Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 14/10/2019 06:22
Հայաստանի առաջին կին անտառապետը | Ահա թե ինչ է փոխվել Հայաստանում. Նիկոլ Փաշինյանը հիացած է, լուսանկարներ է հրապարակել | Քիմ Քարդաշյանի քույրը պարում է Նիկոլ Փաշինյանի «Դուխով» երգի տակ, տեսանյութ | Հայկական արտադրության պաղպաղակները դուր է եկել փոքրիկ Քարդաշյաններին | ՄԱՐԻԱՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԼՈՒՔԸ | Ջոնսոնը կոչ է արել էրդողանին դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում | «Ալավերդցի Վահագի» գործով նիստին կրքերը բորբոքվեցին իրավապաշտպանը սպառնում էր սպանվածի կնոջը | Բալիի հյուրանոցներից մեկում դելֆիններին պահել են սարսափելի պայմաններում, նրանցից մեկը կուրացել է (տեսանյութ) |

Տնտեսություն

 ԻՆՉՈ՞Ւ Է ԱՐԺԵՒՈՐՎՈՒՄ ԴՐԱՄԸ, ԵՒ Ի՞ՆՉ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐ ԴԱ ԿԱՐՈՂ Է ՈՒՆԵՆԱԼ
ԻՆՉՈ՞Ւ Է ԱՐԺԵՒՈՐՎՈՒՄ ԴՐԱՄԸ, ԵՒ Ի՞ՆՉ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐ ԴԱ ԿԱՐՈՂ Է ՈՒՆԵՆԱԼ
11/07/2019 23:33

Վերջին ամիսների ընթացքում նկատվում է դրամի աստիճանական արժևորում, որն էական ազդեցություն կարող է ունենալ երկրի դոլարացված տնտեսության վրա: Անշուշտ, մասնագետների, քաղաքական գործիչների, գործարարների և պարզապես մեր քաղաքացիների համար հետաքրքիր է՝ ինչո՞վ է պայմանավորված դոլարի նկատմամբ դրամի` մոտ 3 տոկոսով կամ 12 դրամով արժևորումը:

 

Դրամի արժևորման պատճառները մի քանիսն են՝

    1. ՀՀ կառավարությունը ինչպես 2018 թվականին, այնպես էլ 2019 թվականի առաջին կիսամյակում ձախողել կամ թերակատարել է իր հարկաբյուջետային քաղաքականությունը: Մասնավորապես, 2018 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվության համաձայն, շուրջ 80 մլրդ ՀՀ դրամով քիչ կապիտալ ծախսեր են իրականացվել կոռուպցիոն ռիսկերի, կառավարման և անարդյունավետության հետևանքով: Նույն տենդենցը շարունակվում է նաև 2019 թվականին. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ կառավարությունը 25-30 տոկոսի հասնող պրոֆիցիտ է գրանցում, այսինքն՝ ավելի շատ տնտեսությունից հավաքում է, քան ծախսում: Արդյունքում՝ դրամի քանակությունը ՀՀ կառավարության անարդյունավետ բաշխման հետևանքով կրճատվում է, ինչը նպաստում է դրամի ուղղակի արժևորմանը: Պատահական չէ նաև, որ նոր իշխանությունները որոշել են վերանայել զինվորականների և ուսուցիչների աշխատավարձերի, կենսաթոշակների չափը, ինչը ողջունելի է: Այնուհանդերձ, ձախողելով կապիտալ շինարարության ծրագրերի իրականացումը, փորձում են ավելացնել ընթացիկ ծախսերը, ինչը չի պահանջում պետական ռեսուրսների կառավարման մեծ ջանքեր:

    2. Ամռան ամիսներին նկատվում է արտարժույթի ներհոսք, ինչը պայմանավորված է գյուղմթերքի և վերամշակված գյուղմթերքի արտահանմամբ, ինչպես նաև տուրիստական հոսքերով, որոնք նպաստում են մեր տնտեսության մեջ դոլարի քանակության աճին: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ապրիլ և մայիս ամիսներին ունենք արտահանման երկնիշ աճի տեմպ, սակայն այդ աճը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մեր ազգաբնակչության զգալի մասը չի զգում:

    3. Եթե նախորդ տարիներին գրանցվում էր գյուղմթերքի մեծածավալ վերարտահանում, ապա այս տարի զգալի ավելացել են ԱՄՆ-ից, Ճապոնիայից, ԵՄ-ից օգտագործված ավտոմեքենաների և դրանց մասերի վերարտահանման ծավալները, ինչը Հայաստանի տնտեսության համար ապահովում է լրացուցիչ արտարժութային հոսքեր:
Դրամի արժևորումը առաջին հերթին հարվածում է մեր արտահանողներին: Հայկական ապրանքների և ծառայությունների գները պարտադրված բարձրանում են արտահանման շուկաներում, ինչի արդյունքում մեր ապրանքները կորցնում են իրենց մրցունակությունը: Օրինակ՝ եթե մեկ շիշ գինին 3 դոլար էր արտահանման շուկայում, ապա այլ հավասար պայմաններում գինու գինը բարձրացել է մոտ 3 տոկոսով կամ 10 ցենտով: Դոլարի արժևորման պայմաններում էլ ավելի ձեռնտու է ամառային հանգիստը կազմակերպել արտերկրում, արդյունքում՝ տուժում է ներգնա տուրիզմը:

Եվս մեկ հատկանշական փաստ` արժևորվող դրամի պայմաններում հայկական շուկայում պետք է նվազեին ներկրվող ապրանքների գները: Առանձին ապրանքների դեպքում տեղի է ունեցել ճիշտ հակառակը, օրինակ՝ բենզինի և դիզելային վառելիքի, կարագի, հավի մսի գները վերջին ամիսների ընթացքում բարձրացան: Սա վկայում է, որ մեր տնտեսության` մենաշնորհ և գերիշխող դիրք ունեցող ընկերությունները պահպանում են իրենց ազդեցությունը շուկայի վրա և թելադրում են գները: Որքան էլ հայտարարվում է, թե չկան մուտքի արգելքներ, նոր տնտեսվարողներ շուկայում չկան, կամ նորերն էլ հների հետ համաձայնեցված գնային քաղաքականությունն են վարում: Մենաշնորհների դեմ պայքարը չի ավարտվել, ավելին, դրանց ազդեցությունն անտեսելով, ավելի մեծ վնաս ենք հասցնելու մեր տնտեսության ներառական աճին: Արդյունքում՝ մենաշնորհների գործունեության հետևանքով առաջացած վնասը դարձյալ վճարելու է հայ սպառողը:
Նախորդ ժամանակաշրջանի դիտումների հիման կարելի է կանխատեսել, որ աշնանը դրամի վրա արժեզրկման գործոնները (արտահանման աճի տեմպի դանդաղում, ներդրումների նվազում, կապիտալ շինարարության ծրագրերի հետաձգում և այլն)  կավելանան: Եթե չլինեն տնտեսական և քաղաքական ֆորս մաժորներ, ապա Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության արդյունքում դրամը դարձյալ կվերադառնա վերջին տարիների փոխարժեքին:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու 
Սուրեն Պարսյան