Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 28/05/2020 21:16
Ռուբեն Հայրապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել | Գագիկ Խաչատրյանը վատառողջ է ու պահվում է վատթարագույն պայմաններում․ փաստաբանական խումբն ահազանգում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ վիճակում է գտնվում Գավառի դեպքերի ժամանակ պարանոցը կտրած երիատասարդը և ինչ է պատմել իրավապահներին | Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով | Պոմպեո. ԱՄՆ-ը նախկինի պես հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը | Քննությանը խոչընդոտելու վտանգը չի վերացել. դատարանի որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ չարձակելու վերաբերյալ |armtimes.com| | 99.81% ճշգրտությամբ Covid-19-ի 10.000 թեստեր կփոխանցվեն ՊՆ-ին՝ «Թովմասյան» Հիմնադրամի և «Armenian Arm»-ի կողմից | Փոխնախարար չեմ ուզում դառնալ, ընտանիքիս ոչ մի անդամի գործի տեղավորելու համար որեւէ մեկին խնդրած չկամ. Ջուլֆալակյան |

Արցախ

«Արցախը պետք է ազատագրել օլիգարխիկ շրջանակների իշխանատենչական նկրտումներից»
«Արցախը պետք է ազատագրել օլիգարխիկ շրջանակների իշխանատենչական նկրտումներից»
09/04/2020 21:38

Արցախում տեղի ունեցած համապետական ընտրություններն աննախադեպ էին մինչև այդ տեղի ունեցած բոլոր ընտրությունների, ինչպես նաև 2017-ին Հայաստնում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների հետ համեմատած: Debate.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Նոր Արցախ» դաշինիքի անդամ, Արցախի ռամկավար ազատական կուսակցության նախագահ Բարդուղ Գալստյանը՝ հստակեցնելով, աննախադեպությունը կապված չէ ոչ թե ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների անցկացմամբ, այլ՝ ճիշտ հակառակը: Ըստ նրա՝ անհասկանալի տարբեր հիմնադրամների կողմից բաժանված կաշառքով, պետական լծակների օգտագործմամբ, հենց ընտրության օրը հավելյալ ցուցակների  ներդրմամբ, «կարուսել» կոչվող մեխանիզմի կիրառմամբ, ընտրախցիկում արդեն իսկ քվեարկած քվեաթերթիկը նկարելով և անօրեն այլ գործողություններով՝ այն գերազանցեց ՀՀ նախկին իշխանությունների օրոք անցկացված բոլոր ընտրություններին:

- Նախագահ ընտրելու համար ընտրությունների երկրորդ փուլ պետք է կազմակերպվի: Թեկնածու Արայիկ Հարությունյանին, փաստորեն, մի քանի հարյուր ձայն է պակասել, որ նա նախագահ դառնա: Դաշինքը, որտեղ դուք ներառված էիք, գլխավորում էր Մասիս Մայիլյանը, որ հրաժարվում է մասնակցել ընտրություններին: Փաստորեն՝ Հարությունյանի՝ նախագահ դառնալու հավանականությունն անառարկելի է դառնում:

- Նախ ուզում եմ ասել, որ Արցախի ռամկավար ազատական կուսակցությունը չի ճանաչում և առ ոչինչ է համարում Արցախում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Անցած ընտրություններն ապօրինի, ոչ լեգիտիմ, չեղյալ և անվավեր են, քանի որ և՛ նախընտրական փուլում, և՛ քվեարկության օրն ուղեկցվել են զանգվածային կաշառատվությամբ, քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքը ոտնահարած վարչական և ուժային կառույցների ուղղորդմամբ և քրեական տարրերի բռնաճնշմամբ։ Ինչ վերաբերում է Մայիլյանի՝ ընտրության երկրորդ փուլին չմասնակցելու հանգամանքին, ապա այդ մասին նա հայտարարություն է արել, ինչը ես այժմ չեմ մեկնաբանի: Տարբեր տեղեկությունների համաձայն՝ Արայիկ Հարությունյանը հավաքել էր 50 %-ից ավելի ձայն, սակայն ընտրություններին «ժողովրդավարական» տեսք տալու համար նրանք նկարել են 49.6 % ու հայտարարել ընտրությունների երկրորդ փուլի մասին:

 

- Դուք խոսում եք խախտումների, ընտրակաշառքի և այլ ապօրինությունների մասին, բայց Հայաստանից Արցախ ժամանած պատգմավորական խումբը, որ այդտեղ դիտորդական առաքելություն է իրականացրել, միաբերան ասում է, թե ընտրություններն ազատ ու թափանցիկ են անցել:

- Հայաստանից Արցախ ժամանած պատգամավորների խումբը հայտարարել է մի բան, ինչը ցանկացած արդյունքի դեպքում պետք է ասեր, բայց ի տարբերություն պատգամվորների՝ ճիշտ հակառակն են ասում այն դիտորդական խմբերը, որոնք իսկապես դիտորդական առաքելություն են իրականացրել:

 

- Ձեր թիմն ասում էր նաև, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ ընտրությունները պետք է հետաձգվեն, ինչո՞ւ չասացին Ձեր ու մյուս թեկնածուների բարձրաձայնումներին:

- «Նոր Արցախ» դաշինքը և  մեր թեկնածու Մասիս Մայիլյանը, այո, ընտրությունները հետաձգելու առաջարկությամբ էր հանդես եկել՝ հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի վտանգը: Մենք հրաժարվել էինք նաև փակ տարածքներում հանդիպումներ ու բացօդյա բազմամարդ հավաքներ իրականացնելուց: Սակայն Արցախի գործող իշխանություններն անտեսեցին ԱՀ նախագահի թեկնածուների մեծ մասի և խորհրդարանական ընտրություններում ներգրավված մի շարք քաղաքական ուժերի կոչն ու պահանջը և, այնուամենայնիվ, որոշեցին ցանկացած գնով ավարտին հասցնել ընտրական գործընթացը։

ՀՀ նոր իշխանությունների լուռ համաձայնությամբ՝ մեր այդ առաջարկն անտեսվեց ԱՀ իշխանությունների կողմից:

 

- Արայիկ Հարությունյանն ընտրություններից մեկ օր առաջ զրույց է ունեցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, Ստեփանակերտում էլ պատահաբար հանդիպել ու զրույց է ունեցել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: ՀՀ իշխանությունների համար Հարությունյանը կարո՞ղ է «ցանկալի» թեկնածու լինել:

- Այսպես ասած պատահականությունների «արդյունքում» ունենք այն, ինչ ունենք: Ինչ վերաբերվում է «ցանակալի» թեկնածուին, ապա Արցախի մտածող, չկաշառված ընտրազանգվածը լուրջ կասկածներ ունի 2018-ին Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխության արժեքների հանդեպ, որովհետև, փաստորեն, «ցանկալի թեկնածուների» ինստիտուտը չի վերացել: Մեր կուսակցության մասով կարող եմ ասել, որպես ընդդիմություն, շարունակելու ենք հետևողական պայքարը հանուն օրինականության և ժողովրդավարության։ Մենք չենք նահանջելու, պետականամետ ուժերի և անհատ քաղաքացիների հետ միասին ազատագրելու ենք Արցախն օլիգարխիկ շրջանակների իշխանատենչական նկրտումներից։

 

- ՀՀ իշխանություններն Արցախի ընտրական գործընթացին որևէ միջամտություն ունեցե՞լ են, թե՞ ոչ:

- Արցախի ընտրական գործընթացին հայաստանյան իշխանություններն, այո, ունեցել են միջամտություն: Ես դա կանվանեի միջամտություն՝ հանցավոր լռությամբ: Մեծապես ցավալի է, որ ՀՀ ներկայիս կառավարությունը չի կատարել Արցախում արդար և լեգիտիմ ընտրությունների համար անհրաժեշտ նախադրյալներ ապահովելու հրապարակային խոստումը։ Դրանով ՀՀ «թավշյա» կառավարությունը դավաճանել է հեղափոխության գաղափարին ու ոգուն և անսկզբունք մարտավարական հաշվարկներով՝ արցախահայությանը միայնակ թողել է ագրեսիվորեն վերարտադրվել ձգտող ապապետական ու քրեական օլիգարխիայի առջև։

 

- Միջազգային կառույցների կողմից արդեն իսկ ոչ միանշանակ արձագանք է տրվել Արցախում տեղի ունեցած ընտրություններին: Հնարավո՞ր է՝ եվրապոցիները մեզ նաև համավարակի ժամանակ ընտրություն անցկացնելու մեջ  «մեղադրեն»:

- Ցավոք, այո, կա նման մտավախություն: Հապճեպ, խիստ վտանգավոր շրջանում իրականացված ընտրությունները նաև միջազգային դիտորդների աչքից հեռու պահելուն միտված գործընթաց է, ինչը տհաճ և անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ: