Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 05/12/2020 15:22
Գագիկ Ծառուկյանը մտավ ԱԱԾ | Լևոն Տեր-Պետրոսյանը զգուշացրել է Փաշինյանին ու Վազգեն Մանուկյանին | Ադրբեջանցի զինյալները ևս 750մ և կարևոր հենակետ են պահանջում սյունեցիներից. Ահազանգ Արավուս գյուղից | Դու պետք է լռես, Նիկո՛լ Փաշինյան. Սերժ Սարգսյան | Հանրահավաք Ազատության հրապարակում․ ՈՒՂԻՂ | «Վտանգված է Սյունիքը». Քաջարանի քաղաքապետն ու ավագանու անդամները պահանջելում են վարչապետի հրաժարականը | Ինչ է կատարվում Երեւան-Աբովյան ավտոճանապարհին | Շատ ուրախ եմ մեր թիմի համար․ Բայրամյանը՝ Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես գալու մասին |

Հարցազրույցներ

Առաջնագծի սպիտակ զինվորը. զրույց բժիշկ-սրտաբան Հարություն Ղազարյանի հետ
Առաջնագծի սպիտակ զինվորը. զրույց բժիշկ-սրտաբան Հարություն Ղազարյանի հետ
29/10/2020 11:43

Հարցազրույց այս օրերին առաջնագծում իր պարտքը կատարող բժիշկ- սրտաբան Հարություն Ղազարյանի հետ:

 

- Ինչպիսի՞ն  է հոգեվիճակը Արցախում հիմա:

- Հոգեվիճակը միանշանակ հաղթական է բոլորի մոտ և ամենակարևորը հաղթական հոգեվիճակի էպիկենտրոնում սերն է միմյանց և հայրենիքի նկատմամբ։ Եվ դա որևէ բանով հնարավոր չէ կոտրել։

- Ձեզ հետ կամավորագրված բժիշկ-ուսանողները շա՞տ են, ու ինչքանո՞վ են նրանք կարողանում հաղթահարել առաջնագծի ծանր հոգեկան վիճակը:

-Այո, բժշկական համալսարանից կամավորագրված ուսանողները բավական շատ են, նրանք ակտիվորեն օգնում են վիրավորների տեղափոխման հարցում։ Բժշկական մասնագիտություն ընտրած մարդու համար ամենամեծ գաղափարը սերն է` սեր մարդու հանդեպ, և յուրաքանչյուրը՝ թե՛ ուսանող, թե՛ բժիշկ ,առաջնորդվում է հենց այս գաղափարով։

Հոգեվիճակը բավական ծանր է. բժիշկը տեսնում է ամենածանր դեպքերը, բնականաբար չի կարող դա անդրադարձ  չունենալ իր հոգեկան վիճակի վրա, սակայն գիտակցում է, որ եթե ոչ ինքը, ապա ո՞վ, և այս մտածումով առաջնորդվում է ծանր պահերին` բուժելու և օգնելու առաքելությամբ։ Ինձ բախտ վիճակվեց ճանաչել բժիշկ-ուսանողներից մեկին` Վահեին, ով դարձավ ինձ համար շատ հարազատ մարդ ու լավ ընկեր։ Ես ամեն օր հիանում եմ իր տեսակով ու նվիրումով։ Նա չունի վախ նույնիսկ, երբ գնում ենք այն տեղերը, որտեղ ակտիվ ձևով հրետակոծվում է, և երբ ասում եմ գնացի՞նք Վահե` զինվոր ունենք տեղափոխելու, նա առաջինն է նստում մեքենայի մեջ, որովհետև նրան առաջնորդում է միայն օգնելու գաղափարը` թեկուզ կյանքի գնով։ Օրերս ունեցանք մեծ ցավ ու կորուստ հայրենիքի համար. հերոսաբար զոհվեց Վահեի եղբայրը։ Վիշտը աննկարագրելի ծանր է, սակայն Վահեն ևս հերոս է և շարունակում է իր մեծ առաքելությունը՝ վիշտը սրտում պահած։

- Իսկ Դուք ինչպե՞ս եք հաղթահարել այդ հոգեբանական դժվարությունները։

- Աստված ինձ մանկուց տվել է մի աներևույթ դեղամիջոց, սակայն դրա մասին դեռ չեմ ուզում խոսել, դրանով ամեն օր կարողանում եմ մեղմել այդ դժվարությունները:

- Որո՞նք են այն ամենաթեժ կետերը, որտեղ բժիշկի աշխատանքը ամենաշատն է զգացվում:

- Ամենաթեժ կետերը, եթե դիտենք մասնագիտական տեսանկյունից, կարելի է ասել ամենուր են` սկսած ռազմաճակատից վերջացրած թիկունքի հոսպիտալներով։ Ամենուր կատարվում են կյանք փրկող միջամտություններ։

- Ինչպիսի՞ վնասվածքներ են ավելի շատ հանդիպում պատերազմի դաշտում։

- Պատերազմում հանդիպում են ամենատարբեր վնասվածքները։ Աշխարհը քաջատեղյակ է ադրբեջանական կողմի կիրառվող ամենատարբեր անմարդկային զինտեխնիկայի օգտագործման մասին, որոնցից առաջացած վնասվածքները, ցավոք, ծանր, երբեմն անդառնալի հետևանքներ են ունենում։

 

- Քանի՞ վիրահատություն եք կատարում մեկ օրվա ընթացքում։

- Վիրահատությունների թվերը բավական տարբեր են, որովհետև մեկ տեղում չէ, որ կատարվում են, այլ բազմաթիվ հոսպիտալներում և կոնկրետ թիվ նշելը անհնար է։

- Օրվա մեջ հանգստանալու հնարավորություն լինու՞մ է, թե՞ իրադարձությունները շատ ավելի արագ են զարգանում։

- Մենք բժիշկներով ասում ենք` մեր հանգստանալու ժամանակը զինվորի տեղափոխման ընթացքում նրա ձեռքը բռնած ժամանակն է։ Մանավանդ, երբ զինվորը ժպտում է` չնայած ստացած տարբեր աստիճանի վնասվածքների։ Այդ ժամանակ մենք լիցքաթափվում ենք, կարծես հանգստացած լինենք մի ամբողջ ամիս։

- Ինչքանո՞վ է զարգացած բժիշկների պատրաստվածությունը պատերազմական իրավիճակում։

- Բժիշկները բավականին պատրաստված են` հպարտանալու տեղ ունենք։ Անում ենք ամեն ինչ, որպեսզի փրկենք ևս մի զինվորի կյանք։ Քնի մասին ընդհանպես չենք մտածում` այս օրերին կարևորը զինվորներն են։

- Ինչի՞ կարիք ունի հիմա բժիշկը առաջնագծում։

- Բժիշկը առաջնագծում այս պահին միայն մեկ բանի կարիք ունի՝ լսելու, որ այլևս վիրավոր զինվոր չկա։


- Եթե, Աստված մի արասցե, նման իրավիճակ էլի ստեղծվի հետագայում, էլի՞ կգնաք առաջնագիծ։

- Նման իրավիճակի մասին անգամ չեմ ցանկանա, որ ինչ-որ մեկը լսի,  սակայն, Աստված մի արասցե, կրկին լինելու դեպքում, այո՛, մենք կանգնած ենք մեր զինվորի և մեր հայրենիքի կողքին` չխնայելով մեր կյանքը։ 

- Ի՞նչ կմաղթեք առաջնագծի զինվորներին և թիկունքում գտնվողներին։

-Առաջնագծի զինվորներին մաղթում եմ տոկունություն, կայունություն, խաղաղություն, քաջություն չեմ ասի,  որովհետև նրանք անգերազանցելի քաջ են։ Հպարտ եմ յուրաքանչյուրով։

Իսկ թիկունքում գտնվողներին կասեմ շնորհակալություն հերոսածին մայրերին, իսկ մնացածին մաղթում եմ համբերություն և մեծ ուժ։ Մենք պայքարում ենք մեր հայրենիքի ազատության համար, իսկ դա բարի գործ է, Աստված մեզ հետ է, և մենք անպայման հաղթելու ենք։

 

Էլեն Հակոբյան

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանողուհի,

ապագա լրագրող