Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 16/09/2019 10:11
Ողբերգական վթար Արարատում. BMW-ն մխրճվել է բեռնատարի մեջ եւ բռնկվել. փրկարարները դուրս են բերել մոխրացած 3 դիերը (ֆոտո) | «ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ»-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԿԱՐԻՆԱ ԻԳՆԱՏՅԱՆԸ | Սևան չհասնող ջուրը՝ Եղեգիս գետի ՀԷԿ-երի համար | Արամ Ա-ի մոր հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին | Արևելյան հեքիաթներ՝ հայկական ոճով․ ինչով է Երևանում հիացել Քուվեյթի շեյխի կինը | Հարսնացուն Հայաստանից. Աբուջայում ապրող միակ հայկական ընտանիքի սիրո պատմությունը.տեսանյութ | Արփինե Հովհաննիսյանը ներքաղաքական զարգացումների եվ դատաիրավական բարեփոխումների մասին | Ինչպես է «Ռոմա»-ի մարզադաշտը «գոռում» Մխիթարյանի ազգանունը (տեսանյութ) |

Հարցազրույցներ

ՏՏ ոլորտում տարեկան առկա է շուրջ 2000 թափուր աշխատատեղ, ինչը չի համալրվում
ՏՏ ոլորտում տարեկան առկա է շուրջ 2000 թափուր աշխատատեղ, ինչը չի համալրվում
06/09/2019 17:22

debate.am լրատվական կայքը ներկայացնում է հարցազրույց՝ նվիրված խիստ արդիական թեմայի՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի և ՏՏ ոլորտի խնդրահարույց, հարկային և իրավական տեսանկյունից վիճարկելի, ոլորտին աջակցող, ինչու չէ նաև ճնշող խնդիրներին։ Աննա Մկրտչյանի զրուցակիցներն են՝ «Ի Էլ Էլ գործընկերություն» իրավաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն Գոհար Գևորգյանը և «Այ Թի Ռիփորթս» հաշվապահական գրասենյակի բաժնետեր-գործընկեր Միհրան Թովմասյանը։



- Ի՞նչը հիմք հանդիսացավ սույն օրենքի ընդունման համար։

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը 2000 թվականից ճանաչվել է որպես ՀՀ տնտեսության գերակա ճյուղերից մեկը։ ՏՏ ոլորտում Հայաստանն ունի մի շարք մրցակցային առավելություններ, մասնավորապես, միջազգային չափանիշներին համապատասխանող գիտահետազոտական ներուժ ճարտարագիտության, ինֆորմատիկայի, ֆիզիկայի և մաթեմատիկայի բնագավառներում, բարձրակարգ և շնորհալի մասնագետներ` տեխնիկական հմտություններով և անգլերենի իմացությամբ, էժան աշխատուժ և ցածր գործառնական ծախսեր, ուժեղ և հաջողակ սփյուռքի ներկայություն աշխարհում, խոշոր վերազգային ընկերությունների հետ համագործակցության մեծ փորձ, մտավոր սեփականության պաշտպանությանն ուղղված միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող իրավական դաշտ: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գլխավոր կապիտալը մարդկային ռեսուրսներն են, որոնք ապահովում են մտավոր սեփականության ձևավորումն ու հավելյալ արժեքի ստեղծումը, իսկ ՏՏ ոլորտի մարդկային ռեսուրսներում ներդրումներն, ըստ էության, հանդիսանում են կապիտալ ներդրումներ` ուղղված հավելյալ արժեքի ձևավորմանը: Տեխնիկական և բնական գիտությունների բարձրակարգ դպրոցների և գիտակրթական ավանդույթների առկայությունը Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի մրցակցային առավելություններից է, և ներկայումս պետության հիմնական ջանքերն ուղղված են Խորհրդային Միության տարիներին ստեղծված ավանդույթների փոխակերպմանը (տրանսֆորմացմանը)` ժամանակակից տեխնոլոգիական զարգացման պահանջներին համապատասխան, ինչպես նաև առկա մրցակցային առավելությունների օգտագործմանը` Հայաստանը որպես տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դիրքավորելու նպատակով: Ուստի, անհրաժեշտություն է առաջանում խթանելու մարդկային ռեսուրսներում ներդրումների իրականացումը, նորարար գաղափարների գեներացումն ու սկսնակ ընկերությունների ստեղծումը, ինչն իր հերթին կխթանի երկրի տնտեսության աճին, մրցունակության և արտադրողականության բարձրացմանը, հավելյալ արժեք ապահովող աշխատատեղերի ստեղծմանը և երկրի վարկանիշի բարձրացմանը: Օրենքը նպաստում է Հայաստանի ՏՏ ոլորտի մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև խթանում է սկսնակ ընկերությունների ձևավորմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը։



- Համաձայն այս օրենքի՝ ի՞նչ են տեղեկատվական տեխնոլոգիաները։

Համաձայն ՀՀ օրենքի՝ տեղեկատվական տեխնոլոգիաները համակարգչային հիմքի վրա, մասնավորապես ծրագրային ապահովման, սպասարկման կամ կառավարման տեղեկատվական համակարգեր, ինչպես նաև բոլոր ձևաչափերով տեղեկատվություն, ներառյալ` տվյալներ, պատկերներ (շարժական, անշարժ) ստեղծելու, փոխակերպելու, պահպանելու, պաշտպանելու, մշակելու, փոխանցելու և անվտանգ հայթայթելու համար օգտագործվող տեխնոլոգիաների բոլոր տեսակներն են։



 - Արդյո՞ք հավաստագրման համար կարող է դիմել ցանկացած կազմակերպություն՝ անկախ կազմակերպաիրավական կարգավիճակից։

Համաձայն օրենքի՝ հավաստագրման համար չեն կարող դիմել տնտեսական ընկերակցությունները և դուստր կազմակերպությունները։ Տնտեսական ընկերակցությունները հատուկ անդրադարձ չենք կատարում, քանի որ ՀՀ շուկան բավականին սակավաթիվ է։ Փորձենք ներկայացնել դուստր ընկերություններին։ Տնտեսական ընկերությունը կարող է համարվել դուստր, եթե այլ (հիմնական) տնտեսական ընկերակցություն կամ ընկերություն, նրա կանոնադրական կապիտալում իր գերակշռող մասնակցության ուժով կամ նրանց միջև կնքված պայմանագրին համապատասխան` հնարավորություն ունի կանխորոշել նման ընկերության որոշումները: Այսինքն՝ այն անձը, ով ունի ավելի մեծ մասնակցության չափ, ինչը հնարավորություն է տալիս կանխորոշել ընկերության կողմից կայացվող որոշումները, եթե այլ բան նախատեսված չէ դուստր տնտեսական ընկերության կանոնադրությամբ կամ պայմանագրով։ Օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է այն իրավաբանական անձանց շրջանակը, որոնք կարող են ստանալ պետական աջակցություն, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող սկսնակ տնտեսավարող սուբյեկտները, նորարարական և ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը խթանող ենթակառուցվածքները, այդ թվում՝ տեխնոպարկերը, տեխնոկենտրոնները, աքսելերատորները, ինկուբատորները, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթական, հետազոտական ծրագրեր իրականացնող տնտեսավարող սուբյեկտները։ Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հավաստագրման համար կարող են դիմել միայն այն տնտեսավարող սուբյեկտները, որոնք Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած առևտրային կազմակերպություններ են կամ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերերը։ Ողջամիտ հարց է ծագում, եթե հավաստագրման համար կարող են դիմել միայն առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, ապա ինչու է օրենքով որպես պետական աջակցության սուբյեկտ նշել նաև տեխնոպարկերը, տեխնոկենտրոնները, աքսելերատորները, ինկուբատորները։ Ավելին, տվյալ իրավակարգավորման իրավական բեռը բացակայում է, քանի որ օրենսդրի կողմից սահմանված իրավական նորմը կրում է հռչակագրային բնույթ։ Ինչո՞ւ։ Հայաստանի Հանրապետությունում գործում է ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, որն իր բնույթով առևտրային կազմակերպություն չէ, արդյո՞ք, տվյալ հիմնադրամը սույն օրենքի տեսանկյունից կարող է համարվել շահառու, թե ոչ։ Եթե հիմք ընդունենք իրավական նորմի տառացի մեկնաբանության կանոնները, ապա կարող ենք միանշանակ պնդել, որ հիմնադրամը չի կարող դիմել պետական հավաստագրման գործընթացին մասնակցելու համար։ Ուստի, առաջարկում ենք խմբագրել օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով․ «3) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը խթանող ենթակառուցվածքները, այդ թվում` տեխնոպարկերը, տեխնոկենտրոնները, աքսելերատորները, ինկուբատորները»։



- Հաճախ են հանդիպում դեպքեր, երբ ՏՏ ընկերությունները (հիմնականում սկսնակ ընկերությունները) բախվում են շատ կարևոր խնդրի․ արդյո՞ք իրենց ընկերության իրականացրած (իրականացվելիք) գործունեությունը նշված օրենքի իմաստով հանդիսանում է պետական աջակցության ենթակա գործունեության տեսակ, թե՞ ոչ։

Համաձայն «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին » ՀՀ օրենքի՝ պետական աջակցության ենթակա գործունեության տեսակներն են ա. ծրագրային ապահովման մշակումը, բ. խորհրդատվական գործունեությունը համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում, գ. համակարգչային համակարգերի կառավարման գործունեությունը, դ. տվյալների մշակում, ցանցում տեղեկատվության տեղաբաշխում և հարակից գործունեությունը, ե. վեբ-պորտալների հետ կապված գործողությունները, զ. տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթական, հետազոտական ծրագրերի իրականացում է. էլեկտրոնային համակարգերի նախագծում, թեստավորում և արտադրություն, համակարգչային անիմացիա և մոդելավորում, ինչպես նաև ինտեգրալային սխեմաների նախագծում և թեստավորում Քանի որ իրական և պրակտիկ կյանքում Տեղեկատվական տեխնոլոգիաները կարող են շատ հետաքրքիր և ստանդարտներից տարբերվող ձևով հանդես գալ, ուստի կարող են ուղղակի կերպով չնույնականացվել օրենսդրի սահմանած գործունեության տեսակների հետ։ Որպես օրինակ կարող ենք նշել ընկերության կողմից օնլայն հարթակի ստեղծումը, որի միջոցով երրորդ կողմի ծառայություն մատուցողը հնարավրություն է ստանում կապ հաստատել ծառայությունը պատվիրողի հետ և մատուցել այն։ Նշված դեպքում ուղղակի կերպով հնարավոր չէ գործունեությունը նույնականացնել օրենքում առկա գործունեության տեսկաների հետ, սակայն բոլորին էլ պարզ է, որ նշվածը ոչ այլ ինչ է, քան պետական աջակցության ենթակա գործունեության տեսակ։ Մեր կարծիքով տեղեկատվական տեխնոլոգիաների և պետական աջակցության ենթակա գործունեության տեսակներնի գլխավոր և պարտադիր պայման է համարվում այն, որ իրականացվող գործունեության հիմք պետք է հանդիսանա ծրագրային ապահովման մշակումը և (կամ) տեղեկատվության բոլոր ձևաչափերի հետ գործողությունները՝ հիմնված առաջադեմ տեխնոլոգիաների հենքի վրա։ Այնուամենայնիվ, տարակարծությունների դեպքում անախորժություններից, թյուրըմբռնումներից խուսափելու համար մինչև հավաստագրի համար դիմելը առնվազն անհրաժեշտ է գրությամբ դիմել լիազոր մարմնին, մանրակրկիտ ներկայացնել գործունեության էությունն ու բովանդակությունը, ստանալ պաշտոնական պատասխան։



- Ճի՞շտ է արդյոք այն պնդումը, որ Հավաստագրված ընկերությունը հավաստագրի գործողության ողջ ժամկետում բացառապես պիտի իրականացնի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակներ և չստանա որևէ այլ տեսակի եկամուտներ։

Համաձայն «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի՝ հավաստագրման համար դիմող տնտեսավարող սուբյեկտները պետք է ստեղծված լինեն բացառապես պետական աջակցության ենթակա գործունեության տեսակներ իրականացնելու համար և պարտավոր են հավաստագրի գործողության ընթացքում պահպանել նշված պահանջը։ Բացի դրանից, օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ հավաստագրի գործողության ընթացքում հիմնական միջոցների օտարումը, ինչպես նաև համատեղ գործունեության պայմանագրի կնքումը համարվում են սահմանված գործունեության տեսակներից դուրս իրականացվող այլ գործունեություն։ Օրենքի մեջ այլ կերպ հստակեցված չէ (բացառությամբ հիմնական միջոցների), թե սահմանված գործունեությունը որևէ այլ ձևով հասույթ կամ եկամուտ ստանալ- չստանալն է, թե բուն գործունեությունը։ Սրա հետ կապված գործող և նոր բացվող ՏՏ ընկերությունները լուրջ բյուրոկրատական խոչընդոտների են հանդիպում, քանի որ սովորական գործունեության ընթացքում կարող են ակամա ստանալ չնչին այլ եկամուտներ և այս դեպքում կզրկվեն հավաստագրից (օրինակ՝ բանկային հաշվի մնացորդի վրա հաշվարկված տոկոսագումարներ, անհատույց ստացված որևէ ակտիվից եկամուտ, ՏՏ ոլորտում շուտ փոխարինվող հիմնական միջոցներից՝ համակարգիչների վաճառքից ստացվող եկամուտ, ներված պարտավորությունից առաջացած եկամուտ և այլն)։ Նշված խնդրի լուծման համար մեր կարծիքով պետք է օրենսդիրը հստակություն մտցնի օրենքի մեջ կամ տա պաշտոնական պարզաբանում, որպեսզի հավաստագրված և հավաստագրման համար դիմել ցանկացողները զերծ մնան թյուրըմբռնումներից և տհաճ իրավիճակներից, ինչպիսին է՝ հավաստագրից զրկումը։ Ինչ վերաբերում է հավաստագրված ընկերության՝ հիմնական միջոց օտարելուն, ապա հասկանալի է օրենսդրի սահմանափակումը կապված հնարավոր չարաշահումների և ռիսկերի հետ, սակայն այդ խնդիրը մեր կարծիքով կարելի է լուծել՝ օրինակ թույլատրելով, որ հավաստագրված ընկերությունը հարկային տարվա ընթացքում կարողանա ունենալ սահմանված գործունեությունից տարբերվող այլ եկամուտ, որը չի գերազանցի ընթացիկ տարվա հասույթի 1-2%-ը։ ՏՏ ընկերություններին առայժմ առաջարկում ենք՝ մինչև նշված խնդրի օրենսդրորեն լուծումը զերծ մնալ որևէ այլ տեսակի եկամտի ստացումից ցանկացած այլ հիմքով։



- Ի՞նչ հետևանքներ է առաջացնում հավաստագրի գործողության դադարեցումը։

Օրենքի 17-րդ 2-րդ մասը սահմանում է, եթե սույն օրենքի խախտման հետևանքով դադարեցվել է հավաստագրի գործողությունը, ապա պետական բյուջե են վճարվում հավաստագրի գործողության ընթացքում որպես հարկային արտոնություն ստացված և պետական բյուջե չվճարված հարկերի գումարները, ինչպես նաև հարկային հարաբերությունները կարգավորող օրենքով սահմանված տույժերը և տուգանքները: Պայմանականորեն առևտրային գործունեություն իրականացնող անձը ստացել է հավաստագիր, սակայն հավաստագրի գործողության ընթացքում կատարում է խախտումներ, ինչը թույլ է տալիս դադարեցնել հավաստագրի գործողությունը։ Արդյունքում, անձը պարտավորվում պետական բյուջե վճարել հավաստագրի գործողության ընթացքում որպես հարկային արտոնություն ստացված և պետական բյուջե չվճարված հարկերի գումարները, ինչպես նաև հարկային հարաբերությունները կարգավորող օրենքով սահմանված տույժերը և տուգանքները։ Օրենքի իմաստով հանձնաժողովը մշտական հիմունքներով գործող մարմինն է, որն իր գործունեության ընթացքում կայացնում է որոշումներ։ Օրենքը չի պարունակում առանձին իրավակարգավորում, որն հնարավորություն կտա բողոքարկել հանձնաժողովի որոշումները։ Թեև օրենքը չի պարունակում այդպիսի իրավանորմը, սակայն դա չի սահմանափակում անձի դատարան դիմելու իրավունքը՝ չխախտելով դատարանի մատչելիության հանրաճանաչ սկզբունքը։ Ուստի, հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով։ Այլ կերպ ասած, հանձնաժողովի հավաստագրի գործողության դադարեցման որոշման դեմ բողոք բերելը կասեցնում է տվյալ ակտի գործողությունը այնքան ժամանակով, քանի դեռ չկա դատարանի օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտ։

 - Մինչև ե՞րբ կարելի կլինի դիմել հավաստագրման։

Օրենքի անցումային դրույթներով սահմանվել է, որ հավաստագրի տրամադրման դիմումների ընդունման վերջնաժամկետը մինչև 2022 թվականի դեկտեմբերի 1-ն է։ Ընդ որում դիմումից հետո 30-օրյա ժամկետում է որոշվում հավաստագրման տրամադրման պահը, որը սակայն գործում է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Տարօրինակ է այն հանգամանքը, որ հնարավոր է, որ 2022 թվականին հավաստագրման դիմած տնտեսվարողը արտոնությունից կարող է նաև ընդհանրապես չօգտվել։

-Արդյո՞ք կարող է հավաստագրված ընկերությունը օրենքով սահմանված տեսակի ծառայություն մատուցել մեկ այլ հավաստագրված ընկերության։

Համաձայն «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի՝ հավաստագրված ընկերությունները չեն կարող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող այլ տնտեսավարող սուբյեկտներին օտարել օրենքով սահմանված գործունեության արդյունքները, բացառությամբ կրթական ծրագրերի իրականացման դեպքերի: Ըստ երևույթի, օրենսդիրը չի ցանկանում, որպեսզի գործող ՏՏ ընկերությունները արհեստականորեն մասնատվեն և որպես առանձին տնտեսվարողներ դիմեն հավաստագրման, ուստի մշակվել է նշված սահմանափակումը, որ հավաստագրված անձինք կարողանան ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող՝ ՀՀ ռեզիդենտ այլ տնտեսավարող սուբյեկտներին ծառայություն մատուցել: Նշվածը տրամաբանական է այնքանով, որ հավաստագրված տնտեսվարողը շահութահարկ չի վճարում, բայց ինվոյս տալով /ինվոյս վաճառելով/ այլ ՏՏ տնտեսվարողի, նրա համար ծախս է ապահովում, ինչի արդյունքում վերջինս շահութահարկ քիչ է վճարում: Սակայն այս սխեման չի գործում, երբ իրար հետ գործարք են կատարում երկու հավաստագրված ՏՏ ընկերություններ, որովհետև այս պարագայում ոչ ոք հարկ չի շահում: Որպես հետևություն, առաջարկում ենք փոփոխել-լրացնել նշված սահմանափակումը և բացառություն սահմանել 2 հավաստագրված տնտեսվարողների միջև գործարքներին: 

 -Ինչպե՞ս նախապես իմանալ դիմացի ընկերության՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր լինել-չլինելը, որպեսզի համագործակցությունը չբերի հավաստագրի դադարեցման։

Մինչև 2019թ. օրենքում լրացումներ կատարելը նշված հարցը ամբողջությամբ բաց էր և վիճելի։ Այժմ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանվում է, որ դրանք Հայաստանի Հանրապետության այն ռեզիդենտ իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերն են, որոնց գործունեության բոլոր տեսակներից իրացման շրջանառության առնվազն 70%-ը ձևավորվել է պետական աջակցության ենթակա գործունեության տեսակներից, ինչպես նաև հավաստագրման դիմած կամ հավաստագրված ընկերությունները։ Նման սահմանումը տնտեսվարողներին ըստ երևույթին որևէ կերպ չի օգնում, քանի որ նախ հստակեցված չէ, թե որ հարկային տարվա շրջանառության 70%-ի մասին է խոսքը գնում, և մյուսը՝ ինպես իմանալ դիմացի կողմի շրջանառության, առավել ևս դրա ոլորտայնության վերաբերյալ։ Հուսով ենք, որ առաջիկայում օրենսդիրը կփորձի լուծել օրենքի բացը և կառաջարկի օպտիմալ լուծում նշված խնդիրը կարգավորելու համար։

 -Ինչպե՞ս ապահովել ՏՏ ոլորտի թափուր աշխատատեղերի համալրումը։

Տարեկան ՏՏ ոլորտում առկա է շուրջ 2000 թափուր աշխատատեղ, ինչը չի համալրվում (2018 թվականի տվյալներով)։ Ավելին, սույն օրենքի ուժի մեջ մտնելը էլ ավելի խթան հանդիսացավ ՏՏ ոլորտի զարգացման համար։ Սույն օրենքը գործելու է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը։ Թափուր աշխատատեղերը լրացնելու և նորարական տեխնոլոգիաների զարգացման համար նոր խթան կհանդիսանա բուհ-աշխատաշուկա կապ ստեղծելու կամ ստեղծված կապը ավելի ամրապնդելու համար։ Ամբողջ աշխարհում, հատկապես այն երկրներում, որտեղ բարձրագույն կրթության ոլորտի որակի ապահովման չափանիշներ կան հաստատված, որտեղ կան զարգացած կրթական ծառայություններ, որտեղ կա ձևավորված աշխատաշուկա գործում է բուհ-աշխատաշուկա կայուն կապը։ Սույն կապի մասին խոսելիս՝ միշտ մտաբերում եմ որակի ցիկլը կամ Դայմինգի ցիկլը։ Սույն ցիկլը բաղկացած հետևյալ տարերից՝ պլանավորում, կատարում, ստուգում բարելավում (PDCA)։ Գործատուն և բուհը պլանավորում են, թե որքան դիմորդ, շրջանավարտ կամ աշխատակից է իրենց հարկավոր։ Միասին մշակում են առարկայական ծրագրեր, իսկ գործատուն ֆինանսավորում է այդ ծրագրերի դասավանդումը բուհում՝ պայմանով, որ վերջում բուհի և աշխատաշուկայի կողմից մշակված չափանիշներին բավարարող անձինք անցնեն աշխատանքի թիրախավորված գործատուների մոտ։ Ինչու համար է անհրաժեշտ սույն ցիկլը, մասնավորապես սույն ցիկլը իրենից ներկայացնում է անդադար մեխանիզմ։ Նախ՝ բուհը և գործատուն պլանավորում են ապագայի կատարվելիք գործողությունները։ Երկրորդը՝ կատարում են առաջին փուլով պլանավորված գործողությունները։ Երրորդը՝ վեր են հանում այն խնդիրները, որոնք առաջացել են գործողությունների կատարման փուլում։ Վերհանված խնդիրները համակարգվում են բարեփոխումների իրագործման համար։ Չորրորդը՝ մշակվում է բարեփոխումների ծրագիրը, ինչը հիմք է հանդիսանում կրկին կրկնել նույն ցիկլը։ Եթե ՏՏ ոլորտին տրված արտոնությունները նպաստում են տնտեսական աճին, ապա հարց է ծագում, արդյո՞ք հնարավոր չէ շարունակել տրամադրել սույն արտոնությունները այնքան ժամանակ, քանի դեռ Հանրապետության ՏՏ ոլորտը ունի զարգացման կարիք և չի սպառվել այդ պոտենցիալը։ Ուստի, առաջարկում ենք հիմնել և զարգացնել բուհ-գործատու կապը և շարունակել տրամադրել արտոնություններ սթարթափ ՏՏ ընկերություններին։