի Դավիթ Նալբանդյանին եւ մոռացա նրան հարցնել, թե երբ է վերջին անգամ եղել Հայաստանում: Նա իսկական հայ է: Իմ հայրիկի պապն է եղել հայ եւ մորական կողմից պապիկս է եղել կիսով չափ հայ: Մեր ազգանունը նախկինում եղել է Խաչինյան: Ցեղասպանության ժամանակ, երբ նախապապս իր ընտանիքի հետ փախել է Ադրբեջան, կարիք է եղել ազգանունը փոխել եւ դարձել է Խաչանով: Ես Խաչանովների 4-րդ սերունդն եմ ներկայացնում եւ ինձ համարում եմ հայ եւ ռուս:

Այս անգամ Հայաստան եմ եկել կնոջս հետ: Որոշեցինք մեր հանգիստն անցկացնել այստեղ եւ լինել ոչ թե կոնկրետ Երեւանում, այլ շրջել ամբողջ Հայաստանով: Որդուս՝ 2-ամյա Դավիթին, չենք բերել մեզ հետ: Նա մեզ կմիանա հաջորդ այցելության ժամանակ: Այստեղ ունենք հագեցած օրացույց եւ օրվա ընթացքում կնոջս հետ լինում ենք տարբեր վայրերում: Որտեղ ասես՝ չենք եղել՝ Դիլիջանում, Գյումրիում, Ջերմուկում, Գառնի-Գեղարդում, լինելու ենք Տաթեում: Հիացած եմ Հայաստանի տեսարժան վայրերով»,- մանրամասնեց Կարեն Խաչանովը:

Այն ընթացքում, ինչ աշխարհահռչակ թենիսիստը ինքնագրերն էր դնում, դրսում նրան անհամբեր սպասում էին մեծ թվով երկրպագուներ: Կարեն Խաչանովի կինը միջամտեց, որ ստորագրությունները շարունակի վարպետության դաս-հանդիպումից հետո, որպեսզի դրսում սպասող երեխաները չմրսեն:



Ավելի քան մեկ ժամ տեւած վարպետության դասին մասնակցեցին գրեթե բոլոր ներկաները, նույնիսկ նրանք, որոնք թենիսով չեն զբաղվում: Այդ ընթացքում, ում հետ խաղում էր Կարեն Խաչանովը, թենիսիստի կինը նվիրում էր ամուսնու պատկերով եւ ինքնագրով լուսանկարներ: Շուրջ 100 օրինակը շատ արագ սպառվեց, իսկ ներկաների մեծ մասը դեռ չէր ստացել հայտնի թենիսիտի ինքնագրով լուսանկարներ:

Վարպետության դասի ավարտին, Խաչանովը բացօթյա ինքնագրեր բաժանեց ներկաներին՝ գնդակների, շապիկների, հեռախոսների պատյանների վրա, որտեղ պատահի:

Լրագրողների հետ ճեպազրույցում աշխարհի 31-րդ ռակետն ասաց, որ հաճելի զարմացած է երեխաների հետ հանդիպումից:

«Վաղուց այսքան ինքնագիր չէի բաժանել: Կորոնավիրուսով պայմանավորված այսպիսի մեծ հանդիպումներ չենք ունեցել շատ երկար ժամանակ: Հաճելի զարմացած եմ, թե որքան մարդ է եկել ինձ հետ հանդիպման ու որքան երեխա է ցանկություն հայտնել մասնակցել իմ վարպետության դասին: Ինձ հաճելի է տեսնել, վայելել այս ամենը, հաճելի է, երբ մարդիկ սիրում են թենիսը, խաղում եւ երկրպագում:

Ուրախ եմ կրկին լինել Հայաստանում: Առաջին անգամ չեմ Երեւանում: Այս անգամ եկել եմ կոնկրետ Հայաստանով շրջելու նպատակով: Հայաստանը մեծ պատմություն ունի եւ ուզում էի իմ աչքերով տեսնել գեղատեսիլ վայրերը, եկեղեցիները, պատմամշակութային կոթողները: Այս ամենը պատմություն է:

Ինքս խաղացել եմ Երեւանի կորտերում, մասնավորապես այս կորտում, երբ դեռ 14-15 տարեկան էի: Այն ժամանակից գրեթե ոչինչ չի փոխվել այստեղ: Այստեղ պայմանները վատը չեն: Ձմռանն, իհարկե, հնարավոր չի լինի բաց կորտում խաղալ ցրտի պատճառով: Կարծում եմ, հետագայում հայ թենիսիտների համար կստեղծվի բոլոր պայմանները, որ հնարավորություն լինի տարվա բոլոր ժամանակներում զբաղվել թենիսով: Որպես թենիսիստ, հայ պատանիներին եւ թենիսով զբաղվողներին խորհուրդ կտամ շարունակել զբաղվել այն մարզաձեւով, որը սիրում են: Եթե անեն այն, ինչ իրենց դուր է գալիս, ամեն ինչ կստացվի:

Լավ ներուժ ունեն երեխաները, որոնց հետ հասցրի խաղալ կորտերում: Տարբեր տարիքային խմբերի հետ խաղացի թենիս: Կային ուժեղ եւ թույլ թենիսիստներ: Չհասցրի որեւէ մեկի հետ երկար խաղալ, որպեսզի գնահատական տամ, թե ով ինչ հնարավորություններ ունի: Թենիսում ամեն ինչ կախված է տարիքից եւ, ամենակարեւորը, ցանկությունից»,- նշեց Կարեն Խաչանովը:

Հայ թենիսիստներն ու երկրպագուները Տոկիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնին երեւանյան կորտերից բաց չէին թողնում: Բոլորը նրա հետ ցանկանում էին լուսանկարվել, զրուցել, ինքնագիր ստանալ:

Լուսանկարվելու եւ ինքնագրեր բաժանելու արանքում, Կարեն Խաչանովը NEWS.am Sport-ի թղթակցի հետ առանձնազրույցում նախ ամփոփեց մրցաշրջան 2021-ը եւ նաեւ խոստովանեց, որ այսքան սիրված լինելը նրան թույլ չի տալիս երբեւէ սեփական անձը բարձր դասել մյուսներից:

«Տարին ինձ համար հագեցած էր: Այս մրցաշրջանում ունեցա վերելքներ եւ վայրէջքներ, հատկապես գարնանը: Այս մրցաշրջանում ունեցա որոշ անձնական խնդիրներ, որոնք ինձ մտահոգում էին կորտից դուրս եւ պետք է դրանք կարգավորեի: Այդ շրջանն ինձ մոտ հաղթահարվեց Ուիմբլդոնից հետո, որտեղից սկսեցի նորից զգալ մեծ ինքնավստահություն կորտերում իմ ուժերի նկատմամբ: Չնայած համաշխարհային աղյուսակում վարկանիշս այս տարի ավելի ցածր է նախորդներից, տարին համարում եմ հաջողված, քանի որ կորտում վերադարձրել եմ իմ ինքնավստահությունը եւ այն խաղը, որը ցանկանում եմ խաղալ այժմ: Հայաստանից վերադառնալուց հետո կվերսկսեմ մարզումներս եւ կնախապատրաստվեմ հաջորդ տարվան:

Ես ինձ չեմ գերագնահատում, բարձր չեմ դասում, փորձում եմ մնալ հողի վրա ամուր կանգնած, լինել ինչպես բոլորը. սա է Կարեն Խաչանով լինելը: Միայն, թե հայերեն չեմ խոսում եւ չեմ հասկանում: Քիչ բառեր գիտեմ, բայց եթե ինձ հետ հայերեն խոսեք, անկեղծ, չեմ հասկանա»,- ասաց Կարեն Խաչանովը: 

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի