ՄԱԿ-ի Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում հայաստանյան ներկայացուցիչ Տիգրան Դավթյանը, որը Տիգրան Սարգսյանի կառավարությունում էկոնոմիկայի նախարարն էր, կարծում է, որ վերջին շրջանում Հայաստանում բարելավվել է ներդրումային միջավայրը, եւ միջազգային տնտեսական կազմակերպությունների ու ներդրողների կողմից աճել է հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։ Դավթյանին մենք հանդիպեցինք Ժնեւում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, որտեղ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցում էր ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի՝ Նշանավոր անձանց խմբի քննարկմանը։ Առիթն օգտագործելով՝ Տիգրան Դավթյանին, որը Ժնեւից ակտիվ հետեւում է հայաստանյան իրադարձություններին, մի քանի հարց ուղղեցինք։

- Ձեր նշած այդ վերջին շրջանը հեղափոխությունից հետո ընկած շրջա՞նն է, եւ ի՞նչն է, Ձեր կարծիքով, հիմնականում փոխվել, որ բարելավվել է ներդրումային միջավայրը։

- Ես կարծում եմ՝ մենք հիմա բավականին դրական իրավիճակ ունենք։ Անկեղծ եմ ասում՝ մեծ հաշվով, ինձ շատ դուր է գալիս այն, ինչ անում է կառավարությունը, եւ համոզված եմ, որ ճիշտ ուղղությամբ ենք գնում։ Ամենակարեւորը՝ ստեղծվում է հավասար դաշտ բոլորի համար։ Դա շատ կարեւոր է։

- Այսինքն՝ պե՞տք էր այս հեղափոխությունը մեզ, Դուք՝ ինքներդ, սպասո՞ւմ էիք դրան։

- Վերջին փոփոխություններին ես շատ դրական եմ վերաբերվում, մասնավորապես՝ տնտեսական դաշտում։ Ես, դե, հանդիպում եմ ներդրողների, գործարարների հետ եւ Հայաստանում հաճախ եմ լինում․ մի ոտքով Հայաստանում եմ, մի ոտքով էստեղ եմ, եւ ընդհանուր մթնոլորտի առումով բավականին դրական ընկալում կա, եւ հավասար դաշտը սկզբունքային բան է։

- Դուք Տիգրան Սարգսյանի կառավարությունում նախարար եք եղել, այն ժամանակ ի՞նչն էր խանգարում, որ ավելի վստահելի եւ բարենպաստ դաշտ ստեղծվեր ներդրումների համար։

- Չեմ կարող ասել՝ մի բան չէր, շատ բան էր խանգարում, որի մասին շատ է խոսվել։ Ես ընդհանուր դիսկուրսի մեջ ընդհանուր մոտեցումներին համաձայն եմ, որ, իհարկե, կային խնդիրներ։ Կային գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, հիմա հաճախ օգտագործվում է «մենաշնորհ» տերմինը, բայց դա, ըստ էության,

 

եթե ճիշտ տնտեսական տերմինն օգտագործենք, գերիշխող դիրք ունենալն էր։

- Այսօր դրական կողմերով հանդերձ՝ կառավարությանը քննադատում են, որ մեկուկես տարի անց դեռ խոշոր ներդրումներ չկան, իսկ Ամուլսարի հարցն էլ, որը խոշոր ներդրում է, օդում կախված է մնացել․․․

- Ներդրումներ, որ ասում են, ցանկացած ներդրում ենթադրում է բավականին երկար եւ տանջալի ճանապարհ։ Եվ ներդրումը, սովորաբար, հայտնի է դառնում հանրությանը, երբ որ այդ ճանապարհն անցած-վերջացրած է լինում։ Դրա համար ակնկալել, որ մեկ-երկու ամսում եւ նույնիսկ մի տարում ներդրումային ծրագիրը կսկսվի եւ կիրականացվի, սխալ է։

- Ասում են՝ անորոշություն կա, քաղաքական վիճակը դեռեւս կայուն չէ՝ դրան գումարած վարչապետի ագրեսիվ հայտարարությունները՝ ասֆալտին փռելու, օլիգարխներին բանտերը լցնելու վերաբերյալ, վանում են ներդրողներին։

- Ներդրումների համար հիմնականում հիմք են հանդիսանում ֆունդամենտալ իրողությունները՝ մակրոտնտեսական կայունություն, ֆինանսական կայունություն, օրենսդրական կայունություն, կանխատեսելիություն եւ շուկայի մեծություն։

- «Բանկային գաղտնիքի մասին» օրենքը վերջերս փոփոխության ենթարկվեց, համաձայն որի՝ իրավապահներին ավելի լայն շրջանակի անձանց բանկային տվյալներ կարող են հասանելի լինել։ Սա կխթանի՞, թե՞ կխոչընդոտի գործարարների ներդրումները։

- Ես չեմ կարծում, որ դա էական ազդեցություն կունենա, էդ գործոններն էական ազդեցություն ներդրողների վարքագծի վրա չեն ունենում։ Ներդրումների համար շատ ավելի խոշոր բաներ են կարեւոր, թվարկեցի՝ շուկայի չափերը, օրինակ։

- Շուկայի չափերի առումով մեր հարեւան Վրաստանը, օրինակ, գրեթե մեզ պես երկիր է, բայց մեր գործարարները նախընտրում են գնալ Վրաստանում, դիցուք, հյութ արտադրել։

- Չէ, բայց էնպես չէ, որ Հայաստանում էլ հյութեր չեն արտադրում։ Իրենք նախընտրում են մի հատ Հայաստանում ունենալ, մի հատ էլ իրենց բիզնեսը տանեն նաեւ Վրաստան։

- Ոովհետեւ այնտեղ ներդրումային եւ հարկային միջավայրն ավելի լավն է։

- Ես չէի ասի, թե էնտեղ ավելի լավ է։ Էնտեղ որ լավ լիներ, մեկ շնչի հաշվով մեր համախառն ներքին արդյունքի ցուցանիշով մենք հիմա Վրաստանին հավասարվում ենք, այն պարագայում, որ իրենց օբյեկտիվ պայմանները Հայաստանից ավելի լավն են։ 

 

hraparak.am