Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 20/09/2019 20:10
Դուք վնգստացող դատավորների՞ց եք. Քոչարյանի պաշտպանները պահանջեցին դատավորի ինքնաբացարկը | Սպաները եղել են հարբած վիճակում, իմ օգնականը պաշտպանվել է. Մարզպետը՝ Եղեգնաձորի միջադեպի մասին | Քոչարյանը կմնա կալանքի տակ. գրավի միջնորդությունը մերժվեց (Տեսանյութ) | 15 երեխա ունեցող Մելքոնյան ամուսինները պարգեւատրվեցին | Դատարանը մերժեց՝Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու միջնորդությունը | Դատարանի բակից մի քաղաքացու բերման ենթարկեցին | Գյումրիից` ուղիղ չվերթով ԱՄՆ. հայտնի են Փաշինյանի ուղեկցորդների անունները | «Պայմանավորվել ենք, որ անորակ աշխատանքը չի ընդունվելու, և բոլոր ընկերությունները, որ զբաղված են ճանապարհաշինությամբ, նախապես պետք է դա իմանան». Փաշինյան |

Քաղաքականություն

Վահե Գրիգորյանը կարող է կաշկանդված լինել իշխանությունների հետ ունեցած մտերիմ հարաբերություններով. Էդմոն Մարուքյան
Վահե Գրիգորյանը կարող է կաշկանդված լինել իշխանությունների հետ ունեցած մտերիմ հարաբերություններով. Էդմոն Մարուքյան
13/06/2019 09:38

Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանըհանդիպումներ է անցկացնում խորհրդարանական ուժերի հետ, որոնք և առաջիկայում Գրիգորյանին պետք է ընտրեն ՍԴ դատավորի պաշտոնում:

Առաջին հանդիպումն այսօր ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ էր:

Ավելի քան մեկ ժամ տևած հանդիպումից հետո խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ իրենք երկու մտահոգություն ունեն։

Նախ, ըստ Մարուքյանի, իրենք Վահե Գրիգորյանի թեկնածության ներկայացման հետ կապված խնդիր են տեսնում. «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը սահմանում են, որ իրավասու մարմինը թեկնածուի մերժումից հետո ներկայացնում է նոր թեկնածու: Այսինքն՝ նույն մարդու թեկնածությունը երկրորդ անգամ ներկայացնել հնարավոր չէ, մինչդեռ Վահե Գրիգորյանի թեկնածությունն արդեն մեկ անգամ՝ անցած տարի նախագահ Արմեն Սարգսյանը ներկայացրել է խորհրդարանին: Թեկնածությունը, սակայն, Հանրապետական մեծամասնության պատգամավորների կողմից մերժվել է։

«Այս մտահոգությունը քննարկվում է հիմա, մենք նաև դրա մասին հրապարակային խոսել ենք։ Բայց, բնականաբար, իրավաբանների մի խումբ պնդում է, որ չէ, կարող է դա այլ կերպ է մեկնաբանվում։ Այսինքն՝ մեկնաբանության հարց է, և, ըստ էության, այստեղ վեճ կա», - ասաց ԼՀԿ ղեկավարը։

«Լուսավոր Հայաստան»-ի մյուս մտահոգությունը վերաբերում է Վահե Գրիգորյանի մտերիմ կապերին գործող իշխանության հետ: Ըստ Մարուքյանի, այդ կապերը կարող են կաշկանդել Գրիգորյանին․ - «Մենք ասել ենք և կարծում ենք, որ իշխանության հետ մտերիմ հարաբերություններ ունեցող թեկնածու է ներկայացվել, որի մասին թե՛ Արարատ Միրզոյանն է արտահայտվել, թե՛ մյուս բոլոր՝ նաև «Իմ քայլ»-ը խմբակցության ներկայացուցիչները։ Դրա համար մենք կքննարկենք, եթե մեր մտահոգությունները փարատված լինեն, դրա մասին կխոսենք։ Մտահոգությունները հիմա քննարկվում են, խմբակցության նիստով կորոշվի կողմ, թե դեմ կքվեարկենք», - ասաց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։

Հարցին, թե ի՞նչը կարող է խանգարել, եթե նա լինի Սահմանադրական դատարանի անդամ, թեկուզ, եթե նա ունի ընկերական հարաբերություններ իշխանությունների հետ՝ հաշվի առնելով, որ ճանաչում են նրան, նրա մասնագիտական որակները, Մարուքյանը պատասխանեց. - «Կաշկանդված լինելը՝ կոնկրետ քաղաքական թիմի հետ ունեցած գաղափարական, մտերիմ հարաբերություններով»։​

Հանդիպումից հետո Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու Վահե Գրիգորյանը դժվարացավ ասել՝ «Լուսավոր Հայաստան»-ը կողմ կքվեարկի՞ իր թեկնածությանը, թե՞ ոչ:

Ամեն դեպքում այն մտահոգությունները, որոնք հնչեցնում է ընդդիմադիր խմբակցությունը, ըստ Գրիգորյանի, առաջիկայում կքննարկվեն խորհրդարանում:

Հարցին, թե իր համար ընդունելի՞ է այն քննադատությունը, թե իշխանական խմբակցությունն ամեն ինչ արեց, որպեսզի մերժվեն իրենց համար ոչ ցանկալի թեկնածուները, այնինչ Սահմանադրական դատարանի անդամը պետք է լինի անկողմնակալ իրավաբան, Վահե Գրիգորյանը պատասխանեց. - «Անկողմնակալ իրավաբանի վերաբերյալ ես թերևս ավելի ընդարձակ մեկնաբանություններ պետք է տամ: Եկեք ես դա հիմա չանեմ, վստահաբար դա կլինի, և ես կարծում եմ, որ էդ կապակցությամբ Ազգային ժողովում հարցեր հնչելու են, այդ թվում՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների կողմից»։

Թե ինչ փոփոխությունների կարիք է տեսնում Սահմանադրական դատարանի գործունեության մեջ՝ Գրիգորյանն այսօր մանրամասն ներկայացրել է ընդդիմադիր պատգամավորներին:

Ի պատասխան մեր հարցին՝ պատրա՞ստ է աշխատել Սահմանադրական դատարանի գործող նախագահ Հրայր Թովմասյանի հետ Գրիգորյանն ասաց, թե պարտավոր է:

Վահե Գրիգորյանը համարում է, որ Սահմանադրական դատարանն արմատապես փոխելու հնարավորություն կա․ - «Վստահաբար այդ հնարավորությունը կա: Դատարանը միշտ մարդիկ են, որ էնտեղ աշխատում են, և ոչ միայն դատական կազմի անդամները, այլև հենց աշխատակազմը, աշխատակազմի որակը: Եվ ես վստահ եմ, որ այս դատարանը ունի պոտենցիալ փոփոխություններ կատարելու:

Ի դեպ, Վահե Գրիգորյանը, անդրադառնալով Քոչարյանի գործով առաջին ատյանի դատարանի դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը երկարաձգելու Սահմանադրական դատարանի որոշմանը, շեշտեց, թե Քոչարյանի գործի շուրջ անառողջ գործընթացներ են տեղի ունենում․ - «Ես դեռ չեմ ստացել որոշումը: Որոշումը ստանալուց հետո դրա վերաբերյալ մեկնաբանություններ կանեմ: Բայց որ կոնկրետ էս գործի շրջանակներում շատ անառողջ գործընթացներ են տեղի ունենում, ակնհայտ է նույնիսկ ոչ մասնագետի համար: Չեմ կարող հիմա բացել փակագծերը, հիմա քննություն է տեղի ունենում վերաքննիչ բողոքի: Բողոքի քննությունից հետո ես իմ մեկնաբանություններով հանդես կգամ»:

Հավելենք, որ վաղը Վահե Գրիգորյանը կհանդիպի իշխանական «Իմ քայլը» խմբակցության հետ: