Երևան 26/06/2019 09:47
«Ժամանակ». Նոր փոփոխություն. Վարորդական իրավունք ստացողը պետք է բժշկական հավատարմագրում անցնի | «Հրապարակ». Ի՞նչ են պատրաստվում կառուցել «կուկուռուզնիկի» փոխարեն. քննարկումները՝ Մեսչյանի գրասենյակում | «Ժողովուրդ». Ինչու Հովհաննես Իգիթյանը չմասնակցեց ՌԴ-ի հարցով քվեարկությանը | «Ժողովուրդ». Նոր մանրամասներ վեթինգից. Հայտնի են ժամկետներն ու մեխանիզմները | «Փաստ». Նախկին շեֆին տեսնելու հնարավորություն՝ քեֆերի ժամանակ. Սերժ Սարգսյանն առանձնակի ջերմություն ցույց չի տալիս | «Ժամանակ». Վրաստանը մտադիր է «Զվարթնոցից» մինչեւ Թբիլիսի անվճար ավտոբուսային երթուղի գործարկել | «Հրապարակ». Ուշագրավ տրանսֆորմացիա. ցույց ցրողից՝ ցուցարար. Ռոբերտ Մելքոնյանը՝ ՎԵՏՕ-ի անդամ | «Ժողովուրդ». Տիգրան Ավինյանը կառավարություն է կանչել ՔԿ ծառայության պետին. պաշտոնանկություն կլինի՞ |

Հայաստան

Կարեն Կարապետյանի որդին Մաշտոցի պուրակի անցումում առևտրի կենտրոն է կառուցում
Կարեն Կարապետյանի որդին Մաշտոցի պուրակի անցումում առևտրի կենտրոն է կառուցում
12/06/2019 07:23

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի որդին՝ Վահե Կարապետյանը, Մաշտոցի պուրակին կից գետնանցումում առևտրի կենտրոն է կառուցում:

Նրան պատկանող «Անցումմեկ» ընկերությունն այս պահին գետնանցման տարածքում շինարարություն է անում: Վահե Կարապետյանը այս ընկերության բաժնեմասերը գնել է չորս ամիս առաջ Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանի որդուց՝ Ռուբեն Հարությունյանից:

Հարությունյանն էլ իր հերթին ընկերության բաժնետոմսերը գնել էր այս տարվա հունվարին՝ ընկերության հիմնադիր Կարեն Հովսեփյանից և դրանից 20 օր անց՝ բաժնետոմսերը վաճառել Վահե Կարապետյանին:

 

 

Վահե Կարապետյանը ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին է, ում հովանավորությամբ վերանորոգվել է օրեր առաջ վերաբացված այգին Սարյան-Մաշտոցի պողոտա հատվածում: Գետնանցումը դրան կից է:

Այգու բացմանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը այգին բարեկարգած «Տաշիր» ընկերության ներկայացուցիչներին ասել է. «Բավականին մեծ աշխատանքներ ունենք ստորգետնյա անցման, ինչպես նաև այգու վերին հատվածի հետ կապված»:

«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը քաղաքապետին վստահեցրել է, որ չեն կարող այգու հարակից ստորգետնյա անցումը թողնել այս վիճակում:

«Պետք է այդ խնդիրն էլ լուծենք: Այսինքն՝ այգին թելադրեց, որ շարունակենք ներդրումային ծրագիրը: Կփորձենք հետաքրքիր լուծումներ գտնել, որ այստեղ հանգստացող քաղաքացիները ձմռան ամիսներին իրենց ժամանակն անցկացնեն ստորգետնյա անցման տարածքում»,- ասել է Նարեկ Կարապետյանը: Նշենք, որ վերջինս Վահե Կարապետյանի եղբայրն է:

 

 

Երևանի քաղաքապետարանի փոխանցմամբ՝ ստորգետնյա անցումի այս տարածքը «Անցումմեկ» ընկերությանը վաճառվել է նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի 2011 թվականի հոկտեմբերի 5-ի որոշմամբ: Մասնավորապես, ընկերությանը վաճառվել է համայնքային սեփականություն հանդիսացող 2053 քմ մակերեսով շինություն և 2053 քմ մակերեսով հողամաս: Գույքի համար ընկերությունը վճարել է 349 միլիոն դրամ:

Ըստ քաղաքապետարանի՝ «Անցումմեկ» ընկերությունն այս տարածքը ձեռք է բերել 2011 թվականի սեպտեմբերին կայացած մրցույթով:

Ընկերությունը գետնանցումի այս տարածքը գնել է հիմնադրումից մեկ ամիս անց: Ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների՝ «Անցումմեկ»_ը հիմնադրվել է 2011 թվականի օգոստոսին՝ Կարեն Հովսեփյանի կողմից, և դրանից մեկ ամիս անց մասնակցել անցումի տարածքի օտարման մրցույթին և հաղթող ճանաչվել: 

 

 

Կառավարության հրապարակած փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվեց, որ ընկերությունը պարտավոր էր պայմանագրի ուժի մեջ մտնելուց (2011 թվական) երկու տարվա ընթացքում կատարել 457 միլիոն դրամի ներդրում, իսկ դրա ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո վերանորոգել և պահպանել ստորգետնյա անցումի ընդհանուր տարածքը, կազմակերպել օդափոխությունը, մաքրությունը, աղբահանությունը, կառուցել հասարակական զուգարան, կոյուղի և ջրագծեր: Սակայն ինչպես երևում է գետնանցումով անցնելիս, այդ աշխատանքները մեծ մասամբ չեն կատարվել:

Քաղաքապետը նախորդ տարվա մայիսին որոշել է փոփոխություն կատարել այս պայմանագրում և ներդրման համար նախատեսված երկու տարի ժամկետը փոփոխել մինչև 2020 թվականը:

Այս հատվածում ևս մեկ տարածք է վարձակալությամբ տրամադրված: Ըստ քաղաքապետարանի՝ «Կենտրոն» թաղային համայնքի ղեկավարը 2005թ.-ին որոշել է «Արտյոմ-91» ՍՊԸ-ին գետնանցումի տարածքում մինչ 2025թ.-ի դեկտեմբեր վարձակալությամբ տարածք հատկացնել, ինչի համար ընկերությունը ամսական վճարում է 153 հազար դրամ:

Գլխավոր լուսանկարը այգու բացման միջոցառումից. ձախից՝ Նարեկ Կարապետյան, Հայկ Մարության և Տիգրան Ավինյան