08:40- Սեպտեմբերի 28-ի վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՊՆ, ԶՈՒ ԳՇ և ԶՈԻ ղեկավար անձնակազմի հետ: Նախարարին է զեկուցվել արցախա-ադրբեջանական շփման գծում  և Հայաստանի պետական սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակը։ 
Խորհրդակցության առանցքում էր ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը։ 
Դավիթ Տոնոյանը տվել է  համապատասխան հանձնարարականներ հակառակորդի զսպմա, նախահարձակ գործողությունների կազմաքանդող հակազդման և պաշտպանական բանակին անհրաժեշտ աջակցության ցուցաբերման  շուրջ։  [ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան]

 

08:39- Գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են տարբեր   ինտենսիվությամբ։ Վաղ առավոտյան հակառակորդը  վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ։ 
Հայկական ստորաբաժանումները սառնասրտորեն դիմագրավում են ադրբեջանական ստորաբաժանումների ոտնձգությունները և ձեռնարկում համապատասխան գործողություններ՝ պատճառելով հակառակորդին անձնակազմի և տեխնիկայի զգալի կորուստներ։ [ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան]

 

08:30- Այսօր վաղ առավոտյան Արցախի ազատամարտիկների միությունում հանդիպեցի տղաներին:

Նրանք մեկն են մեր հարյուրավոր կամավորական այն խմբերից, ովքեր երեկվանից մեկնում են առաջնագիծ հայրենիքի պաշտպաններին թիկունք կանգնելու համար: 

Սա է մեր ժողովրդի անպարտ լինելու ֆենոմենը: 
Հաղթանակն անկասկած մերն է լինելու: 

Փա՛ռք հայ ժողովրդին:
Կեցցե՛ մեր ազատ հայրենիքը, որտեղ հազարամյակներ ի վեր պետք է արարեն մեր սերունդները: [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]

 

08:00- Սեպտեմբերի 27-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակվել են ևս 15 զինծառայողներ:

Ներսիսյան Սասուն Գրենիկի, ծնվ. 2002թ.

Խաչատրյան Խորեն Յուրայի, ծնվ. 1983թ.

Գրիգորյան Արմեն Նիկոլայի, ծնվ. 1984թ.

Աղասարյան Յուրի Հայկի, ծնվ. 2001թ.

Աճեմյան Գարիկ Արամի, ծնվ. 2002թ.

Գալոյան Գևորգ Մարզպետի, ծնվ. 2001թ.

Աբրահամյան Գուրգեն Վարդանի, ծնվ. 2001թ.

Յարավյան Գոռ Հրանտի, ծնվ. 2002թ.

Ափոզյան Հովհաննես Օնիկի, ծնվ. 2000թ.

Հովհաննիսյան Արեն Կարենի, ծնվ. 2002թ.

Բեգլարյան Հայկազ Աշոտի, ծնվ. 2000թ.

Գաբրիելյան Էրիկ Ռոմայի, ծնվ. 1979թ.

Հայրապետյան Գուրգեն Էդուարդի, ծնվ. 1988թ.

Մովսիսյան Արթուր Սլավիկի, ծնվ. 1981թ.

Միխայելյան Վազգեն Լևոնի, ծնվ. 1998թ. [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]

 

01:10- Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրության վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի, Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնի, Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի և Հունաստաի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ: [ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]

00։49 - Դադարեցվում է բժշկական կազմակերպություններ պլանային կարգով հիվանդանոցային բուժօգնության համար դիմած պացիենտների ընդունումը: Կիրականացվեն բացառապես վերակենդանացման միջոցառումներ կամ անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող պացիենտների ընդունում: Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն ստացող պացիենտների առողջական վիճակը գնահատելուց հետո կապահովվի վերջիններիս դուրսգրումը։ Լիահույս ենք, որ մեր հայրենակիցները կհետաձգեն իրենց պլանային այցելությունները մինչև ռազմական դրության ավարտը: [ՀՀ ԱՆ]

 

00:28-Միջազգային արձագանքը եղել է շատ բուռն, միջազգային բոլոր հեղինակավոր կազմակերպությունները հայտարարություններ են ընդունել, արձագանքել են իրավիճակին՝ սկսած ՄԱԿ-ից, ԵԱՀԿ-ից, ԵԽ-ից։ Հիմնական մեսսիջն այն է, որ պետք է կանգնեցնել պատերազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների, այսինքն՝ խաղաղ ճանապարհով լուծել հարցը։ Որոշ հայտարարություններում նշված է, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում։ [ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյան]

 

00:19-Ակտիվ աշխատանքներ ենք տարել միջազգային տարբեր կառույցների հետ․ նախ իրազեկել ենք իրավիճակի մասին, նպատակ ենք ունեցել, որ արտերկրում մեր գործընկերները իմանան, թե ով է նախաձեռնել հերթական ագրեսիայի ակտը, և պատահական չէ, որ հետո մի շարք հայտարարություններ հնչեցին (և մինչև հիմա այդ գործընթացը շարունակվում է), որտեղ տարբեր կառույցներ, քաղաքական տարբեր գործիչներ ուղղակի մեղադրում են Ադրբեջանին ագրեսիա սկսելու համար և իրենց աջակցությունն են հայտնում Արցախի ժողովրդին։ [ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյան]

 

00։11- Առավոտվանից կապի մեջ ենք ԵԱՀԿ գործող նախագահի անձանական ներկայացուցչի հետ, այս ագրեսիայի մասին տեղեկացված են նաև ՄԽ համանախագահները։ Համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ։ Արցախի ԱԳՆ-ն ևս հայտարարություն է ընդունել, որտեղ նշվել է, որ ագրեսիայի հեղինակը Արդբեջանն է։ Ընդհանրապես, միշտ ագրեսիվ գործողություններն իրականացվել են ադրբեջանական կողմից, բայց միշտ ապարդյուն իր համար։ Համոզված ենք, որ այս անգամ ևս հաղթանակը մերն է լինելու։ [ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյան]

 

00։09- Այսօր ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակավայրերի հրետակոծության հետևանքով մեկ հղի կին էլ է լրջորեն վիրավորվել: Բարեբախտաբար, մեր բժիշկների պրոֆեսիոնալ միջամտության շնորհիվ երեխան էլ է փրկվել, մայրիկն էլ: [ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյան]

 

00։07- Արցախում էս պահին կա խնդիր կապի հետ․ չեն գործում կանխավճարային համակարգը, հետվճարայինի շարժական համացանցը և SMS-ը: Պատճառը Ադրբեջանի թիրախավորված գործողություններն են: «Ղարաբաղ Տելեկոմի» և արտադրող ընկերության մասնագետներն աշխատում են խնդիրը կարգավորելու ուղղությամբ:։ Էս որ շատ չանհանգստանաք։ [Սամվել Մարտիրոսյան]

 

27.09.2020

 

23։50- Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողները

Արզումանյան Հասմիկ Սմբատի, ծնվ. 1985թ.

Վարդանյան Լեռնիկ Արեգի, ծնվ.1978թ.

Մինասյան Գյորգի Լյովայի, ծնվ.1979թ.

Խաչատրյան Հովիկ Լյովայի, ծնվ.1990թ.

Մնացականյան Աշոտ Կոլյայի, ծնվ. 1979թ.

Հարությունյան Ագսեն Անդրանիկի, ծնվ. 1997թ.

Մարդիյան Արսեն Գարիկի, ծնվ. 1999թ.

Գալստյան Ռուբեն Մնացականի, ծնվ. 2000թ.

Թորոսյան Դավիթ Մխիթարի, ծնվ. 2001թ.

Ֆիլիպոսյան Տարոն Հրայրի, ծնվ. 2000թ.

Գրիգորյան Մայիս Մակարի, ծնվ. 2001թ.

Խլղաթյան Գառնիկ Էդգարի, ծնվ. 2001թ.

Սահակյան Էրիկ Սմբատի, ծնվ. 2001թ.

Մարգարյան Կարեն Վահրամի, ծնվ. 2000թ.

Օհանյան Դավիթ Էդվարդի, ծնվ. 2000թ.

Բարսեղյան Վրեժ Արսենի, ծնվ. 2001թ.

