Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահության նիստի ժամանակ քննադատել է Եվրամիության երկրներին, որոնք դատապարտել են Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայում: Այս մասին տեղեկացնում է Anadolu-ն:
Իր ելույթում Էրդողանը նշել է, որ պաշտոնական Բրյուսելը միշտ էլ խաբեությամբ է զբաղված եղել և երբեք աչքի չի ընկել անկեղծությամբ: Թուրքիայի նախագահը նշել է նաև, որ իրենց երկիրն ընդունել է 3,5 միլիոն սիրիացի փախստականի, և «եթե Եվրոպան մեր գործողությունները Սիրիայում անվանի օկուպացիա, ապա մենք կբացենք սահմանները փախստականների առաջ»:
«Եվրամիությո՛ւն, ուշքի ե՛կ վերջապես»,-ասել է նա:
Եվրամիությունից բացի, Էրդողանն անդրադարձել է նաև Սաուդյան Արաբիային և Եգիպտոսին, որոնք նույնպես դատապարտել են Թուրքիայի ռազմական գործողությունը
Սիրիայի տարածքում:
«Սաուդյան Արաբիան նախ թող նայի հայելու մեջ և պատասխան տա Եմենին ծանր դրության մեջ գցելու համար: Սկզբում թող դրա պատասխանը տա: Իսկ Եգիպտոսն ընդհանրապես թող լռի, քանի որ այնտեղ իշխում է մի մարդ, որը սպանել է ժողովրդավարությունն իր երկրում»,- ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին և այլ բնակավայրերի: Այս գործողությունը դատապարտել են աշխարհի բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը: