Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը հաջորդ երկուշաբթի Կենտրոնական հետախուզական վարչության հաջորդ տնօրենի թեկնածու է առաջադրելու փորձառու դիվանագետ Ուիլյամ Բըրնսին։ Բըրնսը նախագահներ Ռոնալդ Ռեյգանի ժամանակներից մինչեւ Բարաք Օբամայի վարչակազմ բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել` ներառյալ առաջին փոխպետքարտուղար (2008-2014) եւ Մոսկվայում ԱՄՆ դեսպան (2005-2008)։ «Ամերիկացիները հանգիստ իրենց գլուխը բարձին կդնեն, եթե նա լինի մեր հաջորդ ԿՀՎ տնօրեն», - ասել է ընտրված նախագահ Բայդենը։ Կասկածից վեր է, որ դեմոկրատական մեծամասնություն ունեցող Կոնգրեսը կհաստատի Ուիլյամ Բըրնսի թեկնածությունը, ով կլինի առաջին բարձրաստիճան դիվանագետը ԿՀՎ ղեկավարի պաշտոնում։ Ուիլյամ Բըրնսը ներկայումս զբաղեցնում է Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամի նախագահի պաշտոնը եւ տարբեր առիթներով մինչեւ 2016 թվականը եղել է Հայաստանում։ 2018թ ապրիլին գործող նախագահ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության վերաբերյալ նկարահանված «Համբերատար բանակցողը» ֆիլմում խոսել էր նաեւ Բըրնսը, ով բավական բարձր էր գնահատել Հայաստանի ղեկավարի արտաքին քաղաքականությունը։
Խոսելով հայ-թուրքական արձանագրությունների բանակցման ու արցախյան գործընթացի մասին, Բըրնսը ասել էր.
«Ես շատ հիացած էի այդ շրջանում նախագահ Սերժ Սարգսյանի անձնական դիվանագիտությամբ: Մեծ խիզախություն էր պահանջում առաջընթաց գրանցելու այդ փորձը: Խորապես ափսոսում եմ, որ նախագահ Սարգսյանի խիզախ դիվանագիտությամբ կնքված արձանագրությունները վերջնանպատակին չհասան, թեեւ դա իր ջանքերի պակասի պատճառով չէր… Այդ շրջանում մենք չէինք կապակցում հայ-թուրքական մերձեցման գործընթացում մեր ջանքերը Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների հետ: Ակնհայտորեն, Միացյալ Նահանգները հավատասած էին, որ երկու հարցերում էլ առաջընթացը կօգներ մեր բարեկամներին Հայաստանում այն իմաստով, որ սահմանի բացումը կօգներ Հայաստանի տնտեսությանը, իսկ ղարաբաղյան բանակցություններում առաջընթացը կօժանդակեր ռեգիոնում կայունության հաստատմանը: Մենք արել ենք մեր ջանքերի առավելագույնը այդ երկու գործընթացներին աջակցելու համար:
Խոսելով երկկողմ ու բազմակողմ օրակարգերի զարգացման ներուժի մասին, Բըրնսը եզրահանգել էր.
«Այս ամենը խոսում է ոչ միայն մեր հարաբերությունների առաջընթացի մասին, ոչ միայն Հայաստանի անվտանգության եւ բարեկեցության հարցում առաջընթացի մասին, այլեւ նշանավորում է Հայաստանում ուժեղ ու արդյունավետ առաջնորդության առկայությունը: Ես հուսով եմ, ու այս առաջընթացի հիման վրա մենք ապագայում էլ կշարունակենք խորացնել երկկողմ հարաբերությունները»: