Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 08/08/2020 15:42
Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացնում Սևան ազգային պարկում | Արսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցն արդեն մտնում է վճռական փուլ. նախարարի 2 թեկնածու կա. hraparak.am | «Ժողովուրդ»․ Հայկ Հարությունյանի գործով հարցաքննվել է Ալիկ Սարգսյանը | Պարզ է՝ առողջապահության «պատասխանատուն» պիտի ազատվեր իր «քաջագործություններից» տեղյակ մարդկանցից. Թամամյան | Մեր սահմանները պաշտպանված են ինչպես մեր քաջարի բանակի, այնպես էլ մեր սահմանամերձ գյուղերի սահմանապահ բնակիչների կամքի ու տոկունության շնորհիվ. նախագահ Սարգսյանն այցելել է սահմանամերձ Չինարի գյուղ | ՀԾԿՀ անդամ Մուշեղ Կոշեցյանը 2 ամսով կալանավորվեց | Ռոմանոս Պետրոսյանը «Սևան» ազգային պարկի աշխատակազմի հետ քննարկել է Սևանի հիմնախնդիրները | Ավարտվեց Ռոբերտ Նազարյանին կալանավորելու միջնորդության քննությունը. որոշումը կհրապարկվի այսօր |

Հայաստան

«1000 դրամների» օրենքով 3 մլրդ դրամից ավելի պարտավորություն չի կատարվել. ինչու՞ չի հաջողվում գանձել պարտադիր վճարները
«1000 դրամների» օրենքով 3 մլրդ դրամից ավելի պարտավորություն չի կատարվել. ինչու՞ չի հաջողվում գանձել պարտադիր վճարները
10/07/2020 15:11

Երեքուկես տարվա ընթացքում Պետական եկամուտների կոմիտեին չի հաջողվել ավելի քան 3,3 մլրդ ՀՀ դրամ դրոշմանիշային վճար հավաքագրել և զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովելու նպատակով փոխանցել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»–ին (1000 դրամների հիմնադրամ)։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է՝ ուսումնասիրելով գրավոր հարցմանն ի պատասխան ՊԵԿ–ից ստացված տվյալները։ Այսպես՝ հիմնադրամի ստեղծումից ի վեր՝ 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2020թ. մայիսի 31–ը, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ  օրենքով սահմանված կարգով հաշվարկվել է  25.058.090.000  դրոշմանիշային վճար, որից 21.753.288.000  դրամ դրոշմանիշային գծով պարտավորությունը մայիսի 31–ի դրությամբ փոխանցվել է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ» (խոսքը պարտադիր վճարների մասին է)։

 

Նշենք, որ յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը վճարում են 1000 դրամ գումարի չափով, իսկ անհատ ձեռնարկատերերը և նոտարները` 12 000 դրամ գումարի չափով:

Օրենսդրությամբ սահմանված է, որ դրոշմանիշային վճարների պարտավորության գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմինը որոշում է կայացնում դրոշմանիշային վճար վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ։ Մինչև գումարի գանձման վերաբերյալ որոշման անբողոքարկելի դառնալը պարտավոր անձի գույքի վրա հարկային մարմինը կարող է դնել արգելանք կամ կիրառել սահմանափակում՝ ՀՀ  հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով։

ՊԵԿ–ից տեղեկացանք, որ երեքուկես տարվա ընթացքում ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության պետի կողմից օրենքով սահմանված կարգով կայացվել է դրոշմանիշային վճարի գծով չկատարված պարտավորությունները գանձելու մասին 375  որոշում՝ 205 մլն դրամ պարտավորության չափով, որից 155 մլն 663 հազար դրամը վերականգնվել է։ Իսկ ինչ վերաբերվում է մնացած գումարը պետական բյուջե վերադարձնելուն, ապա 103 որոշում օրենքով սահմանված ժամկետում անբողոքարկելի դառնալուց հետո 23 մլն 942 հազար դրամ դրոշմանիշային վճարի գծով չկատարված պարտավորության մասով ներկայացվել է ՀՀ ԱՆ  ՀԿ ծառայություն՝ հարկադիր կատարման, իսկ 82 որոշմամբ գանձման ենթակա 25 մլն 412 հազար դրամ դրոշմանիշային վճարի գծով պարտավորության չկատարման պարագայում որոշումներն օրենքով սահմանված ժամկետներում անբողոքարկելի դառնալուց հետո կներկայացվեն հարկադիր կատարման։

Զարմանալի է, որ Հիմնադրամի գոյության երեքուկես տարվա ընթացքում ՊԵԿ–ը գնացել է ընդամենը 205 մլն դրամ պարտավորության «հետևից», այն դեպքում, երբ խոսք է գնում 3 միլիարդը գերազանցող պարտավորությունների չկատարման մասին։ Թեև այս տարիներին կատարվել է նաև դրոշմանիշային վճարների վերադարձ (սրանք այն գումարներն են, որոնք գոյանում են երկու կամ ավելի տեղ աշխատող քաղաքացիների կողմից հավելյալ վճարվող, ինչպես նաև ժամկետային զինծառայողների և զոհված զինծառայողների ընտանիքների անդամների վճարած 1000-ական դրամներից, որոնք, համապատասխան դիմումի դեպքում, հիմնադրամը վերադարձնում է), սակայն վերադարձված վճարների ծավալը այնքան էլ մեծ չէ։

Օրինակ՝ 2019 թվականին կատարվել է 2018-ին վճարված՝ շուրջ 94 մլն. դրամի դրոշմանիշային վճարների վերադարձ։ Հաշվարկված վճարները պակաս հավաքագրելը կարող է պայմանավորված լինել մի քանի  գործոններով՝  այդ թվում բիզնեսների սնանկացում, կազմակերպությունների գործունեության դադարեցում և այլն։ Այն, որ գործ ունենք նաև անբարեխիղճ տնտեսվարողների հետ, որոնք այս հարկատեսակն  ավելորդ բեռ են համարում և անում են հնարավորը օրենքը շրջանցելու համար, միանշանակ է, սակայն այս ամենի մեջ իր մեղքի բաժինն ունի ՊԵԿ–ը, որի ոչ պատշաճ, որոշ դեպքերում նաև մեղմ վարչարարության արդյունքում շատ տնտեսվարողներ մինչ օրս խուսափում են զինծառայողների ապահովագրության համար նախատեսված պարտադիր վճարները կատարել։ Նման նպատակային հարկատեսակ ունենալու արդյունավետության հարցը մի կողմ դնելով՝ նկատենք, որ դրոշմանիշային վճարների ուշացման դեպքում տույժեր նախատեսված չեն, բացի այդ ի տարբերություն մյուս հարկատեսակների դրոշմանիշային վճարը չի փոխանցվում հարկերի միասնական հաշվին։

Նշենք, որ իր գոյության երեքուկես տարվա ընթացքում, բացի պարտադիր վճարներից, հիմնադրամին նվիրաբերվել է ավելի քան  319 մլն դրամ գումար, ինչը հավաքագրված միջոցների ընդամենը 1,3  տոկոսն է։ Այս հանգամանքը ապացուցում է, որ «1000 դրամների» օրենքի ընդունման ժամանակ ստեղծված կարծիքը, թե Հիմնադրամի միջոցները հնարավոր է հավաքագրել կամավորության սկզբունքով, միֆ էր։

Նկատենք, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ստեղծված տնտեսական ճգնաժամի պայմաններում անգամ Հիմնադրամին կատարված նվիրաբերությունների թիվը էականորեն չի նվազել։ Մասնավորապես՝  2020թ․-ի մարտի 1-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում Հիմնադրամին կատարվել են մոտ 3,5 մլն ՀՀ դրամի նվիրաբերություններ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակատավածում կատարված նվիրաբերությունների ընդհանուր թիվը կազմել է մոտ 3,4 մլն ՀՀ դրամ։

Նշենք, որ մինչ օրս Հիմնադրամը կատարել է շուրջ 2 մլրդ դրամի փոխհատուցում, որից 822 մլն. դրամը՝ նախորդ տարի։

NEWS.am–ը գրավոր հարցում էր ուղարկել նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին` պարզելու, թե որքա՞ն գումար է հատկացվել վարչական ծախսերի համար և դրանք ընդհանուր ծախսերի քանի՞ տոկոսն են կազմում։ Ի պատասխան՝ հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը տեղեկացրել էր, որ հիմնադրամն իր գործունեության երեք տարիների ընթացքում չի իրականացրել վարչական որևէ ծախս, հիմնադրամի աշխատակիցներն աշխատում են կամավորության սկզբունքով՝ հասարակական հիմունքներով։

«Հիմնադրամի կողմից կատարվող միակ ծախսերն ուղղված են եղել զոհված զինծառայողների ընտանիքներին կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին հատուցումների տրամադրմանը»,–ասված է մեզ ուղարկված պատասխանում։

Իսկ ինչ վերաբերվում է Հիմնադրամի ֆինանսական հաշվետվություններին, ապա օրենքով սահմանված է, որ  Հիմնադրամի գործունեությունը յուրաքանչյուր տարի ստուգում է արտաքին, անկախ, միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպությունը:

Ավետիքյանը տեղեկացրեց, որ երեք տարիների ընթացքում կատարված աուդիտորական քննությունների ընթացքում Հիմնադրամի գործունեության հետ կապված  որևէ խնդիր չի հայտնաբերվել։

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին խորհրդարանում ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, հղում կատարելով վարչապետի օգնականից ստացած գրությունը, հայտարարեց, որ 1 մլրդ 900 մլն դրամ գումար չի փոխանցվել հիմնադրամին:

«Դատախազությունից թուղթ եմ ցույց տվել, որ գաղտնի ծախսեր են իրականացվել: վերջապես ձեր օգնականից գրություն ունեի, որ 1,9 մլրդ դրամի հասնող պարտավորություններ չեն կատարվել: Ինչ որ ասում եք, այո, այդպես է, հարց չկա, բայց փողն ո՞ւր է»,–դիմելով վարչապետին ասել էր պատգամավորը։

Այս հայտարարությունից հետո Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը դատական հայց է ներկայացրել պատգամավորի դեմ։ Հիմնադրամը դատարանից խնդրել է պարտավորեցնել Ուրիխանյանին՝ հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները, մասնավորապես, հիմնադրամի կողմից գաղտնի ծախսեր կատարելու, ժողովրդին պատկանող գումարներն անհետացնելու, համապատասխան ֆինանսական հաշվետվություններում գումարները չարտացոլելու, գործող օրենսդրության պահանջների խախտման և, կամ չպահպանման վերաբերյալ բոլոր պնդումները, հայտարարությունները և դատողությունները։