Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 09/03/2021 02:11
Վրաստանում հոգեւորականների ու հավատացյալների միջեւ ծեծկռտուքի հետեւանքով մի քանի մարդ է տուժել | Հայրենիքին նվիրված Մարտին Ավթանդիլյանը հետմահու արժանացել է... | Երբևէ չէի պատկերացնի, որ իրենց կյանքը զոհած քաջորդիների կողքին կարող են լինել նման բարբարոսներ․ Հրանուշ Հակոբյան | Է՛յ, դուք, չհամարձակվե՛ք ռազմագերու մոր ցավի վրա ղումար խաղալ. Նաիրա Զոհրաբյան | ՀՅԴ-ն մի քանի անդամների արտաքսել է կուսակցության շարքերից. Որն է պատճառը | Մտավախություն կա, որ իշխանությունը կրկին գաղտնի գործարքների մեջ է․ Տիգրան Աբրահամյան | ՍԴ նախագահի նախկին խորհրդականները դատի են տվել Արման Դիլանյանին | «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի տան հարակից խաչմերուկում տեղադրել են նրա խրտվիլակը (ֆոտո) |

Life

Իշխող ռեժիմի անբարոյական և միաբջիջ մակարդակի ստերը, որոնց շատերը, ավաղ, կուրորեն հավատում են
Իշխող ռեժիմի անբարոյական և միաբջիջ մակարդակի ստերը, որոնց շատերը, ավաղ, կուրորեն հավատում են
27/01/2021 21:22

Ես կփորձեմ ներկայացնել այն ստերի շարանը, որոնցով, արդեն 2,5 տարի է՝ գործող իշխանությունները կերակրում են մեր հայրենակիցների որոշ զանգվածին, և ապշեցուցիչ է, որ այսքան օբյեկտիվ իրականության և փաստերի առկայության պարագայում մեր որոշ հայրենակիցներ դեռ շարունակում են այդ ամենին հավատալ և փորձում են արդարացումներ գտնել։ Կոչ եմ անում և խնդրում եմ իմ հայրենակիցներին՝ մի փոքր մտածել այդ հարցերի շուրջ, այլ ոչ թե զգայական մակարդակում կամ անտարբեր վերաբերմունքով պնդել, որ «մեկ է, ով էլ լիներ, նույնն էր լինելու»։ Երկրի բարձագույն ղեկավարության կողմից հնչեցվող այդ ստերը չափազանց պարզունակ են, եթե մի փոքր մտածեք և վերլուծեք։ Նույնիսկ առօրյա կյանքը և մարդկային ու հասարակական հարաբերությունները տարրական մակարդակում պատկերացնողները պետք է այդ ամենը կարողանան արագ հասկանալ և չընկնել մոլորության մեջ։ Միշտ հիշեք, որ համոզիչ ստեր ասելու համար բավականին մեծ գիտելիքներ և խելք է հարկավոր։ Ես կարող եմ փաստել, որ ներկայիս իշխանությունների նույնիսկ ստերն են ողորմելի և, ամենավատն այն է, որ այդ ստերը վաղուց դուրս են եկել բարոյականության սահմաններից։

Անբարոյական սուտ No. 1։ Նախկինների ժամանակ կոռուպցիան հասնում էր հսկայական մակարդակի։ Քոչարյանն ու Սերժը թալանել էին ամբողջ երկիրը, ավելի քան 4 միլիարդ ԱՄՆ դոլար էին յուրացրել, և այլն։

  • 1-ին հարցադրումը, որ ժողովրդի մեծ մասը չի անում։ ՀՀ Կառավարությունից պահանջել պարզաբանում, թե որքան գումար է վերականգնվել պետբյուջե կոռուպցիոն գործերի շրջանակում վերջին 2,5 տարվա ընթացքում։ Եթե այդ չափերի հասնող թալան է եղել, դա նշանակում է, որ նույնիսկ 30 տոկոսի վերադարձի պարագայում 1,2 միլիարդ լրացուցիչ գումար պետք է պետբյուջե մուտքագրվեր։ Այդ գումարով կարելի էր լուծել մեր սպառազինության և պաշտպանության ոլորտի համար անհրաժեշտ ծախսերի մի զգալի մասը։ Եթե վերադարձվել են 100 միլիոն ԱՄՆ դոլար կամ մի փոքր ավելի գումար, ներառյալ՝ բռնագանձված գույքը, ուրեմն փորձեք անել պարզագույն հետևություններ։ Այն հեքիաթը, որ ամեն ինչ այնքան լավ է թաքցված, որ չեն կարողանում գտնել, արդարացում չի կարող լինել։ Եթե այդ գումարներն իրոք լավ են թաքցված, և դուք չեք կարողանում գտնել, ուրեմն դուք պետք է վաղուց հրաժարական տայիք, քանզի նախընտրական խոստումների հիմնաքարը թալանի վերադարձն էր։
  • 2-րդ հարցադրումըորը ժողովրդի մեծ մասը չի անում։ Ինչպե՞ս է գնահատվել այդ թալանված գումարների մեծությունը։ Եթե միջին վիճակագրական քաղաքացուն հարցնենք՝ արդյո՞ք նա գիտի, թե ինչքան կարողություն ունի իր դիմացի հարևանը, ես վստահ եմ, որ այդ գնահատականն առնվազն 50 տոկոսով սխալ է լինելու։ Այդ ինչպե՞ս ստացվեց, որ բոլորն այդ թալանի բավականին հստակ մեծությունը գիտեն։ Միգուցե դա իրականության հետ կապ չունի՞։
  • 3-րդ հարցադրումըորը ժողովրդի մեծ մասը չի անում։ Որքա՞ն են կազմել պատերազմի՝
  • Ուղղակի ծախսերը՝ սպառազինության գնում, նյութական և պահպանման ծախսեր, վիրավորների բուժման ծախսեր, այլն;
  • Անուղղակի ծախսերը՝ այն կորսված պոտենցիալ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ), որ մեր նահատակվածները կարող էին արտադրել, եթե պատերազմ չլիներ; որքան է կազմել այն պոտենցիալ կորսված ՀՆԱ-ն, որ վիրավորները կարող էին արտադրել, եթե ժամանակ չծախսեին բուժման վրա կամ հաշմանդամության պատճառով մշտապես չզրկվեին աշխատունակությունից։
  • Կորսված տնտեսական արտադրանքը/արդյունքը, քանի որ պատերազմող երկրում ոչ ոք չի ցանկանում ներդրումներ անել։

Առաջիկայում կներկայացնեմ մի փոքր վերլուծություն, որ այդ ամենը հանրահայտ 4 միլիարդ ԱՄՆ դոլարից էականորեն ավելի շատ է։ Ես սրանով չեմ պաշտպանում կոռուպցիան, և կոռուպցիան իրոք շատ բացասական երևույթ է։ Ես պարզապես կոչ եմ անում մոլորության մեջ գտնվող իմ հայրենակիցներին՝ սույն հարցերին մոտենալ առողջ դատողությամբ և բանականությամբ։

Անբարոյական սուտ No. 2։ Նախկինները թալանել էին ամբողջ երկիրն ու բանակը, ու մենք պարտվեցինք, որովհետև կռվում էինք 1980-անների զենքերով (և այլ նմանատիպ անհեթեթ բաներ) ու կռվում էինք ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի և ահաբեկիչների դեմ։

  • 1-ին հարցադրումը, որը ժողովրդի մեծ մասը չի անում։ Սպառազինությունը դա iPhone հեռախոս չէ, որն անընդհատ թարմացվում է և հաջորդ մոդելը դիզայնի և ֆունկցիոնալ առումով նախորդից մի քիչ ավելի առաջադեմ է (շատ հաճախ դա թվացյալ է և ընդամենը մարքետինգային հնարք, բայց ոմանք կենցաղային մակարդակում էլ դա չեն հասկանում)։ Եթե 1980-ականների զենքերը ոչ մի բանի համար պիտանի չեն, բա ինչո՞ւ են դրանք, օրինակ, ձեր սիրած ԱՄՆ-ում, մինչ օրս ռազմական հերթափոխի մեջ գտնվում.
  • 1955 թ.-ից շահագործվող B-52 ծանր և հեռահար ռմբակոծիչները;
  • 1918 թ․-ից օգտագործվող M-2 ծանր ինքնաձիգը;
  • 1970-ականներից մարտական պատրաստականության մեջ գտնվող LGM-30G Minuteman III միջմայրցամաքային հրթիռները;
  • 1970-ականներ վերջերին շահագործման հանձնված ավիակիրները, որոնք ԱՄՆ ռազմածովային ուժերի առանցքն են և հպարտությունը։

Այս ցուցակը կարելի է շատ երկար շարունակել և բերել բազմաթիվ օրինակներ այլ առաջադեմ ռազմական ուժեր ունեցող երկրներից ևս։ Միայն թե, խնդրում եմ, չասեք, որ ԱՄՆ-ի պետբյուջեի ռեսուրսները չէին բավարարի այդ սպառազինությունները թարմացնելու համար, եթե լիներ դրա անհրաժեշտությունը։ Ժողովրդին շատ եմ խնդրում տեղեկություններ ստանալու կամ ինքնակրթվելու համար սոցիալական ցանցերում շրջանառվող տարբեր ցնդաբանությունների և, այսպես կոչված, «փորձագետների» կարծիքների փոխարեն՝ ընթերցել վստահելի աղբյուրներ և լսել իսկական փորձագետների։

Պատերազմի օրերին և դրանից հետո պարզվեց, որ Հայաստանում կան հազարավոր քաղաքական մեկնաբաններ և նույնիսկ Հենրի Քիսինջերի կամ Զբիգնև Բժեզինսկու մակարդակի գեոստրատեգներ, որոնք տարբեր տիպի (1in.am, azatutyun.am, Azatutyun հեռուստալիքի) հարթակներում ցնդաբանություններ են արտաբերում։ Դա վերաբերում է նաև բազմաթիվ այլ ինֆորմացիոն աղբյուրներին, և կապ չունի՝ դրանք իշխանակա՞ն, թե՞ ընդդիմադիր ուղղվածության աղբյուրներ են։

  • 2-րդ հարցադրումը, որը ժողովրդի մեծ մասը չի անում։ Եթե դու (Նիկոլ Փաշինյան) պաշտոնը ստանձնելուց հետո հասկացել էիր, որ ամբողջ երկիրը, ներառյալ՝ բանակը, ծայրահեղ աստիճանի թալանված էր (իսկ եթե դա այդպես է, այն հասկանալու համար շատ ժամանակ հարկավոր չէր), ապա դու պարտավոր էիր կամ՝ հրաժարական տալ՝ պարզաբանելով, որ վիճակն ավելի բարդ է, քան դու պատկերացնում էիր, և դու չես կարող երկրի ապագայի համար պատասխանատվություն ստանձնել։ Եթե դու դա չես արել, հետևաբար՝ դու՝

(a)  Նպատակային տարել ես երկիրը կործանման և, հետևաբար՝ դավաճան ես, կամ

(b) Մեծամտությամբ ու հոգեկան խանգարումներով ես տառապում, քանի որ քեզ թվում է, որ այդ խնդիրները կարող էիր լուծել։ Սեփական ուժերը ճիշտ չեն գնահատում և սեփական կարողությունների շեմը չեն հասկանում միայն մտավոր հետամնացները։ Սա նույն բանն է, որ, եթե դուք ընդունվեք մի նոր աշխատանքի, տեսնեք, որ ձեր տեղը նախկինում աշխատող անձն ամեն ինչ տապալել է, բայց դուք դրա մասին լռեք 2,5 տարի, ու հետո, երբ ձեր պատասխանատվության ներքո ամեն ինչ տապալվի, դուք բոլորին ասեք, որ ամեն ինչում մեղավոր էր նախկին աշխատակիցը։ Արդյոք չե՞ք կարծում, որ նման աշխատակցին (Նիկոլ Փաշինյան) ղեկավարությունը (ժողովուրդ) պետք է անմիջապես գործից հեռացնի, քանի որ հարց կառաջանա, թե ինչո՞ւ այդ խնդիրների մասին երկար ժամանակ աշխատակիցը չի բարձրաձայնել։ Եթե աշխատակիցը հրաժարվի կամովի հեռանալ, ապա անվտանգության աշխատակիցները նրան կհեռացնեն։ Բոլոր հիմնարկություններում, որտեղ իմ սիրելի հայրենակիցներն աշխատում են, դա այդպես է։ Ինչո՞ւ ենք բացառություն անում այս մեկ անձի դեպքում։

