Փոքրիկ Արփին առաջին քայլերը հոր գրկում է սովորել: Առաջին բառերով էլ շտապել է հայրիկի ծնունդը շնորհավորել: Արփին դեռ փոքր է, չի հասկանում, թե ինչու այլևս հայրիկի հետ Արցախում չէ, բայց հեռախոսին նայելուց պարտադիր արտաբերում է՝ պապա: Գեղամ Ուզունյանը 26 տարեկանում արդեն կապիտան էր, կենտրոնական պաշտպանական զորամասի հետախուզության պետ, զոհվելուց օրեր առաջ էին նրան այս կոչումը շնորհել: Սպայական սիրած ուսադիրը կապիտանինն էր, բայց երազում էր գեներալ դառնալու մասին: «Հենց պատերազմի ժամանակ նշանակվել է կենտրոնական պաշտպանական զորամասի հետախուզության պետ, ստացել է կապիտանի կոչում ու կատարել է մարտական խնդիրներ: Ջաբրայիլի մատույցներում իր անձնակազմով մոտ 3 օր հակառակորդի հրետանու շարասյունը են կանգնացրել ու սկսել են կռիվ տալ: Դիտարկման արդյունքում իմացել են, որ շրջափակման մեջ են, 40 հոգի իրենց վրա է գալիս, ու 40 հոգուն գլխովին ջարդել են, վիրավոր և զոհ չեն ունեցել: 3 օր էլ այդտեղ են մնացել»,- ասաց Գեղամ Ուզունյանի ընկերը՝ Լևոն Իսկանդարյանը: Նույն մարտի ընթացքում, երբ արդեն զինամթերքը սպառվել է, Գեղամն իր զինվորի հետ կրակի տակ գնացել ու զրահամեքենայից անհրաժեշտ զենքերն են բերել: Ընկերներն ասում են՝ Գեղամը չհանձնվող էր, նպատակասլաց, իրավիճակը սթափ գնահատող ու խուճապի չմատնվող: Հենց այս հատկանիշներն են օգնել երիտասարդ հետախույզ կապիտանին ճիշտ մարտ կազմակերպել ու շրջափակումից հանել մյուս վաշտին:
«Տեսել են, որ իրենց աջ կողմում շրջափակման մեջ մի վաշտ կա, մեր վաշտն էր, որ ընկել էր շրջափակման մեջ, էդ վաշտում բոլորի զոհվելն անխուսափելի էր, իսկ Գեղամն այդ վաշտի նահանջը պաշտպանել է իր 10 հոգանոց անձնակազմով: Շրջափակումից հանել է այդ վաշտին, հետ են քաշվել ու իրենք են ընկել շրջափակման մեջ: 2 օր էլ այդտեղ են մարտի տվել, ու էլի վիրավոր և զոհ չեն ունեցել»,- ասաց Լևոն Իսկանդարյանը:
Ընկերը ռազմական տերմիններով խոսելուց խուսափում է, բայց այն ինչ արել է Գեղամն իր փոքր հետախուզական ստորաբաժանումով՝ պարզապես սխրանք է: Կռվել են իրենց 4-5 անգամ գերազանցող հակառակորդի հետ ու միայն առաջին օրը փայլուն գործողություն են կատարել: Թշնամին գերազանցում էր, իսկ հրետանու շարասյունն՝ առաջանում: Գեղամն իր հնարամտությամբ կարողացել է հարթավայրում՝Ջաբրայիլում կամ Մեխակավանում հիմնովին ջախջախել առաջ եկող թշնամուն: Գեղամի հաջորդ մարտական առաջադրանքը եղավ ճակատագրական:
«Առաջադրանքը փայլուն կատարել է, հետ գալուց թողել է որ մեր կալոնան անցնի, սպասել է, որ վերջին զինվորներն էլ դուրս գան, դուրս են եկել ու դեպքը պատահել է: Թշնամու ԱԹՍ-ից զոհվել են ինքն ու իր սերժանտը»,- ասաց Լևոն Իսկանդարյանը:
Հետախույզների մասին երկար չեն խոսում, նրանց սխրանքներն էլ երբեմն չեն բարձրաձայնում: Գեղամն արժանի էր թե՛ իր սպայական ուսադիրներին, թե՛ կոչմանը, ասում են նրան ճանաչողները:
«Բարձր վերադաս հրամանատարությանը անձամբ խնդրել է, որ 50 հոգանոց անձնակազմ տան, և ինքը Հադրութը կազատագրի, պատրաստ է եղել, սակայն մեր վերադասը համարել է, որ այդ քայլը ճիշտ չի, չի տրամադրել, նորից է խնդրել, 3 անգամ չեն տվել անձնակազմ»,- ասաց Լևոն Իսկանդարյանը:
Գեղամի պատվոգրերը, շնորհակալագրերն ու մեդալներն այս սեղանին չեն տեղավորվում, դրանցից մի քանի մասին չեն էլ բարձրաձայնում, քանի որ խիստ կարևոր գործողություններից հետո է նրան շնորհվել: Մոնթե Մելքոնյանի անվան ռազմարզական վարժարանն ավարտելուց հետո, Գեղամն ուսումնառությունը շարունակում է Մոսկվայում, ավարտում է կարմիր դիպլոմով, արժանանում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի խրախուսանքին, վերադառնում Հայաստան ու իր կամքով ծառայության անցնում Արցախում՝ լեյտենանտի ուսադիրներով:
«Գեղամն 8-րդ դասարան էր, հարցրի՝ ինչ ես ուզում դառնաս, ասաց՝ պապ, կամ բժիշկ, կամ զինվորական, ասացի տղա ջան, բժշկականի վարձ չենք կարող տալ, ասաց դե զինվորական կդառնամ ու գնաց Մոնթե»,- ասաց Գեղամի հայրը՝ Նշան Ուզունյանը:
Գեղամի հայրը մասնակցել է Արցախի առաջին պատերազմին, այս անգամ էլ կամավորագրվել էր, սակայն որդին հորդորեց մի քիչ սպասել:
«Ջղայնանում էր, ասում է՝ բիձա մարդ ես, գաս ինչ անես ստեղ, ասի չէ, պիտի գամ, ասաց լավ, որ գաս արի Ստեփանակերտ, հետո ասաց պապ, 2 օր հետո գալու եմ, դե ես ինչ իմանայի, որ էդ գիշեր պիտի հանձնարարության գնային: Ասում էր՝ կգամ տուն: էն էլ 2 օր հետո եկավ… »,- ասաց Գեղամի հայրը Նշան Ուզունյանը:
Մոսկվայում սովորելու ընթացքում 4 ընկեր էին: Պատմում են, Գեղամը դիվանագետ էր, միշտ հարթում էր ազգամիջյան կռիվներն ու կոնֆլիկտները: Գեղամը ամենալավ ուսանողն էր, միջազգային մրցույթներում առաջին կամ երկրորդ հորիզոնական զբաղեցնողը: Գեղամը ծառայակիցներին դժոխքից փրկողն էր, բնավորությամբ չհանձնվողը ու նպատակասլացը: Գեղամը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի մեդալի:
Մանրամասները՝ տեսանյութում