Ցավակցում ենք զոհվածների հարազատներին և կիսում կորտսյան ծանր վիշտը: [ՀՀ ՊՆ խոսնակ]

 

23:40- Խորվաթիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Տոնինո Պիկուլան թվիթերյան իր միկրոբլոգում Ադրբեջանին կոչ է արել վերադառնալ բանակցային գործընթացին ԵԱՀԿ-ի հետ համաձայնեցված կարգավորման երեք հիմնարար սկզբունքների շուրջ` տարածքային ամբողջականություն, ինքնորոշում և հատկապես ուժի կիրառման բացառում։ «Նաև կոչ եմ անում բոլոր միջազգային դերակատարներին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին աշխատել երկու կողմերի հետ», նշել է պատգամավորը։ [Արցախ / Տեղեկատվական շտաբ]

 

23:39- Ըստ հետախուզության տվյալիների' Սիրիայից մոտ 4000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին։ Ճշտված տեղեկություններով` գրոհայինների շարքում կա 81 զոհ։ [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]

 

22։56- Արդեն ամսից ավելի է՝ ամեն օր իրականացնում են հետախուզական թռիչքներ․ F-16-ները աշխատել են, Bayraktar կոչվող աթս-ներ, որ թուրքական ռազմական ուժի պարծանքն են, հիմնականում օգտագործվել են։ Դա արդեն ապացույց է։ Ունենք փաստեր, որ վերջին մի քանի օրերին տասնյակ ինքնաթիռներ ռազմական ուղևորափոխադրող թռիչքներ են իրականացրել Բաքու։ Բայց կոնկրետ փաստաթղթեր այս պահին չունենք։ [Արցախի նախագահը՝ Ադրբեջանի կողմից թուրքական զինտեխնիկայի օգտագործման ապացույցների մասին]

 

22։50- Մենք կարիք ունենք, որ  միջազգային դիտորդները հետաքննություն իրականացնեն և կոչ անեն ձեռնարկել միջազգային քաղաքական և դիվանագիտական քայլեր՝ սրացումները և ողբերգությունը կանխելու համար: Կո'չ արեք Բաքվին դադարեցնել ուժի կիրառումը, դադարեցրե՛ք Ադրբեջանին ԱՄՆ-ի ռազմական օգնությունը, որն օգտագործվում է հայերի դեմ, և զգուշացրե՛ք Թուրքիային, որ զենք և մարտիկներ չուղարկի Բաքու։ [Քիմ Քարդաշյան]

 

22։46- Նիկոլ Փաշինյանն այցելել է ՊՆ և հանդիպում ունեցել ԶՈՒ ղեկավար կազմի հետ։ ԶՈՒ բարձրագույն սպայակազմը վարչապետին է ներկայացրել ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում հակառակորդի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված օպերատիվ իրավիճակը։ Փաշինյանը նշել է՝ ՀՀ զինված ուժերի խնդիրը մեկն է՝ հաղթանակը, և ողջ հայ ժողովուրդը միասնական կերպով ինչպես միշտ կանգնած է բանակի կողքին:

 

22։44- ՊԲ ստորաբաժանումների հակագրոհի արդյունքում առգրավվել է հակառակորդի 11 միավոր զրահատեխնիկա՝ իրենց մարտական լրակազմով, այդ թվում՝ ՀՄՄ-3։ [ՊՆ խոսնակ]

 

22։36- Լայնածավալ պատերազմի ընթացքում լինում է ժամանակ, որ դիրքերը այդ փուլում այդքան չեն կարևորվում։ Սա Ապրիլյան պատերազմը չէ, սա Հուլիսյան պատերազմը չէ, դրա համար հետ ենք վերցրել, թե ոչ, այս փուլում նշանակություն չունի։ Պատերազմի ժամանակ ցանկացած կողմի, հատկապես հարձակվող կողմի գլխավոր խնդիրն է կաթվածահար անել բանակի մատակարարումը, բանակի  ուժերը, խանգարել բանակին՝ իրականացնելու իր պաշտպանական խնդիրները․ թշնամուն սա չի հաջողվել, և սա ամենամեծ ձեռքբերումն է։ Ադրբեջանի առաջին օրվա խնդիրը չի կատարվել։ [Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան]

 

22։31- Միջազգային հանրության արձագանքը ես բավարար չեմ կարող համարել, քանի որ երևում է ոչ միայն թուրքական զենքի, զինամթերքի, զինուժի օգտագործում, այլ նաև Թուրքիայի իշխանությունների, տարբեր գերատեսչությունների կողմից հայտարարություններ՝ ի աջակցություն Ադրբեջանին։ Հակառակը, կհամարեմ անբավարար, որովհետև սա Ղարաբաղաադրբեջանական կոնֆլիկտից արդեն դուրս է վաղուց։ [Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան]

 

22։24- Պետք է պատրաստ լինենք պատերազմի բոլոր սցենարներին՝ կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ։ Այն, որ պատերազմը լայնածավալ է, և որ Ադրբեջանն օգտագործել է իր ամբողջ զորքը և ռազմական տեխնիկան, դրա վառ ապացույցն է։ [Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան]

 

22։10- Արցախը կռվում է՝ օգտագործելով միայն ԱՀ ՊԲ ուժերը, և կլինեն կամավորներ միայն Հայաստանի Հանրապետությունից։ ՊԲ-ն պատվով կատարում է իր առջև դրված խնդիրը։ Դիրք կորցրել ենք, դիրքեր գրավելու ենք․ պատերազմի արդյունքները մեզ համար կանխատեսելի են։ Ծրագիրը, որ ունի թշնամին, ձախողվելու է։ [Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան]

 

22։06 - Մեզ հետ կռվում է ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև Թուրքիան։ Օգտագործում են թուրքական բանակի ձեռքի տակ եղած ժամանակակից զենքերն ու զինամթերքները՝ անօդաչուներ և ինքնաթիռներ։ F-16-ները, որ ամսից ավելի է Ադրբեջանում են, սովորական զորավարժության անվան տակ օգտագործում են առավոտից մինչ այժմ։ [Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան]

 

22։02 - ՊԲ-ն հիմնականում առավոտյան՝ ժամը 7-ին, պատրաստ էր պատերազմի։ Հարձակումը ամբողջ երկայնքով՝ Օմարից մինչև Արաքս։ Այո, ունենք կորցրած դիրքեր․ հիմնականում Թալիշի ուղղությամբ և հարավային կողմում։ [Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան]

 

21։59 - Հակառակորդը փորձել է Մռավ լեռը վերցնել վերահսկողության տակ, սակայն փորձը հետ է մղվել: Lեռը գտնվում է հայկական կողմի վերահսկողության տակ։ [Արցախի ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար] |hetq.am|

 

21։56 - Այս պահի դրությամբ հակառակորդն ունի 4 ուղղաթիռի կորուստ, 33 տանկի և հետևակի մարտական մեքենայի կորուստ, 27 ԱԹՍ-ների և 2 ինժեներական զրահատեխնիկայի կորուստ։ Ադրբեջանն ունի նաև բարձրաստիճան զինվորականների կորուստ։ [Արցախի ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար] |hetq.am|

 

21։45 - Մենք լավ գիտենք, որ թալիշներին, լեզգիներին և այլ փոքրամասնությունների Ադրբեջանը մշտապես օգտագործել է՝ թշնամություն սերմանելով հայ ժողովրդի նկատմամբ, զորակոչում համամասնությունը խախտելով, այսինքն՝ այս փոքրամասնություններին պատկանող զորակոչիկներին կամ պահեստազորայիններին մշտապես ուղղորդելով առաջնագիծ և հաշվի չառնելով նրանց կյանքի իրավունքը և այլ հարցեր։ Մենք այս հարցը բարձրացրել ենք և մեր կովկասցի եղբայր ժողովուրդներին միշտ ապացուցել ենք ադրբեջանցիների վարած քաղաքականությունը։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

21։34 - Շատ շնորհակալ ենք բոլոր կամավորներին հայրենիքին նվիրված ծառայություն կատարելու համար․ կամավոր է թե պահեստազորային է՝ տարբերություն չկա։ Նման աշխատանքները համակարգում են ՀՀ զինված ուժերը, ամեն ինչ պետք է իրականացվի ՀՀ օրենքների հիման վրա և ՀՀ ԶՈՒ վերահսկողության ներքո։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

21։28 - Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը, թե իբր ադրբեջանական բանակը վերահսկողության տակ է առել Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղին, իրականությանը չի համապատասխանում։ [ԱՀ ՊԲ]

 

21։26 - Մենք այս պահին տիրապետում ենք որոշակի հստակություն պարունակող տեղեկությունների և՛ գրոհայինների մասով, և՛ Թուրքիայի միջամտության մասով, և՛ թուրքական արտադրության զինատեսակների կիրառման մասով ադրբեջանական ԶՈՒ-ում։ Դրանք արդեն կասկած չհարուցող փաստեր են, բայց բաներ կան, որ ճշգրտումների կարիք ունեն։ Ժամանակի ընթացքում կհավաքենք ավելի շատ փաստեր և հստակ ապացույցներով կխոսենք։ [Արծրուն Հովհաննիսյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչ տեղեկություններ կան սիրիացի գրոհայինների վերաբերյալ]

 

21։17- Ադրբեջանը օրվա ընթացքում ոչ մի նյութ չի տեղադրել որևէ բնակավայր «ազատագրելու» կամ փաստացի գրավելու մասին։ Եղել են բարձրագոչ հայտարարություններ, բայց նույնիսկ կեղծ տեսանյութեր չկային։ Մեկ տեսանյութ են հրապարակել, իբր Մարտակերտը լքող բնակիչների մասին, բայց պարզվեց 2015-16թթ․այլ միջադեպից մոնտաժ արված նյութ էր։ Նույնիսկ որևէ մեկ դիրքի, զինտեխնիկայի խոցման կադր չեն հրապարակել։ Դրան հակառակ՝ մենք ցուցադրել ենք փաստագրական մի քանի տեսանյութեր, որտեղ երևում է նրանց տեխնիկաների ոչնչացումը։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

21։08 - Առավոտյան էլ նշեցի, որ Վարդենիսի տարածաշրջանը ենթարկվել է հրետակոծության։ ինչ վերաբերում է ՀԱՊԿ դիմել-չդիմելուն, ես իրավասու չեմ այդ հարցին պատասխանել։ Վաղ առավոտյան ՀԱՊԿ-ի մասով կարող ենք կոնկրետ տեղեկություններ հաղորդել։ [Արծրուն Հովհաննիսյանը՝ ի պատասխան հարցին, թե արդյո՞ք Հայաստանի սահմանին ևս լարվածություն կա, և քննարկումներ ընթանո՞ւմ են ՀԱՊԿ-ի հետ]

 

21։07 - Մոտ հարյուր վիրավորներից, որ կրել են հայկական բանակի ստորաբաժանումները, 10 զինծառայող տեղափոխվել է Երևան, ստացել բուժօգնություն, մնացածի վիճակը առավել թեթև է։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

21։04 - Մարտերը այս պահին դեռ շարունակվում են։ Հակառակորդը ունի զգալի կորուստներ․ մոտ երկու հարյուր մարդկային կորուստ, երեք տասնյակին մոտ զրահատեխնիկայի կորուստ և երկու տասնյակին մոտ ԱԹՍ-ներ։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

20։51- ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով, այն է՝

  •  պարտադրել Ադրբեջանին դադարեցնելու քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը ՀՀ-ի և Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով,
  •  պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ ոչ ընտրանքային հարձակողական գործողություններից,
  • պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը թիրախավորելուց: [ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ]

 

20:46- Մեզ պատերազմ է հայտարարված, լայնածավալ եւ դաժան պատերազմ, որտեղ թշնամին չի ուզում հաղթել մեզ, թշնամին ուզում է մեզ ոչնչացնել: Ադրբեջանի Հանրապետությունը, չնայած բազմաթիվ հավաստիացումներին զանազան միջազգային հարթակներում, չի ուզում ընդգրկել Արցախի հայությանը Ադրբեջանի Հանրապետության կազմում եւ տալ քաղաքացիություն՝ դրանից բխող իրավունքներով եւ պարտականություններով: Ադրբեջանն ուզում է Արցախը՝ առանց արցախահայության: [Արարատ Միրզոյան]

 

20։45- Ուշադիր հետևում ենք Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում իրավիճակի զարգացմանը և երկու կողմին էլ կոչ ենք անում զսպվածություն դրսևորել և դադարեցնել հակամարտության սրումը: Եգիպտոսը խնդրում է բոլոր կողմերն երկխոսություն սկսել՝ խաղաղ միջոցներով կարգավորման հասնելու նպատակով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում միջազգային օրինականության համաձայն։ [Եգիպտոսի ԱԳՆ] |tert.am|

 

20:20- Ցանկացած ագրեսիային մեր պատասխանը եղել է, կա և լինելու է խաղաղության վերահաստատումը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և անվտանգության ամրապնդումը: Համախմբումը մեր հաղթանակների անվերապահ գրավականն է: Այս պահին պիտի մի կողմ դնենք բոլոր քաղաքական տարաձայնություններն ու անձնական հակառակությունները և դառնանք ամուր թիկունքը մեր զինված ուժերի: [ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան]

 

20:18- Այս պահին հաստատված 2 զոհ կա, վիրավորների առումով թվերը ճշտվում են, 30-ից ավելի վիրավորների մասին է հայտնի քաղաքացիական բնակչության շրջանում: [ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյան] |azatutyun.am|

 

20։13- Կոչ ենք անում լիցքաթափել իրավիճակը և վերադառնալ երկխոսության առկա ձևաչափերին: Տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը կարևոր են Մոլդովայի ավանդական գործընկեր հանդիսացող երկու երկրների և ժողովուրդների զարգացման և բարգավաճման համար։ [Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարության հայտարարությունը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման կապակցությամբ] |tert.am|

 

 

19։58- 13 տարի մենք մեզ ասել ենք՝ եկեք չքննարկենք Արցախի ճանաչման հարցը, որովհետեև դա կարող է առավել սրել իրավիճակը։ Մենք չգիտենք՝ ինչ է լինելու վաղը։ Ադրբեջանը թքել է միջազգային բոլոր պայմանագրերի վրա՝ չհարձակվելու քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։ Առաջարկում եմ համարել մեկնարկած Արցախի ճանաչման գործընթացը։ Սա միջազգային հանրության դեմ ուղղված չէ, խաղաղ բանակցային գործընթացին ուղղված չէ։ Գործ ունենք մի թշմնամու հետո, որի հետ խաղաղության լեզվով խոսել հնարավոր չէ։ [Նաիրա Զոհրաբյան]

 

19։56- Իրանն ուշադիր հետևում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության  միջև ռազմական ընդհարմանն ու կոչ է անում կողմերին ցուցաբերել զսպվածություն, անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել բանակցություններ։ Իրանը պատրաստ է օգտագործել իր բոլոր կարողությունները զինադադար հաստատելու և կողմերի միջև բանակցություններ սկսելու ուղղությամբ։ [Իրանի ԱԳՆ խոսնակ] |civilnet.am|

 

19։51- Մի քանի րոպե առաջ նորից ԱԹՍ խոցեցին մերոնք: [Արծրուն Հովհաննիսյան]

 

19։46- Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, որն իր գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ լայնամասշտաբ ռազմական գործողության սանձազերծման հետևանքով արցախա-ադրբեջանակն շփման գծում ստեղծված իրավիճակը։ [Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյան] |armenpress.am|

 

19։43- Այսօր, իմ գնահատմամբ, մենք ամուր ենք կանգնած սահմանին, բայց գուցե լայնածավալ հարձակման ընթացքում լինեն դիրքային զիջումներ։ Մենք Մարտակերտն էլ էինք տվել, բայց հինգ տարի հետո վերցրել ենք։ Մենք օրեր ենք ապրել դաժան ու ծանր, բայց մարդիկ գիտակցել են, որ գնում են զոհաբերության։ Այսօր ես ու իմ պես շատերը կանգնած են իրենց թոռների, իրենք երեխաների ազատ հայրենիք ունենալու համար։ Այս պատերազմը ադրբեջանցիները սկսել են եւ մեր վերջնական հաղթանակի հիմքն են դրել։ Մենք վերջնական կհաղթենք, եւ այդ բոլոր հարցերի լուծումները կտա այս պատերազմը։ [Սասուն Միքայելյան]

 

19:38- Ադրբեջանի խորհրդարանը օրվա երկրորդ կեսին հրավիրված դռնփակ նիստի ընթացքում որոշել է երկրի մի շարք շրջաններում ռազմական դրություն և պարետային ժամ հայտարարել։ Այս մասին հաղորդում են ռուսական առաջատար լրատվական գործակալությունները՝ TACC-ը և «Ինտերֆաքսը»։ Ադրբեջանական APA գործակալությունը, վկայակոչելով Միլի Մեջլիսի դռնփակ նիստի մասնակիցներից մեկին՝ պատգամավոր Հիքմեթ Բաբաօղլուին, տեղեկացնում է, որ ռազմական դրությունը գործելու է Բաքվում, Գյանջայում, Եվլախում և երկրի մի շարք այլ բնակավայրերում։ |azatutyun.am|

 

19:34- Ադրբեջանի ռեժիմը շարունակում է քաղաքացիական բնակչության ջարդերը: Հենց հիմա՝ Ստեփանակերտում: Միջազգային հանրությունը մտադի՞ր է գործել, թե շարունակելու է անպատժելիության քաղաքականությունը: [Իսպանիայի Սենատի անդամ Կարլես Մուլետ Գարսիա] |armenpress.am|

 

19:33- Հայկ Կոնջորյանը նամակներով դիմել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին, գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլային, ղեկավար կազմի մյուս անդամներին և 57 պատվիրակությունների անդամ պատգամավորներին՝ տեղեկացնելով վաղ առավոտից Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի և քաղաքացիական բնակչության նկատմամբ հանցավոր գործողությունների մասին։

 

19։32- Եվրոպական խորհրդարանի կիպրոսցի պատգամավոր Լուկաս Ֆուրլասը լիակատար աջակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որը հարձակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից:

«Որպես Եվրախորհրդարան-Հայաստան բարեկամության հանձնախմբի նախագահ՝ ես հրատապ նամակ եմ հղել Եվրահանձնաժողովին՝ իրազեկելով իրավիճակի մասին: Ես Եվրամիությունից խնդրում եմ անհապաղ գործողություններ ձեռնարկել»,- նշում է ԵԽ պատգամավորը: |armenpress.am|

 

19։28- Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է հեռախոսազրույց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Քննարկվել է իրավիճակի կտրուկ սրացումը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի շրջանում: Ռուսական կողմը լուրջ մտահոգություն է հայտնել լայնամասշտաբ ռազմական բախումների վերսկսկման առնչությամբ: Նշվել է, որ այժմ կարևոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ հակամարտության հետագա էսկալացիան թույլ չտալու համար։ [Կրեմլ] |armenpress.am|

 

19։18- Armenpress.am-ը, armtimes.com-ը, mediamax.am-ը, banks.am-ը, 1in.am-ը և hetq.am-ը հաքերային հարձակման են ենթարկվել։

 

19:09- Առանձնակի մտահոգությամբ ենք հետևում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում լարվածության աճին, որը խաղաղ բնակչության շրջանում զոհերի է հանգեցրել: Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների սեղանին։ [Հունաստանի ԱԳՆ]

 

19։08- Չկա հաղթանակ, որը որը չի ծնվում յուրաքանչյուր անհատի և մեր հավաքական մտքի ու գիտակցության մեջ։ Ինչ էլ լինի, մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչում, և չենք դադարի քայլել, պայքարել՝ հանուն մեր ազգային հաղթանակի, հանուն Հայաստանի, Արցախի, հանուն մեր ժողովրդի հաղթանակի, հանուն Մոնթեի, Վազգեն Սարգսյանի, Մովսես Գորգիսյանի, Ջիվան Աբրահամյանի, Ռուբեն Սանամյանի հաղթանակի, հանուն Ապրիլյան քառօրյա պատերազմի նահատակ տղերքի հաղթանակի։ [ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան]

 

18։59- Ադրբեջանը, Թուրքիայի բացահայտ աջակցությամբ և խրախուսմամբ, Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել է լայնածավալ ռազմական գործողություններ՝ թիրախավորելով նաև բնակավայրեր և խաղաղ բնակչությանը: Այս բախտորոշ պահին առաջնային է համահայկական կարողականության մեկտեղումը և միասնական համազգային պատասխանը ագրեսորին: Մենք-ում գործող քաղաքական կուսակցություններս, ողջ ներուժով սատարում ենք Հայոց բանակին և աջակցում Հայաստանի և Արցախի Հանրապետություններին՝ միջազգային ասպարեզում բացահայտելու և դատապարտելու թշնամու հերթական ագրեսիան: [14 կուսակցությունների հայտարարությունը]

 

18։50 - ՆԱՏՕ-ն խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններով: Կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները, որոնք արդեն հանգեցրել են քաղաքացիական զոհերի։ [ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայա] |tert.am|

 

18։49 - Չեմ ուզում, որ այս պատերազմի համատեքստում մենք ապագայում ունենանք խոսակցություններ, թե՝ մենք սպասում էինք հրամանի եւ այլն։ Պարոն վարչապե՛տ, այսօր ռազմական դրության ուժի մեջ մտնելուց հետո դուք ստանձնել եք գերագույն-գլխավոր հրամանատարի առաքելությունը, հետեւաբար տվե՛ք ամբողջական հրամաններ, տվեք առաջ գնալու հրամաններ, շարժվել առաջ եւ բոլորով գնանք առաջ։ Որովհետեւ եթե մենք էս պատմությունը թողեցինք կիսատ, մենք շարունակելու ենք արնաքամ լինել, իսկ մենք արնաքամ ենք լինում արդեն 25-ից ավելի տարի՝ ամենօրյա ռեժիմով, ավելի լավ է՝ մի անգամ արնքամ լինենք, բայց վերջնական լուծենք էս խնդիրը։ [Էդմոն Մարուքյան]

 

18։49 - Այո, բոլորս պատրաստ ենք զոհվել, բայց կարծում եմ, որ հիմա մենք պիտի զոհենք մեր վրա հարձակվողներին։ Մենք չպիտի զոհվենք, մենք պիտի ապրենք եւ մենք պիտի այս հարցը լուծենք ու չթողնենք մեր երեխաներին։ Մենք այս պատերազմով այս հարցը պիտի լուծենք վերջնականապես։ Չենք կարող եւս մի անգամ կանգնել, հետ գնալ, տեսնել՝ ով որտեղ եկավ կանգնեց, եւ բանակցել այդտեղից։ Մենք ինչ ունեինք կորցնելու, կորցրել ենք։ Տարիներ շարունակ ասել ենք եկեք փխրուն խաղաղությունը պահենք, քանի դեռ բանակցում ենք։ Հիմա մենք ապրում ենք ուժեղների աշխարհում։ Աշխարհը հիմա նայում է՝ տեսնի՝ որ կողմը որքան հաջողություն կկարողանա գրանցել, էդ կողմի արձանագրածը կարձանագրի։ [Էդմոն Մարուքյան]

 

18։48- Սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախի ԶՈՒ կողմից ադրբեջանական ուղղաթիռների խոցումից հետո որոշ լրատվականներ և սոցիալական ցանցերի օգտատերեր տարածում են լուսանկարներ՝ դրանք ներկայացնելով որպես կադրեր ուղղաթիռների խոցումից։ Տարածվող լուսանկարները կապ չունեն արցախա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Լուսանկարներն արվել են այս տարվա փետրվարին՝ Սիրիայում։ Հայկական ԶՈՒ խոցած ուղղաթիռների լուսանկարները պաշտոնական աղբյուրներում դեռ հրապարակված չեն։ |fip.am|

 

18։44 - news.am լրատվական կայքը քիչ առաջ ենթարկվել էր հաքերային հարձակման, որտեղ տեղադրված նյութում վարչապետը իբր կոչ է անում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը թողնել իրենց բնակավայրերը եւ գալ Հայաստան: Այժմ էլ ադրբեջանական լրատվականները, հղում անելով news.am-ին, տարածում են այդ ապատեղեկատվությունը: news.am կայքից արդեն իսկ հեռացվել է տվյալ կեղծ նյութը: [ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ]

 

18։26 - Արցախի հարցի պատմությունը պետք է թարմացնենք, որովհետև մոռացվել է, թե այն ինչի մասին է ընդհանրապես։ Սա ներկայացվում է որպես հայ-ադրբեջանական տարածքային կոնֆլիկտ, ինչը ամենամեծ վնասն է մեզ հասցնում։ Մենք պետք է բացատրենք, որ սա ժողովրդի ապրելու իրավունքի պայքար է, և խոսքը Արցախի հայության մասին է։ [ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան]

 

18։24 - Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` որոշվել է, որ սահմանամերձ բնակավայրերի ուսումնական հաստատությունները կանցնեն հեռավար ուսուցման։ Մյուս ուսումնական հաստատություններում կրթական գործընթացը կիրականացվի սահմանված ընթացակարգերով՝ առանց ընդհատումների: Վաղն առաջին դասերը կնվիրվեն ստեղծված պատերազմական իրավիճակին և անվտանգության, այդ թվում՝ տեղեկատվական կանոնները ներկայացնելուն: [ՀՀ ԿԳՄՍ նախարար]

 

18։18 - Մեր օրակարգում կա Արցախի Հանրապտությունը ճանաչելու հարցն այնպես, ինչպես կար նախկինում։ Մենք գնո՞ւմ ենք այդ քայլին, թե՞ ոչ, այո՛, կարծում եմ՝ պետք է այդ հարցը լրջորեն քննարկենք, գուցե այս հարց ու պատասխանի ընթացքում հանրային քննարկում էլ սկսվի, բայց մենք քննարկում ենք իրադարձությունների զարգացման բոլոր սցենարները։ [Նիկոլ Փաշինյան]

 

18։16 - Նախնական տվյալներով հայկական կողմը ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր։ [ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Սարգսյան]

 

18։14 - Ուզում եմ՝ առաջին հերթին միջազգային հանրությանը հստակ կարողանանք հիմնավորել, թե ով է նախահարձակ կողմը։ Երկրորդը, որ քաղաքացիական բնակչությանը ադրբեջանական զինուժը հարվածներ է հասցնում, երրորդը, որ այս պրոցեսը քաջալերվում է Թուրքիայի կողմից։ Սա շատ կարևոր փորձություն է համահայկական ներուժի համար, թե ինչքանով կարող ենք գործի դնել այն՝ հանուն մեր նպատակների ու շահերի պաշտպանության։ Մինչև Հայաստան գալը անելիք կա հենց այս պահին։ [Նիկոլ Փաշինյանը՝ սփյուռքից Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած հայերին հայրենիք տեղափոխելու մասին]

 

18։10 - ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերում ու մարտական դիրքերում իրավիճակը վերահսկելի է ու կայուն. ՀՀ զինված ուժերը կատարում են իրենց գործառույթները՝ անառիկ պահելով մեր սահմանները։ Իսկ Սյունիքի մարզային իշխանություններն իրականացնում են իրավիճակից բխող բոլոր անհրաժեշտ գործողությունները։ Մարզի բնակիչներին խնդրում ենք պահպանել հանգստություն ու հետևել միայն պաշտոնական լրահոսին։ [Հունան Պողոսյան]

 

18։04 - Հայաստանի առաջ պայման է դրվել զիջել առնվազն անվտանգության գոտին՝ առանց որևէ նախապայմանի, առանց որևէ կարգավիճակային ճշգրտման։ Ադրբեջանը շատ հստակ, այդ թվում հրապարակային ընդգծել է, որ ինքը պատրաստ չէ ընդունել Լեռնային Ղարաբաղի որևէ այլ կարգավիճակ, որը կա՛մ նույնը կլինի, կա՛մ բարձր կլինի ԼՂ ինքնավար մարզից։ Ես գիտեմ՝ լինելու են հարցեր՝ արդյո՞ք կարող էինք խուսափել այս իրավիճակից։ Պիտի անեինք մի բան․ համաձայնեինք, որ Արցախը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ է՝ գուցե մի փոքր ավելի լիազորություններով։ Եթե սրան համաձայն ենք, մենք հենց հիմա կարող ենք ամեն ինչ կանգնեցնել։ [ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան]

 

17։56 - Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի, Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեինսալուի, Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: Մնացականյանն իր գործընկերներին հանգամանալից կերպով ներկայացրել է Արցախի հետ շփման գծի երկայնքով Ադրբեջանի կողմից իրավիճակի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրության շուրջ վերջին զարգացումները: [ՀՀ ԱԳՆ խոսնակ]

 

17։55 - Այսօր չկան կարգավիճակներ, կոչումներ, դիրքեր, կարգեր, այսօր կա մեկ կերպար՝ ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, ԱՀ քաղաքացի և մարդ, որը պետք է արձանագրի մեկ բան․ կին, ծեր և երեխա սպանող Ադրբեջանի նախապայմանները չեն կարող լինել ուղենիշ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում։Ես կուզեմ, որ աշխարհը սա արձանագրի․ սա լինի խաչմերուկ, որից կա երկու ճանապարհ․ մեկ՝ դեպի հարցի փակում Արցախի Հանրապետության լիարժեք ազատության և ճանաչման ձևով։ Ուստի մենք, մեր բոլոր ներքին խնդիրներով հանդերձ, չենք կարող լինել այլ կերպարի մեջ, քան մեկ, միաբան ազգի ներկայացուցիչ ու կերպար։ [ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյան]

 

17։53 - Մեզ չպե՛տք է ընկճեն։ Մենք ամուր պիտի կանգնենք մեր ոտքերի վրա եւ պաշտպանենք էս սրբազան հողի վրա ապրելու մեր իրավունքը։ Այսօր ես չեմ եկել ասելու՝ որպես գերագույն հրամանատար, թե ինչի են պատրաստ մեր զինվորները, մեր գեներալները։ Այսօր եկել եմ ասելու, թե ինչի եմ պատրաստ ես։ Ես պատրաստ եմ զոհվելու հանուն մեր հայրենիքի, հայ ժողովուրդը ծնկած չի եղել եւ չի լինի։ Հայ ժողովուրդը ամուր ողնաշարով, պարզ մտքով պետք է կանգնի էս հողի վրա։ Եւ երբ ասում ենք՝ մենք բոլորս զինվորներ ենք, մենք ասում ենք մի բան․ ծեր, թե երիտասարդ, կին թե տղամարդ, պաշտոնյա թե գործազուրկ, այսօր մենք միայն մի ուղերձ ունենք հղելու իրար ու աշխարհին, մենք պիտի նայենք իրար աչքերի մեջ եւ ասենք՝ մենք պատրաստ ենք զոհվելու հանուն մեր հայրենիքի։ Մենք մեր հայրենիքը ոչ մի միլիմետր չենք զիջի, մեր իրավունքը ոչ մի միլիմետր չենք զիջի, մենք պիտի ահղթենք, որովհետեւ մենք պարտվելու իրավունք չունենք։ Հայ ժողովուրդը պետք է գոյություն ունենա հավիտյան, ՀՀ-ն պիտի գոյություն ունենա հավիտյան, Արցախը պետք է ապրի, Արցախը պետք է լինի ինքնորոշված, եւ պետք է լինի անկախ, ինքնուրույն եւ հզոր, եւ հպարտ, ինչպես այսօր է եւ եղել է։ [Նիկոլ Փաշինյան]

 

17:47- Բանակցային գործընթացում Ադրբեջանը երկար տարիներ զարգացրել է գիծը, որ կամ մենք հրաժարվում ենք Արցախի ժողովրդի իրավունքներից, Արցախի հայության ինքնորոշման իրավունքից, կամ ստանում ենք պատերազմ։ ՀՀ-ն եւ հայ ժողովուրդը պետք է ամուր եւ միանշանակ կանգնի Արցախի ժողովրդի իրավունքների եւ ընդհանրապես հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության դիրքերում։ Սա մեր հազարամյա գոյամարտի հերթական եւ գուցե նույնիսկ ամենակարեւոր հանգրվանն է։ [Նիկոլ Փաշինյան]

 

17:42- Հենց նոր մերոնք խփեցին ևս մեկ անօդաչու։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

17:37- Ադրբեջանական բանակը օգտագործում է իր զինանոցում եղած բոլոր 300 և ավելի մեծ տրամաչափի ռեակտիվ համազարկի կայանքները։ Սմերչ, Քասիրգա, Պոլոնեզ և այլն։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

17:14- Ղազախստանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալ և հայտարարել է, որ պատրաստ է միջազգային կազմակերպությունների հարթակներում հակամարտության լուծման խաղաղ եղանակների որոնմանը մասնակցել։ Որպես Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների շուրջ խորհրդակցության (ԱՓՎՄԽ) ղեկավար՝ առաջարկել է օգտվել Խորհրդակցության վստահության միջոցառումների փաթեթից:

 

17:06- Որոշում է կայացվել «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավ սկսել՝ աջակցելու Արցախում ամուր կանգնած մեր քույրերին ու եղբայրներին։ Ձեր նվիրատվությունները կարող եք կատարել Հիմնադրամի կայքում www.himnadram.org հասցեով, ինչպես նաև փոխանցումներ կատարելով ՀՀ Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի, Եվրո հաշվեհամարները՝ նույն էջում): [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]

 

16։59- ԱՀ նախագահի տիկին Քրիստինա Հարությունյանի հետ այցելեցինք Հանրապետական բժշկական կենտրոն՝ տեսակցելու մեր վիրավորներին։ Քաջ առողջություն և շուտափույթ ապաքինում մեր բոլոր վիրավորներին։ [ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյան]

 

16։50- ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Նախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում իրադրության կտրուկ սրումը։ Լավրովը լուրջ մտահոգություն է հայտնել շփման գծի երկայնքով շարունակվող կրակի հետ կապված, որը զոհերի պատճառ է դարձել, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում։  [ՌԴ ԱԳՆ] |factor.am|

 

16։48- Հայ ժողովուրդը պատրաստ է արժանի հակահարված հասցնել թշնամուն։ ՀՀ-ն ԱՀ-ի անվտանգության եւ անկախության երաշխավորն է եւ ՀՀ-ն իր բնակչության ու պետական համակարգի ողջ ներուժով այսօր կանգնած է Արցախի թիկունքին։ Մենք գործադրել եւ գործադրելու ենք հնարավոր եւ անհնար ամեն ջանք՝ մեր հայրենիքի սահմաններն անառիկ պահելու, մեր ազատությունն ու անկախությունը պաշտպանելու համար։ Որպես 1994-ի հրադադարի համաձայնագիրը ստորագրած կողմ՝ ՀՀ-ն քաղաքական դիվանագիտական եւ ռազմական հարթակներում ձեռնարկելու է անհրաժեշտ գործողություններ՝ ԼՂ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը ապահովելու եւ հակառակորդին խաղաղություն պարտադրելու նպատակով։ Նիկոլ Փաշինյան 

 

16:45- Խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի շրջանում ռազմական բախումների մասին տեղեկություններով: Կոչ ենք անում դադարեցնել մարտերը, վերականգնել խաղաղ բանակցությունները, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: [Լեհաստանի ԱԳՆ]

 

16։28- Հրապարակվել է Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին կառավարության որոշումը: Որոշման մեջ ասված է․
Ռազմական դրության շրջանակներում կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները կիրառվում են ՀՀ ամբողջ տարածքում: Միջոցառումների իրականացման և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառումն ապահովելու համար կարող են ներգրավվել ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող` պաշտպանության, արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները

 

 

16:03- ԿԳՄՍՆ-ն հորդորում է խստորեն վերահսկել երեխաների ներկայությունը սոցիալական ցանցերում, իսկ մուտքը TikTok ընդհանրապես արգելել՝ հաշվի առնելով այդ հարթակում անվերահսկելի բովանդակությունը և տեղեկատվական անվտանգության համընդհանուր կանոնները:

 

15:50- Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «ծայրաստիճան անհանգստություն» է հայտնել այսօր Լեռնային Ղարաբաղի շփման գծում վերսկսված ռազմական գործողությունների կապակցությամբ: «Մենք խաղաղության կոչ ենք անում: Կայունությունն ու խաղաղությունը մեր տարածաշրջանում պետք է լինեն մեր ընդհանուր գործը»,-գրել է Զուրաբիշվիլին թվիթերյան օգտահաշվում: 

 

15:31- Զոհերի մասին նկարներով լուրերը կեղծ են․ այդ նկարները ՌԲՖ ուսանողների նկարներ են, բժիշկների։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

15:25- Պետք է ասել, որ, այո, մենք սպասում էինք, չենք կարող ասել, որ 2016-ի պես իրավիճակ էր։ Չնայած մենք ոչինչ չէինք կարող բացառել ադրբեջանական ագրեսիվ քաղաքականության հետ կապված, բայց որ կթիրախավորեին նաեւ քաղաքացիական բնակավայրերը, կանխատեսում էինք։ Բայց որ առաջնագծում որոշակի էսկալացիա սպասվում էր, ցույց էր տալիս նաեւ վերջին շրջանում Ադրբեջանի իշխանության ակտիվ տեղեկավտական քարոզչությունը։ [Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյան]

 

15:20- Արցախի ԱԳՆ-ն ուղիղ կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույնպես իրազեկված են ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ։ Հայկական երկու պետությունների արտաքին գերատեսչությունները սերտորեն եւ համակարգված  աշխատում են՝ միջազգային համապատասխան կառույցներին ադրբեջանական ագրեսիայի մասին տեղեկացնելու եւ այդ ագրեսիան կասեցնելու նպատակով։ [ԱՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյան]

 

15։18- Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում այս պահին ամերիկյան +18185464601 կեղծ հեռախոսահամարից հաղորդագրություններ են առաքվում հայ հանրությանը՝ նպատակ ունենալով նման սադրանքների միջոցով ստեղծել խուճապային տրամադրություններ և թուլացնել քաղաքացիների զգոնությունը: Անհրաժեշտ է տուրք չտալ ապատեղեկատվությանը և հետևել միայն պաշտոնական լրահոսին: [ՀՀ ԱԱԾ]

 

15։09-  Խիստ մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակով: Կոչ եմ անում մեր անդամ պետություններին՝ Հայաստանին և Ադրբեջանին, պատասխանատվություն և զսպվածություն ցուցաբերել ՝ անմիջապես դադարեցնելով ռազմական գործողությունները: Եվրոպայի խորհրդին անդամակցելիս երկու երկրներն էլ պարտավորվել են հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, և այդ պարտավորությունը պետք է խստորեն հարգել: [ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչ] |factor.am|

 

15:03- Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր ադրբեջանական բանակը գրավել է 6 բնակավայր, իրականությանը չի համապատասխանում: Վերոնշյալը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական տեղեկատվական սադրանքն է: [ԱՀ պաշտպանության նախարարություն]

 

15:00- ԱՀ արտաքին գործերի նախարարությունն ուղիղ կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նույնպես իրազեկվել են Ադրբեջանի զինված հարձակման մասին: Զինված հարձակմանը նախորդել են Ադրբեջանի իշխանությունների կողմից ԱՀ-ի դեմ ուժի կիրառման բացահայտ սպառնալիքները, շփման գծում հոկտեմբերի 1-ին նախատեսված ԵԱՀԿ դիտարկման անցկացման մերժումը: Ադրբեջանի նմանատիպ քաղաքականությունն ուղղակի սպառնալիք է տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը:  [ԱՀ ԱԳՆ]

 

14:50- Ֆրանսիան խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում շարունակվող լայնամասշտաբ բախումներով և խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին հաղորդագրություններով, ու կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել երկխոսությունը: [Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարություն]  |armenpress.am|

 

14:49- Հակառակորդի մոտոհրաձգային և զրահատանկային ստորաբաժանումները հարձակման են անցել հյուսիսային, հարավային և հարավ-արևելյան ուղղություններով: Այս պահի դրությամբ նշված ուղղություններում ՊԲ ստորաբաժանումները մղում են պաշտպանական մարտեր՝ կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը: Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: ՊԲ կորուստները ճշտվում են: [ԱՀ անվտանգության խորհրդի գրասենյակ]

 

14:47- Արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով կոչ ենք անում կամավոր դոնորության: Արցախում տեղի ունեցող իրադարձություններին հետևելով` ձեզնից շատերը մոտենում են տարբեր բժշկական կազմակերպություններ` արյունատվության համար: Կոչ ենք անում արյուն հանձնելու համար դիմել միայն «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ կամ արյան բանկի մարզային կառույցներ: Լրացուցիչ հայտնում ենք, որ արյան խումբն ու ռեզուս պատկանելությունը նշանակություն չունեն:  [ՀՀ ԱՆ]

 

14։44- Պաշտոնական Ստեփանակերտը հերքում է առաջնագծում տեղի ունեցած մարտերի ընթացքում 10 զոհերի մասին տեղեկությունները: Այս մասին մեզ հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։ |armeniasputnik.am|

 

14։41- Ապրիլյան պատերազմից 4 տարի անց Ադրբեջանի իշխանությունը պատերազմ է պարտադրում Արցախի ազատատենչ ժողովրդին: ՀՀԿ Գործադիր մարմինը համերաշխության եւ միասնության կոչ է անում մեր բոլոր հայրենակիցներին` վերահաստատելով իր պատրաստակամությունը՝ կանգնելու հայրենիքի, պետության եւ հայ զինվորի կողքին: Մենք պարտավոր ենք սթափ գնահատել ստեղծված իրավիճակը եւ լինել մեր բանակի կողքին, նրա շարքերում, նաև ամուր թիկունք լինել` անկախ քաղաքական տարաձայնություններից: ՀՀԿ-ն ներդնում է իր ողջ ներուժը, այդ թվում՝ փորձառությունն ու դիվանագիտական կապերը՝ սատար կանգնելու Արցախի ժողովրդի անկախության սրբազան պայքարին: [ՀՀԿ Գործադիր մարմին]

 

14:31- Համանախագահները մտահոգությամբ են դիտարկում ղարաբաղյան հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնածավալ ռազմական գործողությունների մասին հաղորդագրությունները։ Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և վերսկսել բանակցությունները ՝ հակամարտության կայուն կարգավորում գտնելու համար: Համանախագահները կողմերին կոչ են անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` տեղերում իրավիճակի կայունացման համար և կրկին հայտարարում են, որ բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ [ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը]  |armenpress.am|

 

14:16- Հայաստանի առողջապահության համակարգը բերվել է բարձր պատրաստության, նախարարությունը համակարգում է բոլոր կազմակերպչական հարցերը, անում է իրենից կախված ամեն ինչ` Արցախի մեր եղբայրներին ու քույրերին որակավորված և մասնագիտացված բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու համար: Աշխատանքները համակարգված և արդյունավետ կազմակերպելու համար կամավորագրվել ցանկացող բժիշկներին ու բուժքույրերերին, ոլորտի աշխատակիցներին առաջարկում ենք զանգահարել ՀՀ ԱՆ անձնակազմի կառավարման վարչություն գրանցվելու նպատակով` 060 80 80 03 ներքիններ` 1502, 1503, 1504 հետևյալ հեռախոսահամարներով: [ՀՀ ԱՆ]

 

14:05- Արցախի ազատ ինքնորոշման իրավունքը որևէ պարագայում, անգամ ուժի սպառնալիքի դեպքում, չի կարող սակարկման առարկա լինել։ ՀՀ քաղաքացիները և վստահաբար ողջ հայությունը կանգնած են Ազատ Արցախի թիկունքին և պատրաստ իրականացնել բոլոր, ընդգծում եմ՝ բոլոր անհրաժեշտ գործողությունները ի պաշտպանություն ինքնիշխան Արցախի։ [ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան]

 

13։59- Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբն Ավստրալիայում նշանակալի քաղաքական գործիչների, լրատվամիջոցների ուշադրությունն է հրավիրել և հրավիրում Ադրբեջանի հերթական սադրանքի, ագրեսիայի վրա,  տեղեկացրել, որ այս անգամ խառն է նաև Թուրքիայի «մատը»՝ Ավստրալիայում խեղդելով ադրբեջանական հակաքարոզչությունը: [ՀՅԴ Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի ատենապետ Հայկ Կայսերյան]  |armenpress.am|

 

13:49- Ադրբեջանի ռազմական ագրեսիան համարում ենք ԱՀ բնակչության դեմ մասսայական և կանոնավոր հարձակումների շղթայի հերթական օղակը, որոնք իրականացվել են Ադրբեջանի կողմից հակամարտության ամբողջ ընթացքում ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմի ժամանակ, ինչը միջազգային իրավունքով որակվում է որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն: ԱՀ Ազգային ժողովը կոչ է անում աշխարհի առաջադեմ երկրների խորհրդարաններին իրենց ձայնը բարձրացնել ի պաշտպանություն արցախցիների ազատության և անկախության իրավունքների, օգտագործել իրենց ամբողջ հեղինակությունը ադրբեջանական ագրեսիան դադարեցնելու և մասսայական արյունահեղությունը կանխելու համար: [ԱՀ ԱԺ]

 

13:41- ՀՀ ԱԳՆ խոսնակը, պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀ-ն քննարկո՞ւմ է Արցախի անկախությունը ճանաչելու հարցը, ասաց, որ ներկայումս ընթանում է ԱԽ նիստը, որի օրակարգում ներառված են բազմաթիվ հարցեր, և քանի դեռ չի ավարտվել այն, իրավունք չունի օրակարգի որևէ հարց բարձրաձայնելու։ Ճշտող հարցին՝ նա չի՞ բացառում, որ նման հարց օրակարգում կա, խոսնակն ասաց, որ չի էլ հաստատում։

 

13:34- ՀՀ ԱԳ նախարարը մշտական կապի մեջ է համանախագահների հետ։ Նա կապի մեջ է ՌԴ ԱԳ նախարարի, Վրաստանի իր գործընկերոջ և մի շարք այլ գործընկերների հետ։ Այս պահին կարող եմ ասել, որ նրանց արձագանքն է անհապաղ դադարեցնել բոլոր գործողությունները։ Մեր առաջնային խնդիրը լարվածության թուլացումն է ու նաև մեր գործընկերներին ճիշտ տեղեկության տրամադրումը, ու այս պահի դրությամբ ունենք լիակատար փոխըմբռնում։ [ՀՀ ԱԳՆ խոսնակ]

 

13։28 -  Մեր ամբողջ դիվանագիտական ծառայությունը աշխատում է արտակարգ ռեժիմով։ Մեր դեսպանների կողմից Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում ստեղծված իրադրության վերաբերյալ տեղեկություն է փոխանցվել համապատասխան երկրների գերատեսչություններին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին, բոլորը տեղեկացվել են տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև հայկական կողմերի գնահատականների մասին։ [ՀՀ ԱԳՆ խոսնակ]

 

13։23 - Շենք-շինությունների զգալի ավերածություներ կան Արցախի առանձին փոքր բնակավայրերում, նաեւ Ստեփանակերտում։ Հետագայում կտեղեկացնենք մանրամասն, դեռեւս ամփոփելու տվյալներ կան։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

13։20 - Ճշտում ենք՝ Ադրբեջանը հրթիռահրետանային կրակը ինչ զինատեսակներից է վարել, բայց մեր հավաքագրած նյութերի համաձայն՝ բացառությամբ մեկ-երկու ամենամեծ հրթիռային միջոցներից՝ Ադրբեջանը կիրառել է բոլոր միջոցները՝ ավիառումբեր, ԱԹՍ-ներ եւ այլն։  [Արծրուն Հովհաննիսյան]

 

13։18 - Հայ-ադրբեջանական սահմանի ո՛չ ողջ ամբողջ երկայնքով է լարվածությունը։ Այսօր առավոտյան Արցախի հետ շփման գծում ադրբեջանական զինված ուժերի հրթիռահրետակոծության գործողությունների ժամանակ նաեւ Վարդենիսի ուղղությամբ են հարվածներ եղել, այնքան էլ ինտենսիվ չեն։  [Արծրուն Հովհաննիսյան]

 

13։10 - Հակառակորդը հասցրել է հրթիռային եւ ավիացիոն հրետանային հարվածներ՝ ՊԲ զորամասերի տարբեր տեղակայման նշանակության օբյետկներին, կան որոշակի ավերածություններ, կորուստներ, դրանք հիմնականում չնչին են, լրացուցիչ կճշտենք, կներկայացնենք թվագրական կոնկրետ տվյալներ։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

12։57 - Այս պահին ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանից որևէ դիմում չի ստացել: Մենք միշտ հանդես ենք եկել հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված մեխանիզմը ԵԱՀԿ Մինսկի խումբն է։ [ՀԱՊԿ մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինով] |aysor.am|

 

12։55 - Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի զինուժի ձեռնարկած գրոհները ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ հետ են մղվում։ Հակառակորդն ունի կորուստներ։ [ՀՀ ՊՆ խոսնակ]

 

12։51 - Այս պահին ԱՀ պաշտպանության բանակը վճռական հակահարվածներով կասեցնում է թշնամու առաջխաղացման բոլոր փորձերը՝ թշնամուն պատճառելով ծանր կորուստներ: Հանդիսանալով Արցախի անվտանգության երաշխավորը՝ ՀՀ զինված ուժերը պատրաստ են ցուցաբերելու ցանկացած աջակցություն՝ ապահովելու Արցախի բնակչության անվտանգությունը: Մեր պատասխանը լինելու է կոշտ ինչպես երբեք: Հայկական բանակը տիրապետում է անհրաժեշտ բոլոր միջոցներին՝ հերթական անգամ ջախջախելու մեր Հայրենիքի նկատմամբ ոտնձգություն իրականացնող թշնամուն: [ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան]

 

12:40- Հիմա կառավարության որոշմամբ ՀՀ-ում հայտարարվում է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք: Որոշումը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից: Զորքերին կցագրված անձնակազմերին կոչ եմ անում ներկայանալ իրենց տարածքային զինկոմիսարիատներ: [Նիկոլ Փաշինյան]

 

12։36- Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը կապ է հաստատել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ իր ամբողջական զորակցությունը հայտնել հայոց բանակին։ 

 

12:33- ՀՀ պաշտպանության նախարարությունը, բացարձակ անընդունելի համարելով հայկական կողմի մարտական տեխնիկայի շարժի վերաբերյալ տեսանյութերի տարածումը, վճռականորեն կոչ է անում ձեռնպահ մնալ նման գործողություններից։ Անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ համացանցը մանրակրկիտ կերպով դիտարկվում է հակառակորդի կողմից, և ցանկացած նման տեսանյութ մարտական տեխնիկան վերածում է թիրախի ադրբեջանական զինուժի համար։ [ՀՀ ՊՆ]

 

12։30- Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Twitter-ում անդրադարձել է շփման գծի երկայքնով ծավալվող հայ-ադրբեջանական ռազմական գործողություններին։ Նա աջակցություն է հայտնել Ադրբեջանին, իսկ Հայաստանի հասցեին հնչեցրել հրադադարի ռեժիմը խախտելու և քաղաքացիական բնակավայրերի վրա կրակ բացելու ստահոդ մեղադրանքներ։ Քալընը անհապաղ անհրաժեշտություն է համարել միջազգային հանրության արձագանքը։ |ermenihaber.am|

 

12:28- Վերջին շրջանում Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները, Թուրքիայի հետ համատեղ լայնամասշտաբ զորավարժությունները, ինչպես նաև ԵԱՀԿ-ի մշտադիտարկումների մերժումը ցույց է տալիս, որ ագրեսիան նախապես պլանավորված էր և լայնամասշտաբ սադրանք էր տարածաշրջանում խաղաղության և անվտանգության դեմ։ [Նիկոլ Փաշինյանը` «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում] |armenpress.am|

 

12:19- Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախի Հանրապետությունում քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ։ Հիմնականում հակառակորդը խփել է հրետանու միջոցով և քաղաքացիական բնակավայրերի վրա։ Վիրավորները ստացել են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։ [ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյան] |armenpress.am|

 

12:08- Ըստ առկա տեղեկատվության, իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ սրվել է: Երկու կողմից էլ շփման գծի երկայնքով ընթանում է ինտենսիվ կրակ: Ստացվում են կորուստների մասին հաղորդագրություններ: Կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել իրավիճակը կայունացնելու համար:  [ՌԴ ԱԳՆ] |armenpress.am|

 

12:05- Քիչ անց տեղի կունենա Անվտանգության խորհրդի նիստ, ապա կառավարությունը կքննարկի ռազմական դրություն եւ մասնակի զորահավաք հայտարարելու հարցը:
Պատրաստ եղեք մեր սուրբ հայրենիքի պաշտպանությանը: [Նիկոլ Փաշինյան]

 

12:01- Արցախի Հանրապետության Գերագույն Գլխավոր հրամանատար Արայիկ Հարությունյանը հանձնարարեց հայտարարել Արցախում ուսումնական հաստատությունների՝ անորոշ ժամանակով փակվելու մասին։ Սիրելի՛ հայրենակիցներ, Խուճապի չմատնվեք, այս ամենն ձեր իսկ ապահովության համար է արվում։ [ԱՀ ԱԺ նախագահ]

 

11:51- Առավոտից Արցախից ստացվող զանգերը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ հայ ժողովուրդն ամուր կանգնած է իր հողի վրա, և թշնամու ցանկացած գործողություն ի սկզբանե տապալված է: Զինված ուժերը կատարում են իրենց առջև դրված բոլոր խնդիրները: Մենք բոլորս վճռական ենք, և մեզ համար հաղթանակն այլընտրանք չունի: Հետևե՛ք տեղեկատվական հիգիենայի կանոններին։ [ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան]

 

11:45- Անհրաժեշտ է խստորեն պահպանել տեղեկատվական անվտանգության բոլոր կանոնները, լինել զգոն Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունների նկատմամբ, համացանցում կասկածելի բնույթի տեղեկություններ հանդիպելու դեպքում չտարածել դրանք և անհապաղ դիմել ՀՀ ԱԱԾ թեժ գծի՝ 191 հեռախոսահամարով կամ անձնական նամակով գրել www.facebook.com սոցիալական ցանցի «ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն» ( https://www.facebook.com/www.sns.am/ ) պաշտոնական էջին: [ԱԱԾ]

 

11։21 - Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրվել: Հանդես գալով պատգամավորների առջև՝ հայտարարել եմ ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատերազմի կողմնակից չենք, բայց պատրաստ ենք պատերազմի: Պատերազմը մեզ պարտադրվել է, և պարտավոր ենք պաշտպացել մեր հայրենիքն ու ընտանիքները: Իրավիճակի սրման համար ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունը: Տարածաշրջանում հղի հումանիտար աղետի համար պատասխան է տալու անձամբ Ադրբեջանի նախագահ Ալիևը: [ԱՀ նախագահ]

 