  • 3-րդ հարցադրումորը ժողովրդի մեծ մասը չի անում։ Եթե նախկիններն ամբողջ երկիրը թալանել էին, ապա ինչպե՞ս ստացվեց, որ այդ նախկինների ժամանակ լայնամասշտաբ պատերազմական գործողություններ չկային, և պետական կառավարման ապարատը նորմալ աշխատում էր։ Նպատակը նախկիններին պաշտպանելը չէ, այլ պարզագույն ճշմարտությունները չհասկանալու հանգամանքը բացատրելը։ Խնդրում եմ, ինքներդ ձեզ այս հարցերն ուղղեք.
  • Ինչո՞ւ Ադրբեջանը չէր հարձակվում. որովհետև շա՞տ էին սիրում նախկին իշխանություներին և այդ «մեծ սիրո» պատճառով պատրաստ էին երկու տասնամյակից ավելի սպասել ԼՂ և հարակից շրջանների վերադարձի՞ն։
  • Ինչո՞ւ էին այդ կաշառակեր և ոչ կոմպետենտ նախկին իշխանություններն այդքան ավելի արդյունավետ, քան ներկայիս կառավարությունը, որը գրեթե բոլոր ոլորտներում կարևորագույն նշանակության ծրագրերն արդեն տապալել է և այդպես շարունակելու է։
  • Այդ ինչպե՞ս ստացվեց, որ դուք նախկին կաշառակեր և ոչ կոմպետենտ իշխանությունների օրոք ապրում էիք ավելի լավ, քան հիմա։ Դա պարզապես ճառ չէ, և դրանում կարող եք համոզվել՝ նայելով մեր ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները։ Խնդրում եմ, ամեն ինչ չվերագրել կորոնավիրուսին։ Տնտեսական աճը մինչ 2018 թվականը գրեթե բոլոր տարիներին եղել է ավելի բարձր։ Եթե ինչ-որ մեկին թվում է, թե 2021թ․-ը լինելու է ավելի բարենպաստ, ապա դուք չարաչար սխալվում եք։ Դրան ես առանձին կանդրադառնամ։

Անբարոյական սուտ No. 3։ Ռոբերտ Քոչարյանն ուՍերժ Սարգսյանը վաղուց վաճառել էին Արցախը և դրա համար իշխանությունը հանձնեցին Նիկոլին։ Այս թեզը հասկանալը որևէ ողջամիտ մարդու համար անհնար է։ Կբերեմ մի կենցաղային օրինակ, որից ավելի պարզը չեմ գտել։ Հարգելի հայրենակիցներ, ձեզանից բոլորը կենցաղային մակարդակում առևտուր են անում, իսկ շատերը նաև այդ ոլորտում աշխատում են և վարում են իրենց բիզնեսը, օրինակ՝ մեծածախ առևտրի ոլորտում։

  • 1-ին հարցադրում՝ ուղղված մեր ժողովրդին։ Եթե նախկիններն արդեն վաճառել էին Արցախը, ապա ինչո՞ւ հանձնումը տեղի չունեցավ նախորդ իշխանությունների օրոք։ Մի՞թե դուք կարծում եք, որ Ալիևը պատրաստ էր այդքան երկար սպասել։ Եթե նույնիսկ Սերժ Սարգսյանն Արցախը վաճառել էր իր հեռանալու վերջին օրը, ապա ինչո՞ւ Ալիևը 2,5 տարի սպասեց։ Արդյո՞ք նա պատրաստ էր «ապրանքի» համար ամբողջությամբ վճարել, բայց «ապրանքի առաքմանը» սպասել 2,5 տարի։ Երբ դուք խանութից գնում եք հեռուստացույց կամ սառնարան, ձեզ այն տալիս են հենց տեղում կամ առաքում են 3 աշխատանքային օրերի ընթացքում, թող լինի մեկ շաբաթ, բայց ոչ թե 2,5 տարի հետո։ Մեծածախ առևտրով զբաղվող մեր հայրենակիցները գիտեն, որ, երբ նրանք Չինաստանից կամ Դուբայի շուկաներից ապրանք են պատվիրում՝ վճարելով դրա ամբողջ արժեքը, ապա այն հասնում է Հայաստան 30-45 օրվա ընթացքում։ Եթե դուք նույնիսկ ապրանքը գնում եք ակրեդիտիվով, տալիս եք 30 տոկոս կանխավճար, ապա այն, միևնույն է, ստանում եք 30-45 օրվա ընթացքում, այլ ոչ թե՝ 2,5 կամ 20 տարի հետո։ Արդյո՞ք ինչ-որ մեկը պատրաստ է այդքան սպասել։
  • 2-րդ հարցադրում՝ ուղղած մեր ժողովրդին։ Եթե դուք ինչ-որ մեկի հետ կնքում եք գաղտնի գործարք, ապա փորձում եք այն ավարտին հասցնել հնարավորինս արագ և նույն մարդու հետ, այդպես չէ՞։ Բա ինչո՞ւ է ձեզ թվում, որ Ալիևը մտավոր հետամնաց է և գումարը վճարել է նախկիններին՝ չստանալով երաշխիքներ, որ իր ուզածը կտան այդ նույն մարդիկ։ Մի՞թե նա պատրաստ էր գնալ նմանատիպ ռիսկերի և գործարքի՝ հաշվի առնելով, որ տարիներով սպասելու դեպքում մեծանում էին իշխանափոխության և իր գործարքի տապալման ռիսկերը։

