Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 25/09/2020 21:15
Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. Հարությունյանն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել | Տիգրան Ուլիխանյանը ևս վայր կդնի մանդատը | Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ ՄԱԿ-ի ԳԱ 75-րդ նստաշրջանին. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ | Վնասազերծման կենտրոնի պարզաբանումը՝ հղի կնոջ վրա շների հարձակման դեպքից |

Իրավունք

Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է առաջադրել
Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է առաջադրել
04/08/2020 15:34

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Արթուր Վաղարշյանին ՍԴ դատավորի պաշտոնին առաջադրելու վերաբերյալ գրությունը: Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։ 2018թ. ապրիլի 9-ին իր պաշտոնը ստանձնելու օրվանից մինչեւ 2019թ. մայիսի 30-ը Հանրապետության նախագահն Ազգային ժողովին է ներկայացրել Սահմանադրական դատարանի դատավորի 5 թեկնածություն (եւս մեկը թեկնածու հրաժարվել է իր թեկնածության առաջադրումից՝ անմիջապես այն ԱԺ ներկայացնելուց առաջ)։ Ազգային ժողովը մերժել է Հանրապետության նախագահի ներկայացրած թեկնածուներից 4-ին:

ՍԴ դատավորի թեկնածությունները ներկայացնելու նպատակով դեռեւս 2018թ. հունիսի 11-ին Հանրապետության նախագահի ՆԿ84-Ա կարգադրությամբ ձեւավորվել էր խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խումբ եւ հայտարարվել թեկնածությունների հայտերի ընդունման մասին։

Հայտ ներկայացրած 28 թեկնածուների հետ հարցազրույցի արդյունքում խմբի յուրաքանչյուր անդամ փակ ընթացակարգով ներկայացրել էր իր անհատական կարծիքը։ Ամփոփելով այդ կարծիքները՝ Հանրապետության նախագահին էր ներկայացվել հետեւյալ 3 թեկնածուներից կազմված ցուցակ՝ Վահե Գրիգորյան, Գոռ Հովհաննիսյան, Արթուր Վաղարշյան: Ցուցակում թեկնածուների ներառման հերթականությունը պայմանավորված էր խմբի անդամների կողմից նրանց տրված համապատասխան դրական կարծիքների քանակով:

Հանրապետության նախագահը ներկայացված ցուցակից նույն հերթականությամբ հաջորդաբար առաջադրել էր Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուներին:

1. Վահե Գրիգորյանի թեկնածությունը առաջադրվեց 2018թ. հոկտեմբերի 18-ին, Ազգային ժողովի կողմից մերժվեց 2018թ. հոկտեմբերի 23-ին:

2. Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը առաջադրվեց 2019թ. մարտի 21-ին, Ազգային ժողովի կողմից մերժվեց 2019թ. ապրիլի 16-ին:

3. Արթուր Վաղարշյանի թեկնածությունը առաջադրվեց 2019թ. մայիսի 15-ին, Ազգային ժողովի կողմից մերժվեց 2019թ. մայիսի 29-ին:

4. Վահե Գրիգորյանի թեկնածությունը երկրորդ անգամ առաջադրվեց 2019թ. մայիսի 30-ին: Ազգային ժողովը նրան ընտրեց Սահմանադրական դատարանի դատավոր 2019թ. հունիսի 18-ին:

5. Գոռ Հովհաննիսյանը 2020թ. հուլիսի 27-ին հրաժարվեց կրկին առաջադրելու նպատակով իր թեկնածությունը քննարկելուց:

6. Արթուր Վաղարշյանի թեկնածությունն առաջադրվում է երկրորդ անգամ:

Հանրապետության նախագահը ստորագրել է Արթուր Վաղարշյանի առաջադրման գրությունը:

Այսպիսով, Հանրապետության նախագահը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրումները կատարել է խորհրդատվական աշխատանքային խմբի առաջարկած թեկնածուներից՝ ցուցակում նրանց հերթականության կարգով:

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հետ հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը հստակորեն հայտնեց Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների առաջադրման եւ ընտրության կարգի վերաբերյալ իր դիրքորոշումը:

Սահմանադրության տրամաբանությանն ու ոգուն համահունչ եւ դատաիրավական բարեփոխումների նպատակին համապատասխան կլիներ, եթե Սահմանադրությամբ սահմանվեր ոչ թե ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու, այլ՝ Նախագահի, դատավորների ընդհանուր ժողովի եւ կառավարության/Ազգային ժողովի կողմից դատավորին ուղղակի նշանակելու լիազորություն:

Այս դեպքում յուրաքանչյուրը պատասխանատվություն կկրի իր ընտրության համար: Սահմանադրական դատարանի կազմը կլինի հավասարակշռված, կապահովվի դատավորների անկախությունը, քանի որ նրանք զերծ կլինեն քաղաքական փոփոխությունների ներգործությունից: Լիարժեք եւ արդյունավետ կգործի ժողովրդավարական կառավարման համար կարեւորագույն զսպումների ու հակակշիռների սահմանադրական սկզբունքը եւ կապահովվի անաչառ սահմանադրական արդարադատություն:

Նշենք, որ ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն Կառավարությունը, ՀՀ նախագահը եւ Դատավորների ընդհանուր ժողովը, թեկնածուներին պետք է ընտրի ԱԺ-ն՝ 3/5-րդ ձայներով:

Հիշեցնենք, որ Կառավարությունն արդեն ներկայացրել է ՍԴ դատավորի իր թեկնածուին՝ Վահրամ Ավետիսյանին։ Նրա հետ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները  հանդիպում են ունեցել։

Դատավորների ընդհանուր ժողովը նույնպես ներկայացրել է իր թեկնածուին՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանին։