Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 13/12/2019 03:52
«Սամսոնն եք հա՞, Սամսոն եք հա՞ ձեզ զգում». Արման Աբովյանը՝ Համազասպ Դանիելյանին | Կառավարության՝ «Գյումրու տուն-ինտերնատը» լուծարելու որոշումը լարվածություն է առաջացրել աշխատակիցների և շահառուների շրջանում. աշխատակիցները չգիտեն՝ կմնան, թե կազատվեն աշխատանքից | Փոխնախարար է նշանակվում «ֆեյսբուքում» հայհոյողը, դատարանները շրջափակվում են, անպատիժ է մնում Արցախի նախագահին սպառնացողը. ահա, թե ինչու է պետական համակարգը դիմադրում «հեղափոխությանը». Ս. Դանիելյան | Առողջապահության նախարարությունը Արտյոմ Սմբատյանի ապօրինի պաշտոնավարման մեղքը բարդում է վարչապետի վրա. «Փաստինֆո» | Ուկրաինայի առաջին տիկինը տեսանյութ է ձայնագրել ժեստերի լեզվով | Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և այդ դիմադրությունը ես ջարդելու եմ. Փաշինյան | Քարոզարշավի ժամանակ խոստացել էին, որ Երևանում այլևս կացարաններ չեն լինելու, հիմա 15 ընտանիք կացարանում է՝ անմարդկային պայմաններում. Շիրակի 88/1 հասցեի բնակիչները բողոքի ակցիա անցկացրին (տեսանյութ) | Իգիթյանը «վառե՞ց» Նիկոլ Փաշինյանին |

Հարցազրույցներ

«ԵՊՀ պատմության 100-ամյա ֆակուլտետը զարգացման մեծ հեռանկարներ ունի». Էդիկ Մինասյան
«ԵՊՀ պատմության 100-ամյա ֆակուլտետը զարգացման մեծ հեռանկարներ ունի». Էդիկ Մինասյան
03/06/2019 16:41

Երևանի պետական համալսարանը այս տարի նշում է իր հիմնադրման 100-ամյակը։ Պատմության ֆակուլտետը համալսարանի հիմնադիր ֆակուլտետներից է։ Աբովյան 52 հասցեում՝ «սև շենքում» տեղակայված այդ ֆակուլտետը ևս տոնում է իր ծննդյան հարյուրամյակը։Այդ առիթով համալսարանի, հիմնադրման, պատմության ու անցած ճանապարհի մասին www.debate.am-ի զրուցակիցը ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանն է։


-Պարոն Մինասյան, այս տարի տոնում ենք Մայր ԲՈւՀ-ի հիմնադրման 100-ամյակը, ինչի՞ց և ինչպե՞ս սկսվեց համալսարանի ճանապարհը

-Համալսարանը հիմնադրվել է Հայաստանի առաջին հանրապետության օրոք՝ Նախարարների խորհրդի 1919 թ. մայիսի 16-ի որոշմամբ։ Սակայն բացումը տեղի է ունեցել 1920 թ. հունվարին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)՝ Առևտրի ուսումնարանի շենքում։ Բացման արարողությանը ներկա էին Հայաստանի կառավարության ներկայացուցիչներ, մեր երկրում Անգլիայի, Ֆրանսիայի դեսպանությունների ներկայացուցիչներ, զինվորականներ։ Առաջին տարում համալսարանն ունեցել է 262 ուսանող և 32 դասախոս։ Դասերը ընթացել են մեկ կիսամյակ և անցկացվել են երեկոյան։


-
Համալսարանն ինչո՞ ւ տեղափոխվեց Երևան։

-Երբ ծանոթանում ենք առաջին հիմնադիր պատմալեզվագրական ֆակուլտետի կամ գիտխորհրդի արձանագրություններին, տեսնում ենք, որ դժգոհություն է եղել տեղի պայմանների, դասախոսների և հաճախումների հետ կապված։ Դրա պատճառով առաջարկվել է համալսարանը տեղափոխել Երևան։ Գյումրիից  Երևան տեղափոխվելուց հետո համալսարանը  գործեց հենց այս՝ «սև շենքում»: Իսկ 1919 թ. հնարավոր չէր բացել համալսարանը Երևանում, քանի որ այս շենքի մի հատվածում զինվորական հոսպիտալ էր։ 1920 թ. սեպտեմբերի 23-ին սկսված հայ-թուրքական պատերազմի պատճառով իրավիճակն ավելի բարդացավ, ուստի անընդհատ ձգձգվում էր համալսարանը Երևան տեղափոխելու գործը։ Իսկ դրանից հետո երևանյան համաձայնագրով Հայաստանը խորհրդայնացվեց։ Դրան հետևեց հանրապետության լուսժողկոմ Աշոտ Հովհաննիսյանի դեկտեմբերի 17-ի հրամանը՝ համալսարանի վերաբացման մասին։ Որոշվեց նոր հիմքով համալսարան ստեղծել, նախկին համալսարանի հիմքի վրա։


-
Ինչպե՞ս ձևավորվեց պատմության ֆակուլտետը։

-Պատմության ֆակուլտետը հիմնադրվել է 1919 թ. մայիսի 16-ին։ Այսինքն՝ համալսարանի հիմնադիր ֆակուլտետներից է։ Այն սկսեց գործել 1921 թ. հունվարին «սև շենքում»: Այդ ժամանակ դեկան ընտրվեց Հակոբ Մանանդյանը։ Սփյուռքից մի շարք գիտնականներ թողեցին իրենց բարեկեցիկ կյանքը և եկան հայրենիք՝ սերունդը կրթելու և պետականությունը կերտելու։ Երբ Նանսենը գալիս է Հայաստան, նրան զարմացնում է տեղի մտավորականությունը։ Եվ ասել է, որ «նման մտավորականություն ունեցող համալսարանը պետք է դասվի եվրոպական լավագույն համալսարանների շարքին»: Այդ ժամանակի մտավորականներից էին Հակոբ Մանանդյանը, Աշխարհաբեկ Քալանթարը, Վահան Ռշտունին, Ստեփան Ներսիսյանը, Կարո Մելիք-Օհանջանյանը, Հրաչյա Աճառյանը, Մանուկ Աբեղյանը։ Այսինքն՝ մարդիկ,  ովքեր հիմնադրեցին համալսարանը և առաջին՝ պատմալեզվագրական ֆակուլտետը։


-
Ե՞րբ բացվեցին համալսարանում հեռակա բաժինները։

-1950-ական թթ. բացվեցին երեկոյան և հեռակա բաժինները։



-Ովքե՞ր են դասավանդել ֆակուլտետում։

-Ժամանակին ֆակուլտետում դասավանդել են ճանաչված պատմաբաններ պրոֆեսորներ Լ. Խուրշուդյանը, Հ. Սիմոնյանը, Բ. Հարությունյանը, Վ. Դիլոյանը և այլ հայտնի դեմքեր։ Ներկայում ևս դասավանդում են նշանավոր գիտնականներ, ովքեր ըստ էության շարունակում են այն մտավորականների գործը, ովքեր կրթել են բազում սերունդների։ Ֆակուլտետը տվել է ութից ավելի պատմաբան-ռեկտորներ։ ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը նույնպես պատմության ֆակուլտետի շրջանավարտ է։ Պատմության ֆակուլտետը տարբեր ժամանակներում հասարակությանը տվել է նշանավոր գործիչներ (Կենտկոմի քարտուղարներ' Սուրեն Թովմասյան և Սիրեկան Պողոսյան, արտաքին գործերի նախարար Անատոլի Մկրտչյան)։ Ֆակուլտետի սաներից են ԿԳ նախկին նախարար Լևոն Մկրտչյանը, ԼՂՀ-ի Գերագույն խորհրդի նախագահ լուսահոգի Արթուր Մկրտչյանը: Արցախյան ազատամարտին բազմաթիվ համալսարանականների շարքերում մասնակցեցին  նաև շատ պատմաբաններ, ավա՜ղ, նրանցից ոմանք զոհվեցին: ֆակուլտետում նրանց հիշատակը վառ ենք պահում. նրանց անուններով լսարաններ ունենք։



-
Ինչպիսի՞ն է ֆակուլտետն այսօր։

-Պատմության ֆակուլտետը այսօր ևս հայրենասիրության և ազգասիրության լավագույն օրինակ է։ Այն ունի յոթ ամբիոն՝ Հայոց պատմության, Հայաստանի հարակից երկրների պատմության, Համաշխարհային պատմության,  Հնագիտության և ազգագրության,  Հայ արվեստի պատմության և տեսության, Մշակութաբանության, Սփյուռքագիտության: Ֆակուլտետն ունի նաև երկու գիտահետազոտական լաբորատորիա (հնագիտության ու ազգագրության և քարտեզագրության), որոնք ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի կազմում են, բայց սպասարկում են նաև ֆակուլտետին։ Ֆակուլտետը ունի ընթերցասրահ, որը կոչվում է Նիկողայոս Մառի անունով։ Այստեղ է պահվում ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանի գրադարանը՝ նրա գրքերի  հավաքածուն։ Ֆակուլտետը հրատարակում է «Պատմություն և մշակույթ» խորագիրը կրող գիտական հանդես։ 


-
Հիմնադրման օրվանից մինչ օրս քանի՞ շրջանավարտ է տվել ֆակուլտետը և ներկայում քանի՞ ուսանող ունի։

-Ֆակուլտետը մինչ օրս տվել է ավելի քան 7000 շրջանավարտ,  որոնք աշխատում են մանկավարժության, գիտության, պետական, հասարակական  և այլ բնագավառներում։ Ֆակուլտետում այսօր սովորում  է 1300-ից ավելի ուսանող։ Պատմության ֆակուլտետը ակտիվորեն մասնակցում է գրեթե բոլոր միջոցառումներին։ Այն զարգացման մեծ հեռանկարներ ունի։

 

Նաիրա Կարապետյան