Անբարոյական սուտ No. 4։ Տրանսպորտային ապաշրջափակումն էապես բարելավելու է մեր տնտեսակնան իրավիճակը։ Բոլոր երկրները պետք է փորձեն կառուցողական և բարիդրացիական հարաբերություներ կառուցել իրենց հարևանների հետ։ Բաց տրանսպորտային կոմունիկացիաները դրա արտացոլումներից մեկն են։ Մեր պարագայում տնտեսական դրական էֆեկտը լինելու է չնչին։ Ովքեր չեն հավատում՝ կոչ եմ անում դիտել մեր Ազգային վիճակագրական ծառայության կողմից ՀՀ տնտեսության արտահանման հիմնական տեսակները և տնտեսության ճյուղային կառուցվածքը։ Երկաթուղին անհրաժեշտ է հիմնականում մեծածավալ և այլ հատուկ բեռնատեսակների համար, օրինակ՝ բենզին, նավթ, ցորեն, շաքարավազ։ Բացի այդ, այդ երկաթուղին մրցունակ է, երբ այդ բեռները տեղափոխվում են երկար տարածություններ։ Ես սրան առանձին հոդվածով կանդրադառնամ, բայց մի քանի հարցադրում, որոնց մասին ՀՀ բոլոր քաղաքացիներին խնդրում եմ մտածել։

  • 1-ին հարցադրումորը ժողովրդի մեծ մասը չի անում։ ՀՀ Կառավարությանը պետք է հստակ հարց ուղղել, թե տնտեսության այդ ո՞ր ճյուղերն են, որ ապաշրջափակման արդյունքում կսկսեն այդ «հեքիաթային» թռիչքաձև զարգացումը։ Խնդրում եմ պնդել, որ այդ ամենը ՀՀ Կառավարությունը հիմնավորի վերլուծություններով և թվերով։ Հասկացեք մի պարզ ճշմարտություն. եթե նույնիսկ վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանը շրջափակման մեջ չլիներ, միևնույն է, մեզ մոտ զարգացման հեռանկար ունեին միայն գիտատար ճյուղերը (ցավոք սրտի, դա չնչին տոկոսով է իրացվել՝ հաշվի առնելով կրթության խայտառակ ցածր մակարդակը, որը վերջին 30 տարիների կրթության ոլորտի տապալման արդյունք է)։ Ի՞նչ եք կարծում, մենք կարո՞ղ ենք գյուղատնտեսության ոլորտում մրցել Թուրքիայի, Ադրբեջանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի հետ։ Որոշ նիշային հատվածներում՝ գուցե, բայց ընդհանուր առմամբ՝ միանշանակ ոչ, քանի որ գործում են պարզ տնտեսական օրենքներ՝ միավոր արտադրանքի ավելի ցածր գին՝ ֆերմերային ավելի մեծ տնտեսությունների դեպքում, մոտիկություն արտահանման շուկաներին և այլն։ Դուք կարծում եք, որ ՀՀ-ն կարո՞ղ է դառնալ սպառողական ապրանքների խոշոր արտադրող և արտահանող և մրցել, օրինակ՝ Չինաստանի, Վիետնամի կամ այլ նմանատիպ երկրների հետ։ Միանշանակ՝ ո՛չ և, նորից, դա կապ չունի մեր շրջափակման հետ։ Մենք պարզապես չունենք տեղական անհրաժեշտ ռեսուրսային բազան և այլ համեմատական առավելություններ՝ ցածր արժեքով և բավականին բարձր որակավորմամբ աշխատուժ։ Հետևաբար՝ միակ հիմնական օգուտը լինելու է ներմուծման գուցե որոշակի էժանացումը։ Այս ապաշրջափակման հիմնական շահառուն նույնիսկ Ադրբեջանը չէ, այլ Թուրքիան և Ռուսաստանն են։ Այս հարցին մոտ ժամանակներս առանձին հոդվածով կանդրադառնամ:

Ցանկանում եմ կրկնել իմ խնդրանքը։ Հարգելի հայ ժողովուրդ, խնդրում եմ օգտագործել տարրական տրամաբանություն և միշտ փորձեք ստանալ տեղեկատվություն հուսալի աղբյուրներից, այլ ոչ թե սոցիալական ցանցերում տարբեր ծանոթներից, անհասկանալի կերպարներից, էլեկտրոնային ուրվականներից և խայտառակ մակարդակի անգրագետ փորձագետներից։