Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 16/09/2019 10:12
Ողբերգական վթար Արարատում. BMW-ն մխրճվել է բեռնատարի մեջ եւ բռնկվել. փրկարարները դուրս են բերել մոխրացած 3 դիերը (ֆոտո) | «ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ»-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԿԱՐԻՆԱ ԻԳՆԱՏՅԱՆԸ | Սևան չհասնող ջուրը՝ Եղեգիս գետի ՀԷԿ-երի համար | Արամ Ա-ի մոր հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին | Արևելյան հեքիաթներ՝ հայկական ոճով․ ինչով է Երևանում հիացել Քուվեյթի շեյխի կինը | Հարսնացուն Հայաստանից. Աբուջայում ապրող միակ հայկական ընտանիքի սիրո պատմությունը.տեսանյութ | Արփինե Հովհաննիսյանը ներքաղաքական զարգացումների եվ դատաիրավական բարեփոխումների մասին | Ինչպես է «Ռոմա»-ի մարզադաշտը «գոռում» Մխիթարյանի ազգանունը (տեսանյութ) |

Արցախ

Հատկապես հիմա, երբ այսքան մոտ ենք Արցախի իսպառ ականազերծմանը, ԱՄՆ-ի կողմից Արցախին տրվող ֆինանսավորման դադարեցումը սխալ ազդանշան է Ալիևի ռեժիմին. Եղիսաբեթ Չուլջյան
Հատկապես հիմա, երբ այսքան մոտ ենք Արցախի իսպառ ականազերծմանը, ԱՄՆ-ի կողմից Արցախին տրվող ֆինանսավորման դադարեցումը սխալ ազդանշան է Ալիևի ռեժիմին. Եղիսաբեթ Չուլջյան
19/08/2019 19:39

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը մտահոգիչ հաղորդագրություններ է ստացել այն մասին, որ ԱՄՆ կառավարությունը մտադիր է երկու ամսում դադարեցնել Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցությունը, որի տրամադրումն ավելի վաղ հաստատվել էր Կոնգրեսի կողմից: Թեմայի շուրջ Tert.am-ը զրուցել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի մամուլի քարտուղար Եղիսաբեթ Չուլջյանի հետ:

- Տիկին Չուլջյան, որոշ մասնագետների կարծիքով՝ Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցության դադարեցումը, ըստ էության, Թրամփի պատասխանն է Հայաստանի կառավարության ու մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմանը՝ մարդասիրական առաքելություն ուղարկել Սիրիայի Արաբական Հանրապետություն:

 

Արդյո՞ք սա այդպես է և կարելի՞ է սա դիտարկել ՀՀ Կառավարությանն ուղղված պատասխան գործողություն:

- Եթե Թրամփի վարչակազմի որոշումը՝ Արցախին օգնության ծրագրի դադարեցումը, որով ներկայում իրականացվում է Արցախում ականազերծման մարդասիրական ծրագիրը, ինչ-որ կերպ պայմանավորված է այդ հանգամանքով (Հայաստանի կողմից խիստ անհրաժեշտ բժշկական օգնության ցուցաբերում Սիրիայի Արաբական Հանրապետությանը և Սիրիայում ողջ մնացած քրիստոնյաներին սպառնացող չպայթած զինամթերքի հեռացում), ապա նրանք պետք է բարձրաձայնեն այդ մասին:

- Նշվում է, որ ԱՄՆ հայկական լոբբին այս առումով ճնշում է բանեցնելու ԱՄՆ Կոնգրեսի վրա: Այս մասով ի՞նչ հաջողություններ եք գրանցել:

- 1998թ.-ից ի վեր Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը առաջամարտիկի դերում է՝ Արցախին ամերիկյան օգնություն ցուցաբերելու հարցերում ընդհանրապես և Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ մնացող և այդ երկրի բռնապետ Իլհամ Ալիևի հրադադարի ռեժիմի խախտումների մշտական թիրախում գտնվող Արցախի ժողովրդի համար այդքան կենսական ականազերծման աշխատանքներում՝ մասնավորապես:

Այս առումով՝ HALO Trust կազմակերպության ջանքերն անհամար կյանքեր են փրկել մի տարածքում, որտեղ մեկ շնչի հաշվով ականներից առաջացած մահվան դեպքերի և ֆիզիկական վնասվածքների ցուցանիշն աշխարհում ամենաբարձրերից է:

ԱՄՆ-ի ֆինանսավորման դադարեցումը հիմա, երբ այսքան մոտ ենք Արցախի իսպառ ականազերծմանը հասնելուն, սխալ ազդանշան է Ալիևի ռեժիմին, որը շարունակում է մերժել տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ողջամիտ առաջարկները, այդ թվում՝ դիպուկահարների հեռացումը, ԵԱՀԿ լրացուցիչ դիտորդների ներկայությունը և հրազենային կրակի հայտնաբերման համակարգերի տեղակայումը:

 

Ակնհայտ է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի անդամները, այդ թվում՝ նախագահի ավելի քան կես տասնյակ թեկնածուներ (Արցախին տրամադրվող օգնությունը պաշտպանող 22 սենատոր և Ներկայացուցիչների պալատի 89 անդամ՝ սենատոր Մենենդեսի և ներկայացուցիչներ Շերմանի և Կոքսի գլխավորությամբ գրված իրենց նամակում) հայտնել են իրենց համաձայնությունը։ Սա, իհարկե, գալիս է լրացնելու 2020թ. ֆինանսական տարվա արտաքին օժանդակության օրինագծի շրջանակում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից հունիսին ընդունված Կոքսի բարեփոխումների ծրագիրը՝ հատկացնելով 1,5 մլն դոլար Արցախում ականազերծման և վերականգնողական աշխատանքները շարունակելուն: Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը աշխատանքներ է տանում նման ձևակերպումները սենատի օրակարգ մտցնելու ուղղությամբ:

- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը «Գործընկերների կարողությունների ամրապնդում» ծրագրի շրջանակում 100 մլն դոլար է հատկացնելու Ադրբեջանին և 7 մլն դոլար՝ Հայաստանին։ Համեմատության համար՝ 2018 թ. ֆինանսական տարում Ադրբեջանը ստացել է 58.6 մլն դոլար, իսկ Հայաստանին տրամադրված օժանդակությունը կազմել է 4.2 մլն դոլար: Տարեցտարի Հայաստանին տրվող աջակցությունը նվազում է: Ի՞նչն է պատճառը:

- Մեկ բառով՝ Ադրբեջան: Շատ առումներով, ինչպես Վրաստանի և Ուկրաինայի պարագայում է, Ադրբեջանի ներկայի ղեկավարությունը, կարծես, միջազգային աջակցություն և ֆինանսավորում է փնտրում աշխարհաքաղաքական կողմնորոշումների միջոցով, որոնք կարող են հանգեցնել կարճաժամկետ օգուտների, ինչպիսին Թրամփի վարչակազմի կողմից Իրանի գործոնով տրամադրվող օգնությունն է և մնացած քաղաքական ողջ թատրոնը: Սակայն շատ հավանական է, որ դա հանգեցնի նաև երկարաժամկետ ֆինանսական ծախսերի՝ խորը և տևական հետևանքներով:  

Նշված միջոցները, որոնք հիմնականում ստացվում են Պենտագոնի՝ 2017 թվականին հիմնված «Գործընկերների կարողությունների ստեղծում» հիմնադրամից, ուղղված են հակաահաբեկչական գործողությունների աջակցմանը, զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի գործողություններին, ինչպես նաև ծովային և սահմանապահ գործողություններին, հատկապես՝ Կասպից ծովում:

- Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևն արգելում է Ադրբեջանին տրամադրել ռազմական աջակցություն՝ բացառությամբ սահմանված դեպքերի: Այս պարագայում ինչպե՞ս է հաջողվում ադրբեջանական լոբբիստական կազմակերպություններին գտնել շրջանցման ուղիներ:

- Կոնգրեսի կողմից ընդունված Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևով ԱՄՆ-ին արգելվում է ցուցաբերել այնպիսի օգնություն, որը կխաթարի կամ կխոչընդոտի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների շարունակական ջանքերը կամ որը կարող է օգտագործվել Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շարունակում է հսկողության տակ պահել ԱՄՆ-ի գործողությունները՝ համոզվելու համար, որ դրանք իրականացվում են այս բանաձևին համապատասխան: