Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 24/10/2021 15:46
Վիճարկում է «Արդյունաբերական ընկերության» կողմից պղմձամոլիբդենայինի 60 տոկոսի ձեռքբերումը | ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը կալանավորվել է | «Ռուսական Հալք» Սերգեյ Աղաջանյանը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել | Երևանում նռնակի պայթուցիչը փորձարկելու ժամանակ տեղի է ունեցել պայթյուն | Բրեժնեւան եւ Մելաձեն 900 հազար դոլարով բնակարան են գնել Կիեւում | ԵԱ․ Հայաստանը 2 ոսկե, 2 արծաթե, 1 բրոնզե մեդալով գրավեց երրորդ տեղը (ֆոտո) | Կոռնիձոր գյուղի գերեզմանոցի մոտից ադրբեջանական զինծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչի 107 ոչխարն ու 5 այծը. ՄԻՊ | Կոռնիձոր գյուղի գերեզմանոցի մոտից ադրբեջանական զինծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչի 107 ոչխարն ու 5 այծը. ՄԻՊ |

Կրթություն

Ի հիշատակ 44-օրյա պատերազմի հերոսների. «Իմ անուշ տղա» պիեսը՝ Տնտեսագիտականի բեմում
Ի հիշատակ 44-օրյա պատերազմի հերոսների. «Իմ անուշ տղա» պիեսը՝ Տնտեսագիտականի բեմում
16/06/2021 20:41

Թատերագիր Անահիտ Աղասարյանի և դերասանուհի-բեմադրիչ Տաթևիկ Ղափլանյանի «Իմ անուշ տղա» պիեսի բեմադրությունն այսօր Տնտեսագիտական համալսարանում թատերական իրադարձության վերածվեց, ոգեկոչեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակը և հանդիսատեսին նվիրեց հիացումի ու հպարտության զգացումներ: Դերասանական վարպետության սահմանը նվաճող իրենց խաղով մեր ուսանողները փայլեցին՝ մարմնավորելով ինքնատիպ կերպարներ, համոզիչ կերպով կերտելով պատերազմական իրադրության ողբերգական ու միաժամանակ լավատեսական,  արցունքախառն ու հումորով լեցուն դրվագներ: ՀՊՏՀ ռեկտորի խորհրդական, դոցենտ Լիլիթ Դադայանի նախաձեռնությամբ  և ջանքերով, դերակատարներ Անահիտ Հակոբյանի, Մարջան Գուլինյանի, Ինեսա Մարդոյանի, Արամ Պետրոսյանի, Ժորա Ստեփանյանի, Գագիկ Վարդանյանի, Հարություն Սուքոյանի, Վրեժ Սահակյանի և  Վահրամ Ոսկանյանի փայլուն խաղով կյանք առած ներկայացումը այսօրինակ խոնարհում էր ՀՊՏՀ զոհված ուսանողների հիշատակի առջև: Պատերազմը չսպիացող վերք է բացել մեր սրտերում, ցավ ու տրտունջ թողել: Մեր լուսեղեն ու անուշ զավակներն իրենց ծաղիկ հասակը հայրենիքին նվիրաբերեցին և մեր հուշերում մնացին հավերժ երիտասարդ՝ կենսախինդ և հումորով լեցուն, որպիսին ներկայացման հերոսներն են՝ Նարեկը, Դավիթը, Ճուտոն, Վահագնը, Քեռի Բարսեղը։  Իսկ որդեկորույս մոր կերպարը՝ Պուճուր մաման, հերոսածին մայրերի խտացումն է՝ լի  անսահման բարությամբ ու վեհությամբ: Անդրադառնալով բեմադրության մտահղացմանն ու իրագործմանը՝ Լիլիթ Դադայանը նշում է. «Տարիներ առաջ եմ դիտել Տաթևիկ Ղափլանյանի բեմադրած «Իմ անուշ տղա»-ն՝ նվիրված նրա որդու հիշատակին: Հուզիչ էր, ազդեցիկ, լուսավոր և մինչև հոգու խորքը ցնցող: 44-օրյա պատերազմում ՀՊՏՀ-ն կորցրեց իր 28 ուսանողներին: Տղաների հիշատակին նվիրված միջոցառումների շարքում առաջին մտահղացումս այդ ներկայացումը կյանքի կոչելն էր:







 Բեմադրությունը որդուն կորցրած մոր տառապանքների, հերոսացումի ու լավատեսության  մասին է: Հույս ունեմ՝ պատերազմի արհավիրքով անցած մեր որդեկորույս մայրերի  հոգիներում այն ապրելու ցանկություն կառաջացնի»:

Ներկայացումն ավարտվեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների լուսանկարների ցուցադրումով և նրանց հերոսացման արժևորմամբ: ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը շնորհակալություն հայտնեց դերակատար ուսանողներին, Լիլիթ Դադայանին՝ հրաշալի բեմադրության համար, ինչպես նաև՝ ներկայացմանը ներկա՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանին՝ նշելով, որ դերակատարներից մեկը այդ ինստիտուտի ուսանող է: Ռեկտորը նաև երախտագիտության խոսք հղեց թատերագիր Անահիտ Աղասարյանին:

«Պատերազմի ավարտից հետո մի քանի միջոցառում ենք նվիրել մեր զոհված ուսանողներին, այսուհետ ևս, անկախ նրանից, թե ինչ ձևաչափով կկազմակերպենք, նորից, ինչպես այս ներկայացումը, կլինի մեր խոնարհումը նրանց հիշատակի առջև և մեր հավաստիացումը՝ տղաները հավերժ մեր սրտերում են»,- ասաց Դիանա Գալոյանը:

Այո՛, գեղարվեստն ապրեցնող ուժ ունի, և այսօր հանդիսատեսը վերստին համոզվեց:

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին

16․06․2021թ․