11։14 - Հակառակորդը, ռազմական ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, զրահատեխնիկայի ու հրետանու կիրառմամբ, գրոհներ  է ձեռնարկում առաջնագծի տարբեր հատվածներում: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները: Ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի  զրահատեխնիկայի կորուստներ: Մարտերը շարունակվում են: [ԱՀ ՊԲ]

 

11։12 - Վերջին ժամերին գրանցվում են բազմաթիվ դեպքեր, երբ հանրապետության ողջ տարածքում զինվորական կոմիսարիատներ են դիմում անհատ քաղաքացիներ և խմբեր (մինչև 10000 մարդ)՝ զինվորագրման և արցախա-ադրբեջանական շփման գիծ մեկնելու խնդրանքով։ Պաշտպանության նախարարությունը, բարձր գնահատելով մեր հայրենակիցների պատրաստակամությունը, հայտնում է, որ այս պահին կամավորագրման անհրաժեշտություն չկա, իսկ առաջանալու դեպքում ՀՀ ՊՆ-ն հանդես կգա առանձին, հատուկ հայտարարությամբ։ [ՀՀ ՊՆ]

 

11։01 - Ադրբեջանը նախաձեռնել է անկանոն ռազմաօդային և հրետանային ագրեսիվ հարձակումներ Լեռնային Ղարաբաղի (Արցախ) դեմ: Բազմաթիվ քաղաքացիներ արձանագրել են, որ գյուղերը, քաղաքները և մայրաքաղաք Ստեփանակերտը հրետակոծվում են: Այս ծայրահեղ մտահոգիչ լուրերը պաշտոնապես հաստատվել են նաև Արցախի ՊԲ-ի և ՄԻՊ-ի կողմից: Կոչ ենք անում միջազգային հանրությանը և մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններին քայլեր ձեռնարկել և ուղղել իրենց բոլոր ջանքերը կանխելու Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ռազմական ագրեսիան և բռնությունը: [ՀՀ ՄԻՊ]

 

10։55 - Ադրբեջանական հրետակոծությունների հետևանքով Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր: Մնացած բնակավայրերի մասով տվյալները ճշտվում են: Հրետակոծել են նաև դպրոցներ, ներառյալ՝ Ստեփանակերտում: Քաղաքացիական ենթակառուցվածքների մեծամասշտաբ վնասներ կան բազմաթիվ բնակավայրերում: [ԱՀ ՄԻՊ]

 

10։53 - ԱՀ ՄԻՊ-ը խիստ դատապարտում է Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն ոտնահարումը: Պաշտպանը կոչ է անում միջազգային հանրությանը համապատասխան գնահատական տալ ադրբեջանական գործողություններին, այն էլ՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի պայմաններում, և միջոցներ ձեռք առնել ԱՀ հազարավոր բնակիչների կյանքին ու անվտանգությանը սպառնացող վտանգների չեզոքացման ուղղությամբ: [ԱՀ ՄԻՊ]

10:48- Ադրբեջանում արգելափակվել են գրեթե բոլոր սոցիալական մեդիաները. Facebook, Youtube, Whatsapp, TikTok. Անխափան աշխատում է միայն Twitter, քանի որ օգտագործվում է դեպի դուրս քարոզչություն տարածելու համար։ Սա ի գիտություն նաեւ մեր լրատվամիջոցների եւ լրագրողներին, որ պարզ լինի, թե որ հարթակն է այս պահին կարեւոր դրսի լսարանի տեսանկյունից։ [Սամվել Մարտիրոսյան]

 

10:44- Քիչ առաջ հանդիպել եմ մեր առաջին կամավորականներին: Հավաստիացնում եմ՝ մեր զինված ուժերն իրենց դիրքերում ամուր են, իսկ պատասխանը լինելու է համաչափ: Իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և յուրաքանչյուր կորստի համար պատասխան են տալու: [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]

 

10:36- Ինչպես Արցախում, այնպես էլ Տավուշի սահմաններին մեր հզոր բանակը պատրաստ է խորտակիչ հակահարվածի: Մեկ անգամ ևս, սիրելի՛ տավուշեցիներ, կխնդրեի զգոն լինել. խուճապի ոչ մի առիթ չկա, պարզապես նորի՛ց ստուգեք ձեր ապաստարաններն ու թաքստոցները, ուշադրությո՛ւն դարձրեք կահավորմանը: [Տավուշի մարզպետ]

 

10:30- ՀՀ պաշտպանության նախարարությունը ԶԼՄ-ներին և սոցցանցերի օգտատերերին կոչ է անում զերծ մնալ չստուգված, ոչ պաշտոնական տեղեկատվություն տարածելուց։ Անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ հակառակորդը, բացի բուն մարտական գործողություններից, իրականացնում է նաև տեղեկատվական լայնամասշտաբ հարձակում հնարավոր բոլոր խողովակներով, ինչը ենթադրում է հսկայական ծավալով ապատեղեկատվության տարածում՝ մասնավորապես նաև սոցիալական հարթակներում։ Հորդորում ենք դրսևորել զգոնություն և մասնակիցը չդառնալ հակառակորդի ձեռնարկած հերթական սադրանքին։ [ՀՀ ՊՆ]

 

10։13- ՀՀ ԶՈՒ-ն հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել է հակառակորդի ԱԹՍ։  [ՀՀ ՊՆ խոսնակ]

 

10։12- Իրավիճակն ամբողջությամբ գտնվում է Հանրապետության նախագահի վերահսկողության տակ։ Բնակչությանը կոչ ենք անում պահպանել հանգստություն, մնացեք թաքստոցներում։ Մարտերը շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են։ Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները։ [ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան]

 

10։11- Ադրբեջանի՝ քաղաքացիական բնակավայրերի վրա հարձակվելու հետևանքով Արցախն ունի քաղաքացիական զոհեր։ Մարամասերն՝ ավելի ուշ։ [ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյան]

 

10։05- Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է «հակահարձակում» սկսելու մասին, ինչը փաստում է, որ գործողությունները վաղուց պլանավորված են եղել։ Տարրական գիտելիք ունեցող ցանկացած զինվորական կփաստի, որ հակահարձակման օպերացիայի պլանավորումը շաբաթներ է տևում։ Էսկալացիայի մասին պաշտոնական հաղորդագրությունից րոպեներ անց էլ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներն առաջնագծից նյութեր են հրապարակում, ինչը ևս փաստում է, որ Ադրբեջանի ձեռնարկած սադրանքը նախապես ծրագրված էր։ [ՀՀ ՊՆ խոսնակ]

 

09:42- Ադրբեջանական կողմը հրետակոծություն է սկսել՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիան ԱՀ-ի նկատմամբ։ Հայկական կողմերը գործելու են իրենց ողջ կարողությամբ՝ ապահովելու Արցախի բնակչության անվտանգությունը և տալու համարժեք քաղաքական և ռազմական պատասխան։ Իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ [ՀՀ ԱԳՆ]

 

09:27- Արցախի խաղաղ բնակչությանը  կոչ ենք անում պատսպարվել ու փողոց դուրս չգալ, քանի որ հակառակորդը շարունակում է հրետակոծել քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: [Շուշան Ստեփանյան]

 

09:11- Ադրբեջանական զորքերի՝ մի քանի ուղղությամբ հարձակումները հետ են մղվել։ Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ։ Մարտերը շարունակվում են։ [Շուշան Ստեփանյան]

 

09:06- Մարտերը շարունակվում են։ Ադրբեջանը տանկերի կորուստներ ունի։ [Արծրուն Հովհաննիսյան]

 

09:05- Կրկին կոչ ենք անում խաղաղ բնակչությանը պատսպարվել ու փողոց դուրս չգալ, քանի որ թշնամին շարունակում է հրետակոծել քաղաքացիական բնակավայրերը։ [ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան]

 

08:56- ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Նախարարը ներկայացրել է  սահմանին տիրող իրավիճակը և տեղեկացրել, որ Ադրբեջանը  սանձազերծել է հերթական սադրանքը: [Շուշան Ստեփանյան]

 

08:55- Այս պահին ՊԲ  ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը: Այդ ծրագրերը մեզ հայտնի են վաղուց, դրանց էությունը կարելի է արտահայտել մի բառակապակցությամբ՝ հայաթափել Արցախն ու Հայաստանը: Վստահ եղեք, այս անգամ ևս հակառակորդը  ձախողվելու է: Հաղթանակը հեշտ չի տրվելու: [ԱՀ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյան]

 

08:39- Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ: Մարտերը շարունակվում են: [Շուշան Ստեփանյան]

 

08:29- Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել: [Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան]

 

08:20- Հակառահորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել։ Պաշտպանության բանակը հաջողությամբ դիմակայում է հարձակմանը։ Իրավիճակը օպերատիվ զարգացման մեջ է, տեղեկությունները ըստ անհրաժեշտության կամփոփվեն եւ կհաղորդվեն։ Կոչ եմ անում վստահել միայն պաշտոնական աղբյուրներին եւ զգոն լինել թշնամական տեղեկատվական հոսանքներին տրվելուց։ [Նիկոլ Փաշինյան]

 

07:10- Ադրբեջանական զորքերը հարձակման են անցել Արցախի հետ շփման գծի ամբողջ երկարությամբ։ [ԱՀ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյան]