Ռուսաստանի հետ օդային հաղորդակցությունը վերսկսելուց հետո Հայաստանի քաղաքացիները շարունակում են մեկնել Ռուսաստանի տարբեր քաղաքներ արտագնա աշխատանքի։ ՌԴ քաղաքներ օդանավերը Հայաստանից մեկնում են՝ բոլոր նստատեղերը զբաղված, վերադառնում՝ գրեթե դատարկ։ Օդանավակայանի սպասասրահում այսօր՝ փետրվարի 22–ին, ՌԴ մեկնող քաղաքացիների մեծ մասն ասացին, որ մեկնում եմ արտագնա աշխատանքի, մի մասն էլ Մոսկվայով թռչում էր Միացյալ Նահանգներ։ Արտագնա աշխատանքի մեկնողների պատճառաբանությունը նույնն է. գնում են, որովհետև Հայաստանում կամ ցածր են վարձատրվում, կամ աշխատանք առհասարակ չեն գտնում։
«Անցյալ տարի Հայաստանում դիմեցինք աշխատանքի համար, չընդունեցին։ Ասացին՝ սպասեք, այդպես էլ մինչեւ օրս սպասեցինք ու ընկանք վարկի տակ։ Անցյալ տարվանից սպասում էինք սահմանների բացմանը»,- ասաց մի տղամարդ։
Քաղաքացիներն ասում են՝ տոմսերի գները շատ են բարձրացել, բայց դա նրանց չի կանգնեցնում։
«Հիմա շատ թանկ են տոմսերը, բայց ոչ մեկի աչքին չի երևում։ Ժողովուրդը, որ մի տարի չգնաց, վախենում է, որ էլի կփակվեն սահմանները, կմնան Հայաստանում։ Երազում էինք, որ սահմանները բացվեն, գնանք Ռուսաստան՝ հացի փող վաստակենք »,- նշեց Արամ Սարիբեկյանը։
Արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիները, որոնք Ռուսաստանում հիմնականում կատարում են ճանապարհաշինարական աշխատանքներ, նշեցին, որ աշնանն անպայման վերադառնալու են Հայաստան և Ռուսաստանում մշտական բնակություն հաստատելու նպատակ չունեն։
«Նորմալ գործ ունենաս, աշխատես, ավելի լավ, որովհետև քո հայրենիքն է։ Ինձ հաճելի չէ օտար հողում աշխատելը, բայց ստիպված եմ։ Ուր էլ գնանք, ինչ էլ անենք, սա է մեր։ Իմ հողը սա է»,- նշեց մի տղամարդ։