Եթե Դուք սիրում եք հանգիստը վայելել բնության գրկում և հետաքրքրված եք էկոտուրիզմով, ապա Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի ազգային պարկերի մասին մանրամասն տեղեկատվություն:
Խոսրովի անտառ պետական արգելոց
Խոսրովի ազգային պարկն իդեալական վայր է այն մարդկանց համար, ովքեր իսկապես հետաքրքրված են էկոտուրիզմով, ինչպես նաև գիտական և ճանաչողական շրջագայություններով: Ըստ պատմական ակնարկների 4-րդ դարում հայ թագավոր Խոսրով 2-րդը քարտեզագրել էր գեղեցիկ անտառ Գեղամա լեռնաշղթայի լանջին: Սա այն տարածքն է, որտեղ Խոսրով 2-րդը բուծում էր բազմատեսակ վայրի կենդանիներ որս անելու համար: Դարեր շարունակ այս անտառը հայոց արքաների սիրելի վայրերից է եղել:
Պարկի տարածքը կազմում է 30.000 հա: Չնայած տարածքի փոքր լինելուն՝ Խոսրովի անտառում կան ավելի քան 1850 տեսակ բույսեր և ծառեր: Հարուստ բուսական աշխարհը բազմաթիվ հայկական էնդեմիկ կենդանիների բնակատեղի է հանդիսանում: Այստեղ կարելի է տեսնել կենդական աշխարհի այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսիք են՝ շագանակագույն արջը, ասիական հովազը: Վերջիններս գրանցված են Կարմիր գրքում:
Մշակութային և պատմական արժեք ներկայացնող հուշարձանների սիրահարները կարող են վայելել Սուրբ Ստեփանոս վանքը: Այն միշտ եղել է ուխտագնացության կենտրոններից մեկը:
Խոսրովի ազգային պարկ այցելող յուրաքանչյուրին խորհուրդ ենք տալիս արշավել դեպի ջրվեժներ և անվանի «Քարերի սիմֆոնիա», որը տեղակայված է Ազատի հովտում: Այս վեհ բնական հուշարձանն իրենից ներկայացնում է երգեհոնի նմանվող բազալտե սյուներ:
«Արփի լիճ» ազգային պարկ
Հայաստանի Հանրապետության կառավարության, Բնության համաշխարհային հիմնադրամի, ինչպես նաև Գերմանիայի զարգացման և վերակառուցման բանկի համատեղ ֆինանսական աջակցությամբ 2009 թ. հիմնադրվեց «Արփի լիճ» ազգային պարկը: «Արփի լիճ» ազգային պարկը համարվում է աշխարհում եզակի թռչունների համար առաջին բնակավայրերից մեկը:
Պարկը գտնվում է ծովի մակերևույթից 2025_3196 մ բարձրության վրա:
Այստեղ թռչունների տեսակների թիվը հասնում է 140-ի, իսկ տեղանքի բուսականության տեսակների թիվը՝ 670-ի: Վերոնշյալներից շատերը գրանցված են Կարմիր գրքում:
Արփի լճի պարկը եզակի է իր կենսաբազմազանությամբ: Այս փաստը խորապես նպաստում է Շիրակի մարզում էկոտուրիզմի զարգացմանը: Չնայած հիասքանչ լեռներին, գետերին, լճերին, կանաչ հարթավայրերին, մաքուր և բուժիչ ալպիական օդին՝ Շիրակի մարզը քիչ է հայտնի արտերկրի այցելուներին: Այս տարածքին հատուկ են ոչ միայն բնական գեղեցկությունները, այլև ձեռագործ հուշարձանները: Այստեղ կարելի է տեսնել հին բնակավայրերի և բերդերի ավերակներ: Ուրարտական սեպագրերի անբացատրելի հետաքրքրականությունը էլ ավելի է գրավում այցելուներին: Չի՛ կարելի չնշել Մարմարաշենի և Անիի ամրոցները, որոնք դարեր շարունակ իրենց ճարտարապետությամբ գրավում են բոլորին:
Ստեփանավանի դենդրոպարկ
Հայաստանի առաջին բուսաբանական այգին գտնվում է մայրաքաղաք Երևանից ընդամենը կես ժամ հեռավորության վրա: 1930 թ. լեհ ինժեներ-անտառաբան Էդմոնդ Լեոնովիչը այցելել էր Հայաստան և սիրահարվել հայկական բնությանը: Նա որոշել էր Հայաստանում հիմել դենդրոպարկ: Այդպիսով 1933 թ. հիմնվեց Ստեփանավանի դենդրոպարկը, որը քսան տարի անց ստացավ «Սոճու անտառնեեր» արգելոց անվանումը: Այժմ այս տարածքի 15 հա-ը պատված է էկզոտիկ ծառերով և բույսերով, իսկ մնացած 20 հա-ը վայրի անտառ է: Պատահական չէ, որ այս վայրը համարվում է Հայաստանում ամենագեղեցիկներից մեկը: Այստեղ հայտնվելուն պես կհասկանաք, թե ինչումն է դենդրոպարկի հրաշքը:
Սևանի ազգային պարկ
Հիասքանչ Սևանա լիճը, որը տեղակայված է Գեղարքունիքի մարզում, իրական հայկական մարգարիտ է: Ազնվական ջրերով լցված այս հսկայական ավազանը համարվում է աշխարհի քաղցրահամ ջրի ամենամեծ պահեստարաններից մեկը: Սևանի ազգային պարկը բաղկացած է բնապահպանական պաշտպանության ռեժիմի տակ գտնվող տարածքներից: Ամենահայտնին Նորաշոնի արգելավայրն է, որը նաև կոչում են «ծովախորշերի կղզի»:
Տեքստը՝ Աննա Տլուստոխովիչ
Լուսանկարները՝ gevorgyanstar.wordpress.com-ի, hetq.am-ի, Բացահայտենք մեր երկիրը FB էջից