Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 05/12/2020 15:10
Լևոն Տեր-Պետրոսյանը զգուշացրել է Փաշինյանին ու Վազգեն Մանուկյանին | Դու պետք է լռես, Նիկո՛լ Փաշինյան. Սերժ Սարգսյան | Հանրահավաք Ազատության հրապարակում․ ՈՒՂԻՂ | «Վտանգված է Սյունիքը». Քաջարանի քաղաքապետն ու ավագանու անդամները պահանջելում են վարչապետի հրաժարականը | Ինչ է կատարվում Երեւան-Աբովյան ավտոճանապարհին | Շատ ուրախ եմ մեր թիմի համար․ Բայրամյանը՝ Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես գալու մասին | Ի՞նչ են քննարկել Փաշինյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ |

Զբոսաշրջություն

«Դիլիջան» ազգային պարկի քայլարշավային արահետները
«Դիլիջան» ազգային պարկի քայլարշավային արահետները
19/04/2020 11:37

Հայաստանում էկոտուրիզմի կենտրոններից Է «Դիլիջան» ազգային պարկը, որը զբաղեցնում է մոտ 240 կմ տարածք: Այն իրական դրախտ է քայլարշավների համար: Դիլիջանի ազգային պարկը լայն հնարավորություններ է տալիս նոր զգացողությունների և բացահայտումների համար: Մարդիկ այցելում են այս էկոկենտրոնը նոր հույզեր և ոգեշնչումներ գտնելու: Սա այնպիսի վայր է, ուր միանգամից ցանկություն է առաջանում կորչելու և այլևս հետ չվերադառնալու:

Դիլիջանի ազգային պարկի քայլարշավների և հեծանվաարշավների բոլոր արահետները քարտեզագրված են: Սա էկոտուրիզմի զարգացմանը նպաստող կարևորագույն նախապայմաններից է:            

Դեպի Մաթոսավանք. Մաթոսավանքը կառուցվել է 12-13-րդ դարերում: Վանքի ավերակները տեղակայված են Դիլիջանի հյուսիս-արևմուտքում: Այս արահետը հնարավոր է անցնել մոտ մեկ ժամում: Ուղևորության ընթացքում ճանապարհին հանդիպող բուսականությունը և կենդանական աշխարհը կզվարճացնեն յուրաքանչյուրին:

Դեպի Ջուխտակ վանք. Ջուխտակ անվանումը նշանակում է «երկու», «զույգ»: Վանքը կազմված է երկու եկեղեցուց՝ Սուրբ Աստվածածին և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, որոնք կառուցվել են 12-րդ դարում: Քայլարշավի արահետը ձգվում է 3 կմ: Ողջ ճանապարհը պատված է խնձորենիներով և դեղձենիներով: Եթե որոշել եք ընտրել դեպի Ջուխտակ ուղղությունը, ապա ընտրե՛ք գարնանային սեզոնը: Այսպիսով կունենաք նաև հնարավորություն հանդիպել վայրի ճագարներին:

Դեպի Հաղարծին վանք. Այս վանքը նույնպես կառուցվել է 12-րդ դարում: Արշավային արահետը նախորդից 4 անգամ ավելի մեծ է՝ 12 կմ: Այս ուղին յուրահատուկ է նրանով, որ ճանապարհին բազմաթիվ խաչքարեր են կանգնած: Ողջ ընթացքում գունազարդ ծաղիկները շոյում են արշավի մասնակիցների աչքերը: Հիշե՛ք այն հանգամանքը, որ արահետն անցնում է անտառի միջով: Այդ իսկ պատճառով պետք է զգուշանալ բազում կենդանիներից, որոնք կարող են հանդիպել: Անհրաժեշտ է նշել, որ դեպի Հաղարծին կարելի է երթևեկել նաև մեքենայով:

Պարզ լճից դեպի Գոշավանք.  Թե՛ Պարզ լիճը, թե՛ Գոշավանքը հիանալի վայրեր են այցելելու համար: Պատկերացրե՛ք, թե ի՜նչ հրաշալի է այս երկուսն իրար կապող ուղին: Տեղի կենդանական աշխարհի առանձնահատուկ բազմազանությունը միայն ավելի յուրահատուկ է դարձնում հենց այս արահետը: Ամեն տեղ չէ, որ կարելի է հանդիպել անտառային կատու, լայնականջ ոզնի, եղնիկ, մոխրագույն նապաստակ և գիշերները նույնիսկ աղվեսներ: Այս հեքիաթային արահետը ձգվում է 7.5 կմ:

 

Դեպի Աբեղաքար (Ապակեքար) լեռ. Չնայած Ապակեքարի բարձրությունը ընդամենը 1651 մ է, միևնույնն է այս ուղին ոչնչով չի զիջում մնացած այլ ուղիներին իր գեղեցկությամբ և պատկերավորությամբ: Արահետն ավելի հետաքրքիր է դարձնում Սառցապատ լեռնաշղթայի մշտական ներկայությունը: Ժայռերն այնպիսի փառահեղ տեսք են տալիս արահետին, որ բոլոր այցելուները տեղ են հասնում միայն անմոռանալի տպավորություններով:

Սա եզակի երթուղիներից է, որն անցնում է մարգագետինների միջով: Արածող կենդանիների տեսարանները արտասահմանից ժամանած այցելուների ամենասիրելի հիշողություններից են: Այս արահետն առանձնանում է նաև իր բազմազանությամբ: Ընդամենը 11 կմ ձգվող ուղին անցնում է լանջերի, անտառի և ժայռերի միջով:

Դիլիջանի ազգային պարկից դեպի ջրվեժ. Ճանապարհը սկսվում է ազգային պարկի այցելուների կենտրոնից: Մինչև ջրվեժ հասնելը կարող եք սունկ հավաքել, որոնք աճում են ծառերի վրա: Պետք է հիշել, որ ինչքան էլ համեղ լինեն այս սնկերը, միևնույնն է զգուշավորությունն անհրաժեշտություն է: Պետք է խնդրել տեղացիներին, որ հուշեն, թե որ սունկն է ուտելի, որը՝ ոչ: Արահետի երկարությունը 2 կմ է:

Դեպի Դիլիջանի լեռներ. Մեր ցուցակի վերջին ուղղությունն ամենաերկարն ու ամենատպավորիչն է: Արահետը սկսում է Դիլիջանի երեխաների սանատորիայից և ձգվում է 13 կմ դեպի լեռներ:

Դիլիջանի ազգային պարկը ամենապատկան մարմինն է, որ կարող է յուրաքանչյուրին տալ բոլոր հետաքրքրող հարցերի պատասխանները: Ավելին՝ վերը թվարկած բոլոր արահետների քարտեզագրումները հնարավոր է ունենալ բջջային քարտեզների հավելվածներում: Սա թույլ է տալիս քայլարշավների սիրահարներին ինքնուրույն անցնել իրենց նախընտրած արահետը:

Տեքստը՝ Աննա Տլուստոխովիչի
Լուսանկարները՝ Hiking Project-ի, hushardzan.am-ի, wikiwand.com-ի, wikiloc-ի, hikeArmenia-ի, և Վիքիպեդիայի